Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը՝ ուսուցչի տոնի առթիվ

հոկտեմբեր 05, 2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը՝ ուսուցչի տոնի առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Անգնահատելի է ձեր դերը ոչ միայն գիտելիքների փոխանցման, այլև սերունդների դաստիարակության գործում: Ձեզնից ու ձեր աշխատանքից է մեծապես կախված, թե ինչ արժեհամակարգ կունենա վաղվա մեր հասարակությունը: Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է, որն անսահման նվիրում է պահանջում, ու հենց այդ նվիրումն է, որ ուսուցչի մասնագիտությունը վերածում է կոչման:
Այսօր մենք գտնվում ենք բարեփոխումների կարևոր փուլում: Կրթությունն այն ոլորտն է, որի զարգացումը թե՛ մեր սերունդներին, թե՛ մեր երկիրը դարձնելու է ավելի մրցունակ, ժամանակակից և աշխարհին ավելի բաց: Կրթության բարձր որակի ապահովումը ներկայումս ավելի, քան երբևէ առաջնային է մեզ համար: Եվ դա այն մարտահրավերն է, որը մենք կարող ենք հաղթահարել միայն միասին՝ ձեզ հետ համատեղ:
Կրկին շնորհավորում եմ ձեզ ու մաղթում առողջություն, աշխատանքային բազում հաջողություններ: