Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետը հավաստիացել է, որ Աշտարակի անձնագրային բաժանմունքում կմատուցվեն որակյալ ծառայություններ

հուլիս 22, 2011
Վարչապետը հավաստիացել է, որ Աշտարակի անձնագրային բաժանմունքում կմատուցվեն որակյալ ծառայություններ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունք: Վերանորոգված և նորագույն տեխնիկայով կահավորված բաժանմունքի վերաբացման արարողություներից հետո կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է անձնագրային բաժանմունքով` ծանոթացել վերջինիս պայմաներին, քաղաքացիների սպասարկման հնարավորություներին:
Նորաբաց անձնագրային բաժանմունքում տեղադրվել է անձնագրային ծառայությունների մատուցման համար նախատեսված պետական տուրքերը, վարչական տուգանքները և այլ վճարներն ընդունող էլեկտրոնային վճարային տերմինալ, ինչի շնորհիվ քաղաքացիների սպասարկումը զգալիորեն արագացել է, բաժանմունքը համալրվել է նաև նոր համակարգիչներով` քաղաքացիների սպասարկումն առավել քաղաքակիրթ, արդյունավետ և թափանցիկ իրականացնելու համար:
Նախկինում այստեղ անձնագրավարները գործառույթներն իրականացրել են ըստ իրենց կողմից սպասարկվող տարածքների, իսկ այժմ բաժանմունք դիմած քաղաքացիները սպասարկվելու են ըստ իրենց անհրաժեշտ ծառայությունների` ավելի արագ և առանց ավելորդ քաշքշուկների: Անձնագրային բաժանմունքում աշխատանքները կազմակերպվել են դահլիճի սկզբունքով` ապակեպատ աշխատանքային խցիկներով` քաղաքացիների սպասարկման թափանցիկությունն ապահովելու նպատակով:
Վերոհիշյալ բարեփոխումների արդյունքում զգալիորեն կբարձրանա քաղաքացիների սպասարկման մակարդակը և կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը:
Բաժանմունքի վերանորոգման և տեխնիկական վերազինման նպատակով ներդրվել է 11 մլն դրամ` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
Նշենք, որ ներկայում ընթանում են ԱՎ վարչության Մաշտոցի անձնագային բաժանմունքի նոր մասնաշենքի կապիտալ շինարարության նախապատրաստական աշխատանքները: 2011թ. ընթացքում արտաբյուջետային միջոցների հաշվին նախատեսվում է կապիտալ վերանորոգել Ավանի անձնագրային ծառայությունը: