Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետի մասնակցությամբ ամփոփվել են «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները

փետրվար 20, 2013
Վարչապետի մասնակցությամբ ամփոփվել են «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթն ամփոփող միջոցառմանը:
Մրցույթն անցկացվել է ՀՀ կառավարության 2012թ. գործունեության միջոցառումների ծրագրով, որը ներառվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության գերակա խնդիրների ցանկում:
Մրցույթի հաղթող են ճանաչվել 33 ուսանողներ: Մի խումբ ուսանողների պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ՝ բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ: Կարևորում եմ այն հանգամանքը, որ այս մրցույթն ուսանողների ինքնակազմակերպման դրսևորումներից մեկն է: Այն ֆինանսական միջոցները և պարգևները, որոնք հանձնվել են ձեզ, մի նպատակ ունեն՝ խթանել, որպեսզի դուք ապրեք ակտիվ ուսանողական կյանքով և ստանաք որակյալ կրթություն: Մրցակցությունը գիտելիք ստանալու բնագավառում կարևոր է, քանի որ դրա շնորհիվ է ստեղծվում առողջ մթնոլորտ և ձգտում՝ կատարելագործել ու ավելացնել գիտելիքները»,- ասել է կառավարության ղեկավարը՝ տեղեկացնելով, որ մրցույթը կդառնա ավանդական:
Մրցույթը կազմակերպվել է երկու փուլով` ներբուհական և միջբուհական/հանրապետական: Այն անցկացվել է չորս ոլորտով՝ գիտահետազոտական աշխատանք/հումանիտար, ստեղծագործական աշխատանք /մշակույթ, արվեստ/, ուսանողական ինքնակառավարում և սպորտ:
Մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
«Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում առաջին տեղ զբաղեցրել է 12, 2-րդ տեղ` 11 և 3-րդ տեղ` 10 ուսանող:
Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառա¬վարման և սպորտի ասպարեզներում, ինչպես նաև նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներում:
Մրցանակաբաշխությունից հետո Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, Բոլոնիայի գործընթացին, կրթության որակի բարձրացմանն ուղղված հետագա քայլերին ու ծրագրերին առնչվող հարցեր: