Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Տիգրան Սարգսյան. «Անհրաժեշտ է, որ մեր ադրբեջանցի գործընկերները նույնպես ցուցաբերեն քաղաքական կամք»

հունիս 09, 2011
Տիգրան Սարգսյան. «Անհրաժեշտ է, որ մեր ադրբեջանցի գործընկերները նույնպես ցուցաբերեն քաղաքական կամք»

«Մենք հետաքրքրված ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն», - Վիեննայում ընթացող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին նվիրված Համաշխարհային տնտեսական ֆորումի «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում, պատասխանելով ներկաների հարցերին, երեկ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ է հաջողության, և Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը դրա վկայությունն է: Վարչապետ Սարգսյանի խոսքով` հայկական կողմը համաձայն է այն հիմնական դրույթների հետ, որոնք առկա են այդ հայտարարության մեջ, և պատրաստ է քաղաքական կամք դրսևորել ու արագ համաձայնության գալ:
«Մեր տեսանկյունից, դրա համար կան բոլոր օբյեկտիվ նախադրյալները: Անհրաժեշտ է, որ մեր ադրբեջանցի գործընկերները նույնպես ցուցաբերեն քաղաքական կամք և պատրաստ լինեն ստորագրելու համաձայնագիր, որը բազա կհանդիսանա հետագա բանակցությունների համար», - նշել է ՀՀ վարչապետը: