Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Քննարկվել են Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության նոր ռազմավարության մանրամասներ

հունիս 01, 2012
Քննարկվել են Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության նոր ռազմավարության մանրամասներ

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիմային` Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության մշակվելիք նոր հնգամյա ռազմավարության (Country Development Cooperation Strategy) չափորոշիչները և դրանում ընդգրկվելիք ՀՀ կառավարության առաջնահերթությունները քննարկելու նպատակով:
Ջաթինդեր Չիման շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և անդրադարձել համագործակցության նոր ռազմավարության հիմնական ուղղություններին: Նա ներկայացրել է USAID-ի կողմից տնտեսական աճի ու ժողովրդավարական կառավարման բնագավառներում, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ոլորտի բարեփոխումների իրականացման նպատակով առաջարկվող քայլերը:
Վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ հետագա համագործակցության մասին կողմերի պատկերացումները ընդհանուր առմամբ համընկնում են և որպես ՀՀ կառավարության գերակայություններ նշել տնտեսական աճի ապահովումը, կառավարման արդյունավետության բարձրացումը, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորումը, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ոլորտներում բարեփոխումների իրականացումը: Նա ընդգծել է, որ հիշյալ ուղղություններով ծրագրերի իրականացումը պետք է նպատակաուղղված լինի Հայաստանում միջին խավի ձևավորմանն ու կայացմանը:
Քննարկման արդյունքում Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կզբաղվի ռազմավարության մշակման հարցերով: