Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Բրյուսովի անվան պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառմանը

նոյեմբեր 24, 2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Բրյուսովի անվան պետական համալսարանի  հիմնադրման 90-ամյակին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակի հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Միջոցառմանը ներկա էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Փոխվարչապետն իր ելույթում մասնավորապես նշել է.

«Հարգելի՛ տիկին Նախարար,
Դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Հարգելի՛ պարոն ռեկտոր,
Բրյուսովի անվան պետական համալսարանի հարգելի՛ դասախոսներ,
Սիրելի՛ ուսանողներ և շրջանավարտներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս` Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակի հոբելյանի առթիվ։ Այս օրը ևս մեկ առիթ է վերաարժևորելու այն նշանակալի ավանդը, որը տասնամյակներ շարունակ համալսարանը ներդրել է մեր պետության մանկավարժական ներուժի զարգացման և հումանիտար գիտական մտքի հզորացման գործում։

Իր գործունեությունը մեկնարկելով որպես օտար լեզուների ուսուցման բուհ՝ Բրյուսովի անվան պետական համալսարանը այս տարիներին ամրապնդել է իր դերը՝ որպես գիտական կենտրոն, որը ձևավորում է որակյալ մանկավարժներ, առաջատար լեզվաբաններ ու գրականագետներ, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ, ճկուն և կիրառական հմտություններով մասնագետներ։

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ հավատարիմ մնալով ակադեմիական բարձր չափանիշների պահպանմանը՝ բուհը մշտապես ձգտել է ապահովել նաև միջազգային մրցունակություն՝ հնարավորություն տալով հայաստանյան ուսանողներին ուսումնասիրելու շուրջ երկու տասնյակ օտար լեզուներ և մշակույթներ, ձևավորելու միջմշակութային հաղորդակցության՝ ներկա իրողություններում այդքան կարևոր հմտություններ։

Սիրելի՛ համալսարանականներ,

Չնայած թվարկված բարձր արդյունքներին, որակյալ կրթության ապահովումը հետևողական ջանքեր և նվիրում է պահանջում։ Վստահ ենք, որ Ձեր մասնագիտական բարձր պատասխանատվությունը և գիտելիքները շարունակելու եք ծառայեցնել Բրյուսովի անվան պետական համալսարանի շարունակական զարգացմանը, բուհի դերի վերահաստատմանը՝ որպես հայաստանյան կրթական համակարգի, հումանիտար գիտական մտքի, միջմշակութային հաղորդակցության և նոր սերնդի մանկավարժների պատրաստման առաջատար։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել, որ Կառավարությունը կրթությունը դիտարկում է որպես իր երկարաժամկետ զարգացման ռազմավարության անկյունաքար, այլ կերպ ասած՝ կրթությունը՝ որպես զարգացման ռազմավարություն։ Ուստի, մեր ամենօրյա ջանքերը պետք է հետևողականորեն ուղղենք մանկապարտեզից և հանրակրթարաններից մինչև բուհ որակյալ կրթության ապահովմանը։

Հարգելի՛ ներկաներ,

Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանում մրցունակ բարձրագույն կրթության և գիտության համակարգերի շարունակական զարգացման»: