Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին
սեպտեմբեր 22, 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովային։
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և համագործակցության առաջիկա ուղղություններին։ Այս համատեքստում փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել ԱԶԲ հետ ձևավորված համագործակցության շրջանակը՝ ընդգծելով դրա համապատասխանությունը Կառավարության ծրագրով սահմանված գերակայություններին և թիրախներին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ջրային ռեսուրսների կառավարման և ենթակառուցվածքների, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերի ուղղություններով իրականացվող և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ։
Առաջիկա համագործակցության տեսանկյունից հատկապես կարևորվել է պետություն մասնավոր գործընկերության ծրագրային արդյունավետ ձևաչափերի ուսումնասիրման անհրաժեշտությունը և դրանց կիրառման հնարավորությունները։