Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին քննարկել են համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

հունվար 31, 2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին քննարկել են համագործակցությա

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 31-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։

Փոխվարչապետը շնորհավորել է հայ և ամերիկացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շեշտել, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կայուն գործընկերն է՝ 1991 թվականի անկախացումից ի վեր:

Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրված աջակցությունը՝ ուղղված ավելի բարեկեցիկ և ժողովրդավար հասարակության ամրապնդմանը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև դատական և ոստիկանության բարեփոխումների կյանքի կոչմանը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և համապարփակ լուծման հարցում փոխվարչապետը կարևորել է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերն ու առաքելությունը։ Դեսպան Թրեյսին փոխվարչապետի հետ համակարծիք է եղել՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այդ գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստան-ԱՄՆ աշխատանքային հարաբերությունների սերտացմանն ու երկկողմ կապերի զարգացմանը: