Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Քննարկվել են հարկային ու մաքսային համակարգում բարեփոխումներին վերաբերող հարցեր

հոկտեմբեր 18, 2016
Քննարկվել են հարկային ու մաքսային համակարգում բարեփոխումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Նա Հայաստան է ժամանել՝ ««Մեկ պատուհանի» սկզբունքի կիրառումն Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի համատեքստում» խորագրով եվրոպական տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
Կառավարության ղեկավարը կարևորել է Երևանում աշխատաժողովի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն ևս մեկ քայլ է դեպի առավել թափանցիկ ու որակյալ ծառայությունների մատուցում: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել կառավարության՝ հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ և ընդգծել, որ բարեփոխումների առաջնային նպատակը բիզնեսի համար հավասար, արդար ու մրցունակ դաշտի ստեղծումն է: Այս առումով Կարեն Կարապետյանը կարևորել է Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցությունը և նշել, որ վերոնշյալ աշխատաժողովն օգտակար հարթակ է ոլորտին վերաբերող շահագրգիռ քննարկումների համար:
Կունիո Միկուրիան շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և իր գլխավորած կառույցի անունից ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցելու պատրաստակամություն հայտնել: Նա նշել է, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը մտադիր է ընդլայնել երկկողմ գործակցությունը՝ անհրաժեշտ օժանդակությունն ուղղելով դեպի այն ոլորտները, որտեղ ամենից շատ դրա պահանջարկը կա: Կունիո Միկուրիան դրական է գնահատել «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրումը և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը վարչարարության դյուրացման և սահմանային անցակետերի արդիականացման գործընթացներում, ինչն իրականացվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հարկային ու մաքսային ոլորտում բարեփոխումների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման, կադրերի վերապատրաստման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման և հարակից այլ հարցերի շուրջ: Կողմերը վերահաստատել են նշված ուղղություններով իրական արդյունքներին միտված գործակցությունը և համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը: