Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Տիգրան Սարգսյան. «Բելառուսի հետ կան շատ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ»

մայիս 19, 2011
Տիգրան Սարգսյան. «Բելառուսի հետ կան շատ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ»

Այսօր Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում բացվել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Այն մեկնարկել է կառավարությունների ղեկավարների արարողակարգային լուսանկարահանմամբ: Նեղ կազմով նիստին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված ձևաչափով հանդիպումը:
Անկախ պետությունների համագործակցության անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում արծարծված կարևորագույն հարցերից էր Ազատ առևտրի գոտու պայմանագրի նախագիծը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի ավարտին լրագրողներին տեղեկացրել է, որ բոլոր երկրների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կառավարությունների տեսակետները, թե ինչ խնդիրներ են առկա, որոնք են ենթակա մասնագիտական մակարդակով քննարկման: Հիմնականում փաստաթուղթն ընդունվել է որպես հիմք, նշվել է, որ դրա գաղափարախոսությունն ընդունելի է բոլոր կառավարությունների համար, բայց տեխնիկական մակարդակով պետք է քննարկվեն մաքսային տուրքերի, մաքսային վճարների սահմանափակումների խնդիրները:
Տիգրան Սարգսյանի խոսքով` որոշում է կայացվել, որ փաստաթուղթը հիմք ընդունելով` փոխվարչապետերի մակարդակով կլինի ևս մեկ հանդիպում, որպեսզի բոլոր խնդիրներին, վիճահարույց հարցերին լուծումներ գտնվեն: «Հայաստանն այս պահի դրությամբ որևէ վիճահարույց հարց չունի այդ փաստաթղթի հետ կապված, և մենք պատրաստ էինք այն ստորագրել նույնիսկ այսօր, բայց քանի որ փաստաթուղթը պետք է ընդունվի կոնսենսուսով, մի խումբ երկրներ առաջարկեցին, որ լրացուցիչ քննարկվի և հաջորդ` հոկտեմբերյան հանդիպմանը, որ տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգում, ստորագրվի վերջնական տեքստով»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Գնահատելով Բելառուս կատարած պաշտոնական այցի արդյունքները` ՀՀ վարչապետը կարևորել է ունեցած հանդիպումները: «Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից մանրակրկիտ քննարկվեցին բոլոր այն խնդիրները, որոնք մեզ հետաքրքրում էին: Մասնավորապես, խոսքը գնում է գյուղտեխնիկայի մասին` ինչպես գյուղտեխնիկայի մատակարարման, այնպես էլ Հայաստանում գործարանի կառուցման, որը կարող է բելառուսական գյուղտեխնիկայի հիմք հանդիսանալ»,- նշել է ՀՀ վարչապետը: Այդ տեսակետից անհրաժեշտ էր իմանալ և՛ Բելառուսի նախագահի, և՛ վարչապետի կարծիքը, թե ինչպիսի քաղաքականություն են իրենք այդ առումով իրականացնում: «Այստեղ հստակ եղավ նրանց քաղաքական դիրքորոշումը, և աշխատանքներն այս առումով շարունակվելու են: Նույնը վերաբերում է նաև ավտոբուսների մատակարարմանը`մեր քաղաքային տնտեսությունն արդիականացնելու տեսակետից: Քանի որ նրանք արտադրում են ժամանակակից ավտոբուսներ, անհրաժեշտություն կար քննարկել որակակական հատկանիշները, գնային առանձնահատկությունները»,- պարզաբանել է Տիգրան Սարգսյանը: Այս առումով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հանդիպումը խոշոր գործարանների տնօրենների հետ հնարավորություն է տվել ավելի հստակ պատկերացումներ կազմել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:
«Երրորդ ուղղությունը զբոսաշրջությունն էր: Պետք է կարողանալ Բելառուսից զբոսաշրջիկներ բերել Հայաստան: Պայմանավորվեցինք, որ տուրօպերատորների միջև հաստատվեն կապեր»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետը:
Խոսվել է նաև Հայաստանի Հանրապետությունից գյուղատնտեսական ապրանքների մատակարարման մասին, որոնց նկատմամբ կա մեծ հետաքրքրություն: «Հետաքրքրություն կա նաև սննդարդյունաբերության բնագավառում մեր արտադրանքի նկատմամբ: Կարևոր էր, որ խոսակցությունը շատ կոնկրետ, առարկայական էր գնում` ըստ ապրանքատեսակների, ծառայությունների: Կան շատ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, և անհրաժեշտ է համագործակցության տնտեսական ներուժն ամբողջությամբ իրացնել: Այդ տեսակետից կայացավ մեր առաջին հանդիպումը Բելառուսի Հանրապետության նորանշանակ վարչապետի հետ: Ձևավորվեցին ջերմ մարդկային հարաբերություններ, ինչը նույնպես կարևոր է, որ այս բոլոր խնդիրները լուծվեն»,- ընդգծել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մինսկում այսօր գումարվել է նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 30-րդ նիստը: Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում դիտորդի կարգավիճակ ունի: