Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Տիգրան Սարգսյան. «Արդյունաբերական ռազմավարության իրականացմամբ էապես կավելացվեն տարբեր ոլորտներում արտահանման ծավալները»

նոյեմբեր 14, 2011
Տիգրան Սարգսյան. «Արդյունաբերական ռազմավարության իրականացմամբ էապես կավելացվեն տարբեր ոլորտներում ար

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 13-ին Սևանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո նիստի մասնակիցներն անդրադարձել են այլ երկրների փորձի հիման վրա Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված հարցերի:
Այնուհետև, վարչապետը ներկայացրել է Հայաստանի արդյունաբերության ռազմավարության մանրամասները, որը մշակվել է Համաշախարհային բանկի հետ: Այն, Տիգրան Սարգսյանի խոսքով, իրենից ներկայացնում է արդյունաբերական քաղաքականություն՝ ուղղված արտահանման ծավալների ավելացմանը: Մասնավորապես, ռազմավարաության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր: «Փորձել ենք բացահայտել մեր երկրի արդյունաբերական ներուժը՝ ըստ ճյուղերի, գնահատել, թե ինչպիսի հումքային, ինտելեկտուալ և ենթակառուցվածքային ռեսուրսներ ունենք»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ առաջին երեք ճյուղերի՝ կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են, որոնք քննարկվել են Հանրապետության Նախագահի գլխավորությամբ՝ մասնավոր հատվածի հետ միասին: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այս ոլորտներում առկա ռազմավարական ծրագրերը ենթադրում են արտահանման ծավալների կտրուկ ավելացում: Մասնավորապես, ծրագրվում է մինչ 2020 թվականը կոնյակի արտահանման ծավալները եռապատկել, իսկ դեղերի արտահանմանը՝ քառապատկել: «Մեր նպատակն է՝ պետություն-մասնավոր համագործակցության ներքո ավելացնել մեր երկրի արդյունաբերական հզորությունները և արտահանումը: Ռազմավարության մեջ հստակ ֆիքսվել է, թե որ մարմինն ինչ աշխատանք պետք է իրականացնի: Սա լուրջ քայլ է, քանի որ Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ունենալու է արդյունաբերական ռազմավարություն՝ ճյուղային գերակայություններով»,- նշել է կառավարության ղեկավարը: