Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման հեռանկարները

մայիս 05, 2015
Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել վերլուծական քննարկում՝ Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և զարգացման հեռանկարների վերաբերյալ:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա մշակվելու է էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարություն: Նշվել է, որ ուսումնասիրության հիմքում դրված են հետևյալ նպատակները՝ էներգակիրների հուսալի մատակարարում ներքին շուկայի սպառողներին հնարավորինս ցածր գներով, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի տնտեսապես հիմնավորված ներուժի իրացում, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրում, տարածաշրջանային համագործակցության ընդլայնում և այլն:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են քննարկվող փաստաթղթին վերաբերող մանրամասներ, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտողություններ: Ընդգծվել է, որ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարությունը հնարավորություն կտա մեծացնել երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը, նվազեցնել կախվածությունն արտաքին էներգառեսուրսներից և բարձրացնել էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը:
Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը երկրում երկարաժամկետ կտրվածքով կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ապահովելն է: Հովիկ Աբրահամյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների շարունակական համագործակցությունը նոր ռազմավարության մշակման գործընթացում և հանձնարարել ներկայացված փաստաթուղթը լրամշակել հնչած առաջարկություններով: