Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին

մարտ 17, 2023
Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին

Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի եւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիի հետ:
Հանդիպման սկզբում փոխվարչապետ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՀ պատրաստակամությունը մշտապես աջակցելու ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրերին:
Իվա Պետրովան, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել Հայաստանի կառավարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագայում եւս շարունակական կլինի:
Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին եւ հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին:
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձեւաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները: