Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատանքային այցով Լոռու մարզում էր

օգոստոս 22, 2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 22-ին աշխատանքային այցով ՀՀ Լոռու մարզում էր:

Փոխվարչապետի առաջին կանգառը Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետն էր: Մարզի ղեկավարության և Մաքսատան պետ Սարգիս Սուքիասյանի ուղեկցությամբ նախ պատվիրակության անդամները շրջեցին մաքսատան տարածքում, այնուհետև ծանոթացան անցակետերում կատարվող աշխատանքներին: Քննարկվեց նաև Հայատան-Վրաստան չեզոք գոտու՝ Գոգավան մաքսային կետից դեպի Վրաստան տանող 15-20 կմ ճանապարհահատվածի վերակառուցման հարցը, որի լուծման արդյունքում նեկրայիս 600-630 մեքենայի փոխարեն մաքսային կետը հնարավորություն կունենա ամսական սպասարկելու 1000 մինչև 1100 մեքենա:

Հաջորդ կանգառը ՀՀ Լոռու մարզպետարանն էր: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ իր պաշտոնավարման ընթացում առաջին անգամ է այսպիսի աշխատանքային այցով Լոռու մարզում: Նա վստահեցրեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն իր արձագանքն է գտնելու նաև այս մարզում, քանի որ այն ունի լայն հնարավորություններ զարգացնելու արդյունաբերությունը, մասնավորապես՝ թեթև և տեխնոլոգիական: Փոխվարչապետը նշեց նաև, որ ներդրումներ կատարելու տեսանկունից ՀՀ Լոռու մարզը լինելու է առաջիններից: Հարկային մարմինների ներկայացուցիչների հետ քննարկվեցին խոշոր գործարարներին հարկային դաշտ բերելու հետ կապված որոշ հարցեր: Փոխվարչապետը հորդորեց ընտրել բանակցությունների ճանապարհը՝ գործարարներին հարկային դաշտ բերելու նպատակով: Ինչպես նա նշեց, Հայաստանում գործարարությամբ զբաղվելը խրախուսվում է, բայց ստվերում գտնվելը՝ ոչ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ Լոռու մարզում պետական աջակցությամբ իրականացվելիք ծրագրերին: Հրատապ ծրագրերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 440 մլն դրամի աշխատանքներ, իսկ սուբվենցիոն ծրագրերով՝ շուրջ 648 մլն դրամի:

Թեղուտի շահագործման դադարեցման վերաբերյալ փոխվարչապետը պարզաբանեց, որ այս պահի դրությամբ բանակցություններ են ընթանում գլխամասային «ՎՏԲ բանկի» և «Վալլեքս» ընկերության միջև: Նրա խոսքով խնդիրը կապված է նախկինում պոչամբարի և պատվարի վերաբերյալ տրված տեխնիկական սխալ գնահատկանի հետ և կառավարությունն ամեն կերպ փորձում է բանակցային գործընթացն արագացնել:

«Այս բանակցությունների արդյունքում «Վալլեքսը» կամ կշարունակի շահագործել Թեղուտը կամ կգա նոր ընկերություն, որը կշարունակի վերագործարկումը: Պոչամբարի հետագա շահագործումը պահանջում է նոր, լրացուցիչ ներդրումներ: Այս խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Այնուամենայնիվ, խնդիրը «Վալլեքսի» և «ՎՏԲ-ի» բանակցությունների արդյունքում պետք է լուծվի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հանգուցալուծումը շատ արագ տեղի ունենա»,- ասել է փոխվարչապետը:

Հաջորդիվ Տիգրան Ավինյանն այցելել է Վանաձոր քաղաքում գտնվող «Գլորիա» կարի ֆաբրիկա: Ընկերության տնօրեն Բագրատ Դարբինյանի գլխավորությամբ պատվիրակությունը շրջել է գործարանով, ծանոթացել ընկերության մեքենա-սարքավորումներին և աշխատակիցների առօրյա գործունեությանը: Ընկերության տնօրենը նշել է, որ ներկայումս ընթացքի մեջ է «Գլորիա» կարի ֆաբրիկայի նոր մասնաշենքի կառուցումը, որի ավարտից հետո նախատեսվում է աշխատողների թիվը հասցնել 3000-ի: Հումքը ներկրելով Եվրոպայից՝ ընկերությունն արտադրում է հագուստներ եվրոպական ըներությունների համար: Փոխվարչապետն ընկերության տնօրենի հետ քննարկեց նաև նոր ներդրումներ ներգրավելու հնարավորությունները:

Հաջորդ այցը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն էր: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Պատվական Հախինյանը պրեզենտացիայի միջոցով ներկայացրեց կենտրոնի գործունեությունը: Նրա խոսքով հիմնական ուղղություններն են հմտությունների զարգացումը, բիզնեսի զարգացումը, նոր ընկերությունների ձևավորումն ու կայացած ընկերությունների ներգրավումը, աշխատանքային տարածքների կառավարումը: Պատվական Հախինյանը փոխվարչապետին և պատվիրակության մյուս անդամներին ներկայացրեց ինժեներական և տեխնոլոգիական լաբարատորիաները, որտեղ իրականացվում են գաղափարների գեներացում և ծրագրերի կենսունակության գնահատում, արտադրանքի/ծրագրի նախանմուշի պատրաստում և փորձարկում, բիզնես պլաննների մշակում և այլն: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին խոստացավ նոր ներդրումներ ներգրավելու միջոցով հնարավորինս աջակցել կենտրոնին՝ կյանքի կոչելու իրենց նորարարական գաղափարները:

Հաջորդ կանգառը «Սլացք» ՓԲԸ-ն էր: Ընկերության տնօրեն Աշոտ Ահարոնյանի հետ շրջայց կատարվեց գործարանում՝ տեղում ծանոթանալով հաստոցներին, արտադրական մեքենաներին և մյուս սարքավորումներին: Տնօրենի խոսքով ընկերությունն ունենալով 2 հա արտադրական տարածք՝ հիմնադրման օրից մրցունակ է եղել ամբողջ տարածաշրջանում: Գործարանում արտադրվել են մեքնաշինության համար նախատեսված ցանկացած դետալներ, ջեռուցման սարքեր, կաթսաներ, գազատաքցուցիչներ և այլն: Ներկայումս ընկերությունն աշխատում է Պաշտպանության նախարարության հետ՝ վերանորոգելով նախարարության «Զիլ» մակնիշի մեքենաները:

Եվ վերջում փոխվարչապետը նշել է, որ մարզային այցելությունները պարբերական բնույթ են կրելու: