Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հարցազրույցներ, ճեպազրույցներ

Երեքշաբթի, 27 Ապրիլի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Իգոր Ֆինոգենովի մամուլի ասուլիսը

Հարց - Հարցս ուղղված է պարոն վարչապետին։ Ի՞նչ ներդրումներ է Հայաստանի կառավարությունը ծրագրում ներգրավել Եվրասիական զարգացման բանկից, և ի՞նչ ծավալի վարկեր են դրանք։

Պատասխան - Շնորհակալություն։ Նախ և առաջ ցանկանում եմ նշել, որ մենք բանկի քննարկմանն ենք ներկայացրել խոշոր ներդրումային նախագծեր, որովհետև մեր դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունն այն է, որ մենք չէինք ցանկանա խախտել Հայաստանի բանկային հատվածում ձևավորված մրցակցային միջավայրը։ Իսկ դա նշանակում է, որ խոշոր միջազգային բանկային կառույցների գործունեությունը պետք է որոշակի առանձնահատկություն ունենա։ Դրանք պետք է լինեն խոշորամասշտաբ ներդրումային նախագծեր, որոնք, մի կողմից, համապատասխանում են այդ բանկի մանդատին, իսկ մյուս կողմից` հաշվի են առնում հանրապետության զարգացման առանձնահատկությունները։ Այս տեսանկյունից մենք առանձնացրել ենք այն նախագծերը, որոնք մեր առևտրային բանկերը չեն կարող իրականացնել, քանի որ դրանք խոշոր են և միաժամանակ տարածաշրջանային և ինտեգրացիոն բնույթ են կրում ԱՊՀ շրջանակներում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է քիմիայի, էներգետիկայի, առաջնային հանքային հումքի մշակման ոլորտներին։ Դրանք բավական խոշոր նախագծեր են` յուրաքանչյուրը շուրջ 100 միլիոն դոլար արժողությամբ։ Իհարկե, մեր ներկայացրած հայտերը և ախորժակը պետք է համապատասխանեցվեն բանկի քաղաքականությանը, որովհետև բանկը նույնպես պետք է հաշվի առնի իր շահերը, ճիշտ գնահատի ռիսկերը և կառավարի դրանք։ Այսօրվա դրությամբ այդ նախագծերը մշակվում են բանկի հետ համատեղ։ Չեմ կարող առաջ անցնել իրադարձություններից և խոսել այն մասին, թե ինչպիսին կլինեն արդյունքները և ինչ համաձայնության կգանք։ Այսօրվա դրությամբ միայն կարող եմ ասել, որ դրանք հետաքրքիր նախագծեր են և հավանության են արժանացել Հայաստանի կառավարության կողմից։ Շնորհակալություն։

- Հարցս ուղղված է ՀՀ վարչապետին։ Պարոն Սարգսյան, ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում ստեղծված Հակաճգնաժամային հիմնադրամի ձևավորմանը մասնակցություն է ունեցել նաև Հայաստանը։ Կցանկանայի ճշտել` ի՞նչ կարգի գումարի հայտ է ներկայացրել Հայաստանը, ի՞նչ հայտերի մասին է խոսքը գնում, և ե՞րբ են դրանք քննարկվելու։

- Լավ հարց եք տալիս, որովհետև կառավարությունների ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին նաև ֆինանսների նախարարները, մենք քննարկել ենք այդ խնդիրը, և ես նույնպես մեր գործընկերների ուշադրությունը հրավիրեցի հանգամանքի վրա, որ Հակաճգնաժամային հիմնադրամը ընդհանրապես շատ դանդաղ է աշխատում, առավել ևս այն համոզմունքի առկայության պարագայում, որ ճգնաժամն արդեն ավարտվել է, իսկ Հակաճգնաժամային հիմնադրամից կարծես թե գումարներն օգտագործված չեն։ Այդ պատճառով այստեղ մենք որոշակի խնդիր ենք տեսնում` կապված այն բանի հետ, որ Հակաճգնաժամային հիմնադրամը ղեկավարում են մեր ֆինանսների նախարարները, իսկ ֆինանսների նախարարները, ինչպես հայտնի է, պահպանողական են և ժլատ, ոչ ոքի փող չեն տալիս։ Նրանք դա համարում են իրենց հիմնական առաքելությունը և կարծես թե բավական հաջող էլ իրականացնում են այն, եթե հաշվի առնենք իրավիճակը Հակաճգնաժամային հիմնադրամում։ Բայց մենք ներկայացրել ենք մի քանի խոշոր նախագծեր, որոնք, մեր կարծիքով, կարող էին օգտակար լինել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ղազախստանի համար, այսինքն` փոխադարձ հետաքրքրություն էին ներկայացնում, և հիմնականում քննարկվում էր այն հարցը, թե ինչպիսի պայմաններով է Հակաճգնաժամային հիմնադրամը գումար տրամադրում մասնակից-պետություններին։ Մենք մտահոգություն հայտնեցինք այն կապակցությամբ, որ այդ պայմանները շատ խիստ են և չեն համապատասխանում այն սկզբունքներին, որոնց շուրջ կառավարությունների ղեկավարները համաձայնության էին եկել, առավել ևս, այդ հարցը քննարկվել էր նաև մեր երկրների նախագահների մակարդակով։ Պայմանները, որոնցով տրամադրվում են այդ միջոցները, պետք է համապատասխանեն իրենց անվանմանը, այսինքն` պետք է լինեն ավելի ցածր տոկոսադրույքներով, երկարաժամկետ, գրեյս ժամանակահատվածով, այլապես Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությունն ընդհանրապես անիմաստ է, որովհետև թանկ ռեսուրսներ մեզ կարող է տրամադրել ցանկացած այլ միջազգային ֆինանսական կազմակերպություն։ Եթե խոսքն այն մասին է, որ պետությունը պետք է որոշակի երաշխիքներ տրամադրի այդ նախագծերի համար, ապա դա կարող է լինել ե՛ւ Համաշխարհային բանկը, ե՛ւ Ասիական բանկը, ե՛ւ Եվրոպական բանկը։ Մեր նպատակն էր, որպեսզի Հակաճգնաժամային հիմնադրամն ինքը գտներ հետաքրքիր նախագծեր, և հնարավոր լիներ դրանք իրագործել առանց պետական երաշխիքի` նպաստելով, մի կողմից, մեր երկրների տնտեսական պոտենցիալի վերականգնմանը, մյուս կողմից` ինտեգրացիոն գործընթացներին։ Բայց, ցավոք, այդ գործընթացը ձգձգվեց, քանի որ ֆինանսների նախարարները պետք է մշակեին տարբեր դրույթներ, փաստաթղթեր, թե ինչպես պետք է այդ ամենն աշխատի։ Մենք ֆինանսների նախարարների մակարդակով նախագծերի որոշակի հավաքածու ներկայացրեցինք, և մեր ֆինանսների նախարարն այդ խորհրդակցությանը մասնակցելիս ձեռքի տակ նախագծերի փաթեթ ուներ։ Չէի ցանկանա հրապարակել այդ նախագծերը, որովհետև, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի խոսել այն նախագծերից, որոնք արդեն հավանության են արժանացել, այլ ոչ թե նախագծերից, որոնք դեռևս մշակման և քննարկման փուլում են։ Շնորհակալություն։


- Պարոն վարչապետ, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ ընդհանուր տեսակետ հնչեց, որ ԱՊՀ հանրապետությունների տնտեսությունն արդեն ճգնաժամից վերականգնման փուլ է թևակոխել։ Այս պահին արդարացվա՞ծ է այդ տեսակետը։ Եվ հարց պարոն Ֆինոգենովին։ Ինչպե՞ս Դուք կգնահատեիք Հայաստանի կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը։

Տիգրան Սարգսյան. - Շնորհակալություն։ Նախորդ շաբաթ ես մանրամասն հաշվետվություն ներկայացրեցի այն մասին, թե ինչպես ենք փակել 2010 թվականի առաջին եռամսյակը։ Մենք արձանագրել ենք համախառն ներքին արդյունքի աճ 5.5 տոկոսով։ Շատ ուրախալի է, որ արդյունաբերությունը մեզ մոտ աճում է առաջընթաց տեմպերով։ Այդպիսի աճ մենք արձանագրել ենք` հաշվի առնելով հանգամանքը, որ մեզ մոտ շինարարության ոլորտում դեռևս աճ չի գրանցվել։ Այստեղ դեռևս անկում է նկատվում, նույնիսկ 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով։ Բայց արդյունաբերության բոլոր ճյուղերն արձանագրել են աճի բավական բարձր տեմպեր։ Մեծացել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը։ Մեզ համար նաև շատ ուրախալի էր այն փաստը, որ արտահանումն առաջին եռամսյակում աճել է ավելի քան 50 տոկոսով` ներմուծման 22 տոկոս աճի պարագայում։ Ես ուսումնասիրել եմ նաև Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ցուցանիշները։ Սկզբունքորեն այնտեղ գրանցվել են համախառն ներքին արդյունքի աճի համեմատելի ցուցանիշներ` առաջին եռամսյակում 5 տոկոսից ավելի։ Դա նշանակում է, որ ԱՊՀ երկրների տնտեսությունները վերականգնման փուլ են թևակոխել։ Եթե նման միտումներ արձանագրենք նաև 2010 թվականի երկրորդ եռամսյակում, իհարկե, մենք շատ ավելի համոզված կլինենք, որ ռեցեսիան ավարտվել է։ Ինչպես գիտեք, որոշ տնտեսագետներ թերահավատորեն են վերաբերվում ներկայումս տնտեսությունում տեղի ունեցող վերականգնողական գործընթացներին` դրանք հիմնականում պայմանավորելով ԱՊՀ բոլոր երկրների վարած ընդլայնողական դրամավարկային բյուջետային քաղաքականությամբ` փող ներգրավելով տնտեսության մեջ և խթանելով դրա աճը։ Իսկ ինչ վերաբերում է այդ զարգացման կայունությանը, ապա կա տնտեսագետների որոշակի խումբ, որ հոռետեսորեն է գնահատում այդ աճը` այն համարելով ժամանակավոր, և չի բացառում, որ նորից լճացում լինի։ Բայց համաշխարհային մամուլի և հիմնական ֆինանսական կենտրոնների վերլուծությունը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, առաջատար մասնագետների մեծամասնությունը համաշխարհային տնտեսության վերականգնումը գնահատում է որպես արդեն ակնհայտ փաստ։ Դա ստիպեց նաև Արժույթի միջազգային հիմնադրամին վերագնահատել 2010 թվականի համար իր կանխատեսումները հօգուտ ցուցանիշների բարձրացման։ Իսկ դա նշանակում է, որ կարծես թե ձևավորվում է այնպիսի կոնսենսուս, որ համաշխարհային տնտեսությունը և ԱՊՀ երկրների տնտեսությունը դուրս է գալիս ռեցեսիայից։ Հնարավոր է` աճի տեմպերը չեն լինի այնպիսին, ինչպիսին էին մինչև ճգնաժամը, բայց ակնհայտ է, որ աճ կա բոլոր երկրներում, և դա լավատեսություն է ներշնչում։ Շնորհակալություն։
Իգոր Ֆինոգենով - Թվերը և միտումները, որոնք բնորոշում են Հայաստանի Հանրապետության տնտեսության ներկայիս վիճակը, արդեն հրապարակվեցին։ Մենք դրական ենք գնահատում այն քայլերը, որ ձեռնարկվում են Հայաստանի տնտեսությունում որպես արձագանք համաշխարհային տնտեսությունում ձևավորված իրավիճակին։ Մեր բարձր գնահատականի մասին է վկայում նաև այսօրվա իրադարձությունը, որովհետև այսօր մենք ստորագրել ենք 20 միլիոն դոլար արժողությամբ կոնկրետ վարկային համաձայնագիր։ Դա վկայում է այն մասին, որ մենք դրական ենք գնահատում այդ փողերը վերադարձնելու հնարավորությունները, քանի որ դա վարկային, այլ ոչ թե դրամաշնորհային համաձայնագիր է։ Բացի այդ, կարծում եմ` Հայաստանի Հանրապետության տնտեսության վիճակը բնորոշող դրական միտումներից մեկն էլ այն է, որ Հայաստանի Հանրապետությունը Հակաճգնաժամային հիմնադրամում բյուջետային աջակցության վարկի հարց չի բարձրացնում։ Դա նույնպես շատ լուրջ փաստ է և վկայում է այն մասին, որ պետական ֆինանսների հետ ամեն ինչ կարգին է և թույլ են տալիս դուրս գալ նախորդ տարիներին նկատվող իրավիճակից։ Փաստը, որ Երևանում գործում է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչությունը, խոսում է այն մասին, որ մենք ե՛ւ որպես բանկ, ե՛ւ որպես Հակաճգնաժամային հիմնադրամի ղեկավար ընկերություն, միշտ պատրաստ կլինենք օժանդակել տնտեսությունում բացասական միտումներ նկատվելու դեպքում։ Թեպետ, կկրկնվեմ, նման միտումներ մենք չենք նկատում ու չենք զգում և շատ լավատեսորեն ենք վերաբերվում Հայաստանի տնտեսության զարգացմանը և ներդրումային պահանջարկին, որն այժմ ձևավորվում է Հայաստանի Հանրապետությունում։ Մենք մանրամասն ուսումնասիրում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության և գործարարների կողմից ներկայացված առաջարկներն այն նախագծերի վերաբերյալ, որոնք պետք է իրականացվեն այդ թվում ե՛ւ մեր բանկի կողմից, ե՛ւ Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցով։ Հետագայում ևս կշարունակենք այդ աշխատանքը։
- Պարոն վարչապետ, Ձեր երկիրը ԵվրԱզԷՍ-ում հանդես է գալիս դիտորդ-պետության կարգավիճակով։ Դուք և պարոն նախագահը ներկա եք լինում գագաթաժողովներին, տեսնում եք, թե ինչ է կատարվում։ Արդյոք քննարկվում է Հայաստանի Հանրապետությունում ԵվրԱզԷՍ-ին լիիրավ անդամակցության գաղափարը։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Նաև կցանկանայի հարցնել Մաքսային միության մասին։ Հասկանալի է, որ Հայաստանն այդ միության հետ չունի ընդհանուր սահմաններ։ Արդյոք դա նշանակում է, որ Մաքսային միության երկրների հետ ընդհանուր շուկայի ձևավորման հնարավորությունն այդ պատճառով վերջնականապես անհաջողության կմատնվի։
- Դե, դա այնպիսի հարց է, որին հնարավոր չէ կարճ պատասխանել։ ԵվրԱզԷՍ-ին լիիրավ անդամակցությունը ինքնանպատակ չէ։ Մենք հայտարարել էինք, որ Հայաստանը շահագրգռված է տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներով, որովհետև դա բխում է հայկական տնտեսության և մեր պետության շահերից։ Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպիսի իրական մեխանիզմներ կան այսօր, որոնք կնպաստեին տնտեսական նախագծերի իրագործմանը։ Եվ ինչպես Դուք իրավացիորեն նկատեցիք, ընդհանուր սահմանի բացակայությունը շատ լուրջ տեխնիկական խնդիրներ է ստեղծում։ Ընդհանրապես այսօր համաշխարհային տնտեսությունում չկա այնպիսի մի իրավիճակ, որ երկիրը մտնի Մաքսային միություն` չունենալով դրա հետ ընդհանուր սահման, քանի որ այն բոլոր առավելությունները, որոնք առկա են միասնական սահմանով Մաքսային միությունում, վերջինիս բացակայության պարագայում ուղղակի վերանում են։ Այդ ժամանակ անիմաստ է դառնում Մաքսային միություն մուտք գործելը, որովհետև, միևնույն է, փաստաթղթերի մաքսային ձևակերպման և զննման համար ստիպված կլինեք անցնել երրորդ երկրներով։ Այդ տեսանկյունից Մաքսային միությունը, մի կողմից, ձեզ համար խնդիրներ է ստեղծում, որովհետև դուք պետք է ձեր բոլոր մաքսային տարիֆները համաձայնեցնեք Մաքսային միության մեջ մտնող երկրների հետ, իսկ մյուս կողմից` արդյունքում դուք չեք ստանում այն առավելությունը, որ տալիս է Մաքսային միությունը։ Մենք այդ հարցը քննարկել ենք նաև կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Դուք նաև հիշում եք, որ պարոն Շուվալովը ժամանել էր Հայաստան, և մենք նրա հետ բավական մանրամասն քննարկել ենք այդ հարցը։ Առաջ քաշվեցին նոր գաղափարներ, թե ինչպես կարելի է իրագործել այդ նախագիծը, առավել ևս, որ կա Կալինինգրադի հարցը, և այնտեղ նույնպես անհրաժեշտ է մշակել մաքսային զննման իրականացման որոշակի մեխանիզմներ այնպիսի ապրանքների համար, որոնք Կալինինգրադից պետք է ներմուծվեն միասնական Մաքսային միություն։ Կարծում եմ, որ պարոն Շուվալովի առաջ քաշած գաղափարները շատ հետաքրքիր են, այդ թվում նաև Հայաստանի համար։ Ասենք, եթե Կալինինգրադը Մաքսային միության համար համարվում է հատուկ մաքսային գոտի, Հայաստանը նույնպես կարելի է դիտարկել որպես հատուկ գոտի։ Կգործեն հատուկ ռեժիմներ, որոնք, ասենք, հնարավորություն կտան ԵվրԱզԷՍ-ի երկրներին աշխատել Մերձավոր Արևելքում` օգտագործելով Հայաստանի պլատֆորմը և այն ծառայությունները, որոնք մենք կկարողանանք նրանց մատուցել։ Կարծում եմ` նման մեխանիզմների մշակումը շատ հետաքրքիր կլինի և կպատասխանի այն հարցին, թե ինչպես կարող է Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունեցող երկիրը մտնել դրա կազմի մեջ։ Այսօր այդ գաղափարը քննարկվում է համատեղ աշխատանքային խմբերի մակարդակով, և եթե գտնենք հետաքրքիր և յուրօրինակ լուծումներ, անպայման կհանձնենք ձեր դատին։ Շնորհակալություն։