Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետն ու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենն այցելել են Արարատի մարզ

մայիս 05, 2011
Վարչապետն ու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենն այցելել են Արարատի մարզ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր եղել է Արարատի մարզում, որտեղ մասնակցել է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան (ՀՄՀ-Հայաստան) ծրագրի շրջանակներում վերականգնված Արմաշի պոմպակայանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:
ՀՄՀ-Հայաստանի ներդրումն այս պոմպակայանում կազմում է 2,892,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, արված աշխատանքները ներառում են բոլոր պոմպերի և 9 շարժիչների, էլեկտրասարքերի և մալուխների փոխարինում, պոմպակայանի շենքի և ջրընդունիչի հիմնովին վերականգնում, ավազորսիչի տեղադրում: Արմաշի պոմպակայանը ոռոգման ջուր է մատակարարում Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքներին` ոռոգելով 1,481 հեկտար հողատարածք չորս խողովակաշարերից:
Այցելության հաջորդ կանգառը Ավշար-Այգևանի պոմպակայանն էր, որտեղ շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Այստեղ ՀՄՀ-Հայաստանը կառուցել է պոմպակայանի հիմնովին նոր շենք: ՀՄՀ-Հայաստանի ներդրումը Ավշար-Այգևանի պոմպակայանի վերականգնման գործում կազմում է 1,383,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այն ոռոգում է 1,300 հեկտար հող Եղեգնավան, Ավշար և Այգևան համայնքներում:
Ծրագրի ավարտին ՀՄԿ ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղակայված 17 պոմպակայաններում համարժեք կլինի 41 միլիոն դոլարի: Արարատի մարզում, որտեղ գտնվում են Արմաշի և Ավշար-Այգևանի պոմպակայանները, ՀՄՀ-Հայաստանի շրջանակներում արված ներդրումը ամենաշոշափելիներից է. այն կազմում է շուրջ 13 միլիոն Ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման և Ջրից դեպի շուկա բաղադրիչների մասով: