Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետի մոտ քննարկվել են տեսչական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր

փետրվար 10, 2017
Վարչապետի մոտ քննարկվել են տեսչական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ոչ պարենային ապրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը: Կարևորելով ստուգումների իրականացման գործընթացում բիզնես հանրության շահերը՝ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել միջազգային լավագույն փորձն այս առումով, լրամշակել ստուգաթերթերը և այնուհետև ներկայացնել Խորհրդի քննարկմանը:
Ներկայացվել է «Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է տեսչական մարմնի առավել անկախ կարգավիճակի ապահովում և հաշվետվողականության բարձրացման համար որակի ապահովման համակարգի ներդրում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շրջանառության մեջ դնել առաջարկվող հայեցակարգը, ի մի բերել շահագրգիռ գերատեսչությունների կարծիքներն ու առաջարկությունները և լրամշակված տարբերակը ներկայացնել Խորհրդին:
Նիստում քննարկվել են նաև «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն մի շարք նախարարություններում առկա տեսչությունների լուծարմանը և նոր տեսչական մարմինների ստեղծմանը վերաբերող հարցեր: