Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարները

մայիս 03, 2017
Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարները, այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումներն ու քայլերը:
Նշվել է, որ ԵԱՏՄ շրջանակում անդամ պետությունների ղեկավարների ընդունած հայտարարության հիման վրա արդեն իսկ ստեղծվել է բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքները մայիսի 26-ին ներկայացվելու են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին:
Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում թվայնացման ուղղությամբ առաջնահերթությունների սահմանմանը, թվային զարգացման ռազմավարության իրականացման պատասխանատու կառույցների, ինստիտուտների ձևավորմանը, ԵԱՏՄ թվային օրակարգին, նպատակներին, հիմնական ուղղություններին, մինչև 2025 թվականն ակնկալվող թիրախային ցուցանիշներին և այլն:
Նշվել է, որ համաշխարհային տնտեսությունն այսօր գնում է թվայնացման ճանապարհով և անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ևս ներկայացնի իր «թվային այցեքարտը»: Վարչապետ Կարապետյանը կարևորել է կառավարման սուբյեկտի թվայնացումը բոլոր ոլորտներում և նշել, որ դա լավ խթան է բարձրացնելու կառավարման արդյունավետությունը: «Սա չափազանց անհրաժեշտ է, անկախ ԵԱՏՄ ծրագրից, մենք այս քայլին գնալու էինք: Օրինակ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մենք համայնքի բյուջեն, աղբահանությունը, մյուս ծառայությունները թվայնացնելու դեպքում լուծելու ենք արդյունավետության բարձրացման բազմաթիվ խնդիրներ: Թվայնացումը բերելո՞ւ է լրացուցիչ բիզնեսների, կարողությունների ավելացման, իհարկե՝ այո: Թվայնացմամբ մենք միջոցներ ենք տնտեսելու, հասկանալու ենք, թե որքան համայնքային բյուջեներ են թերհավաքագրվում սխալ պլանավորման պատճառով, որքան դիսբալանս ունենք: Նույնը վերաբերում է մյուս ոլորտներին»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է իմանա թվայանացման իր օրակարգը:
Հաշվի առնելով Հայաստանի թվային զարգացման տեսլականը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվելու է Թվային զարգացմանն աջակցող ազգային կառավարման խորհուրդ: Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է խորհրդի կազմում ձևավորել աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի թվայնացման կառուցվածքն ու հետագա քայլերը: