Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության նորանշանակ ղեկավարին

հոկտեմբեր 29, 2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանա

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է տիկին Ռենիտային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով ԵՆԲ հետ ձևավորված համագործակցության շարունակականության կարևորությունը՝ ինչպես խոշոր ենթակառուցվածքային, այնպես էլ մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման տեսանկյունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ: Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացիկ համագործակցությանը և դրա ընդլայնման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ջրային և էներգետիկ համակարգերի արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև կրթական ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր: