Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետի մոտ Երևանում ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման հարցեր են քննարկվել

մարտ 22, 2018
Վարչապետի մոտ Երևանում ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման  հարցեր են քննարկվել

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորություններն ու խնդրի լուծմանն ուղղված առաջարկություններ են ներկայացվել:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ քաղաքի տարբեր, հատկապես՝ խիստ ծանրաբեռնված հատվածներում ստորգետնյա կայանատեղիների կառուցման, անցումների վերանորոգման և շահագործման հնարավորությանը, անվճար, բարեգործական երթուղների համար կոնկրետ կայանատեղերի սահմանմանը, հետիոտնի կողմից փողոցների կամայական հատվածները չհատելու նպատակով արգելապատնեշների կառուցման առաջարկություններին: Զեկուցվել է, որ Ճանապարհային ոստիկանության կողմից հետևողական աշխատանքներ են իրականացվում ուսումնական հաստատությունների, հասարակական վայրերի ճանապարհահատվածներում 2-րդ երթևեկելի գոտիներում տրանսպորտային միջոցների կայանման խնդրի լուծման ուղղությամբ. նախատեսվում է այդ նպատակով տարբեր հատվածներում տեղադրել նաև տեսախցիկներ: Երթևեկությունը կարգավորելու նպատակով ՃՈ-ի կողմից քաղաքի առայժմ ծայրամասերում իրականացվում է լուսացույցերի նոր համակարգի պիլոտային ծրագիր, որը նախնական գնահատականներով գործում է արդյունավետ և հնարավոր է առաջիկայում դրանց կիրառումը ընդլայնել:
Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է մանրամասն վերլուծել ներկայացված բոլոր տարբերակներն ու ներկայացնել երթևկության արդյունավետ կառավարմանը և քաղաքի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված վերջնական առաջարկություններ: