Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ Սարգսյանը հյուրընկալվել էր ԱԳՆ դիվանագիտական դպրոցում

դեկտեմբեր 26, 2013
Վարչապետ Սարգսյանը հյուրընկալվել էր ԱԳՆ դիվանագիտական դպրոցում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «Հայաստանի ինտեգրումը եվրասիական տարածքում» թեմայով դասախոսությամբ այսօր եզրափակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի 2013 թ. դասընթացը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Կառավարության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանն առնչվող հարցերին, մանրամասներ ներկայացրել ՀՀ կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների, ինչպես նաև հետագա քայլերի ու զարգացումների վերաբերյալ:
Դասախոսության ավարտից հետո Տիգրան Սարգսյանը պատասխանել է ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես մեր երկրի արտաքին քաղաքականության ուղղություններին, ՄՄ-ին ՀՀ անդամակցության և Եվրասիական տնտեսական տարածքում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին, այնպես էլ ներքին քաղաքականության առաջնահերթություններին՝ տարածքային համաչափ զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին և այլն:
ՀՀ արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ընձեռված հնարավորության համար, ինչը թույլ տվեց դասախոսության ու հարցուպատասխանի միջոցով ապագա դիվանագետներին հանգամանալից ներկայացնել մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականության ուղղություններն ու հեռանկարները:

***

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հիմնվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2009թ. սեպտեմբերին, բացումը տեղի է ունեցել 2010 թ. փետրվարի 15-ին: Դպրոցի առաջնային նպատակներն են ԱԳՆ համակարգի համար դիվանագիտական կադրերի պատրաստումը, դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը և միջազգային հարաբերությունների ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությունը: