չորեքշաբթի, 4 հունիսի 2014
Միջպետական ճանապարհներին վերականգնվում է անխափան երթևեկությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ներկայացրել է նախորդ օրը և այսօր երկրի Մ-6 և Մ-2 ավտոճանապարհներին ստեղծված վիճակը. «Պարոն վարչապետ, երեկ երեկոյան ժամը 19:20-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտել է երթևեկությունը: Դեպքի վայր ժամանած ծառայությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջպետական Մ-6 ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 30-րդ կմ-ի մասը մոտ 10 մետր երկարությամբ ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը: Ըստ էության պատճառը եղանակային պայմաններն էին, հորդառատ անձրևը: Ալավերդու, Վանաձորի ճանշինների համապատասխան տեխնիկա-միավորների և ծառայությունների աշխատանքի արդյունքում մոտավորապես ժամը 12-ին երթևեկությունը մի կողմով բացվել է, իսկ մեկ ժամ անց ամբողջությամբ է բացվել, այսինքն գիշերվա 1-ին ճանապարհն ըստ էության ամբողջությամբ երթևեկելի էր: Առավոտյան նույն հատվածում՝ Ձորագյուղ-Կուրթան ճանապարհին էլ է տեղի ունեցել քարաթափում, բայց ավելի փոքր ծավալով: Այժմ այնտեղ աշխատանքներ են իրականացվում, և ճանապարհը երթևեկելի կլինի: Գիշերն ունեցել ենք մեկ այլ քարաթափում ևս, ժամը 4:30-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան միջպետական Մ-2 ճանապարհի հատվածում նույնպես քարաթափություն է դիտվել, երթևեկությունը դարձել է դժվարանցանելի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճանապարհն արդեն շահագործվում է նորմալ ռեժիմով»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ Ձորագյուղի ճանապարհը դեռ չի բացվել, աշխատանքը շարունակվում է: Պատկան մարմինները հանձնարարություն են ստացել հետևել, օգնել, որպեսզի ճանապարհները բացվեն:
Դեսպանները պետք է նպաստեն ներդրումների ներգրավմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է ներդրումների ներգրավման և այդ գործում դեսպանների դերակատարման վրա. «Բոլորդ գիտեք, որ մեր դեսպանները Հայաստանի Հանրապետությունում են: Ես հանդիպել եմ իրենց, և մի երկու հարց կա, որոնց վերաբերյալ դեսպանները կառավարության ուշադրությունն են հրավիրում: Խոսքը հետևյալն է. ես իրենց առաջարկել եմ, որ նաև զբաղվեն Հայաստան ներդրումներ ներգրավելով: Հանրապետության նախագահին էլ եմ առաջարկել, որ դա դեսպանների աշխատանքի մեկ բաղադրիչը հանդիսանա: Ի՞նչ են ասում դեսպանները՝ որ իրենց առաջարկները նախարարների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում, իսկ եթե նույնիսկ արժանանում են, ապա դեսպանները դրան տեղեկացված չեն: Կոնկրետ փաստեր են նշել: Դեսպանները նաև բողոքում են, որ նախարարություններից չեն ստանում ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Եթե դեսպանը պետք է հանդիպի տվյալ երկրի գործարարներին, ներդրողներին, ապա պետք է ձեռքի տակ ունենա ծրագրեր, որպեսզի դրանք ներկայացնի ներդրողներին: Ուստի համապատասխան նախարարները, նախարարությունները պետք է մտածեն, որպեսզի դեսպաններին տրամադրեն լիարժեք ներդրումային ծրագրեր: Իմ կարծիքով՝ դեսպանների այդ աշխատանքը պետք է ունենա իր դրական արդյունքը, և մենք պետք է շատ հստակ աշխատենք նրանց հետ: Համապատասխան նախարարներին հանձնարարում եմ, որպեսզի պատրաստեն ծրագրեր և արտաքին գործերի նախարարի միջոցով ներկայացնեն դեսպաններին»:
Միասնականացվել են վերահսկման մեխանիզմները
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխություններով: Մասնավորապես, վերահաստատվել է այն դրույթը, որ կրթական, այդ թվում՝ բժշկական մասնագիտական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն իր գործունեության թույլտվությունը պետք է ստանա ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: Որոշման ընդունման նպատակը կրթության ոլորտի միասնական պետական քաղաքականության, արտոնագրի պայմանների ու պահանջների պահպանման միասնական վերահսկման մեխանիզմների ապահովումն է:
«Գույք ամրացնելու մասին» որոշմամբ գործադիրը Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների միջև կնքված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» և «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրերի փոխառության համաձայնագրերով 2006 թվականից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերված սարքավորումը և գույքն ամրացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:
Կառավարության որոշմամբ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված երկու թեթև մարդատար ավտոմեքենաները հետ են վերցվել և ամրացվել Արագածոտնի և Արմավիրի մարզպետարանների աշխատակազմերի երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններին՝ դրանց աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով:
Գործադիրը որոշել է ՀՀ ֆինանսների նախարարությունը տարածքով ապահովելու նպատակով «Հայարդնախագիծ» ԲԲԸ-ից 2014թ. հունիսի 1-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից վարձակալել 2 հազար 150 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք:
Նիստում ՀՀ քաղաքաշինության նախարարությանը գումար է հատկացվել պահուստային ֆոնդից, որով ավարտին է հասցվելու Արմավիրի մարզի Մեծամորի N 2 ավագ դպրոցի և մի շարք այլ կրթօջախների, Երևանի Ա. Խաչատրյանի և Հովհ. Թումանյանի տուն-թանգարանների տանիքների նորոգման աշխատանքը:
Հիմք ընդունելով ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը, ՀՀ կառավարությունը որոշել է «ՀՀ ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» ՊԿՀ-ն միացնել «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին՝ վերջինիս փոխանցելով առաջինի իրավունքներն ու պարտականությունները:
Կազմվել է ազգային ստանդարտների մշակման ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-ստանդարտների մշակման ծառայությունների 2014թ. ծրագիրը, որի նպատակն է երկրի գիտատեխնիկական և արդյունաբերության ոլորտների տեխնոլոգիական բազայի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ,
-գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդաբանությունը, որով ակնկալվում է հաշվարկել գազամատակարարման համակարգից ապօրինի օգտագործված բնական գազի ծավալը,
-ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը, ինչը հնարավորություն կտա ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկային անհրաժեշտ մասնագետներ:
Կներդրվի բժշկի մշտական մասնագիտական զարգացման համակարգը
ՀՀ կառավարությունը քննարկել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանը և Մկրտիչ Մինասյանը: Նրանք առաջարկում են Հայաստանում ներդնել բժշկի մշտական մասնագիտական զարգացման համակարգ, որն հաջողությամբ իրականացվում է մի շարք երկրներում: Օրինագծերի փաթեթի վերաբերյալ գործադիրն սկզբունքային առարկություն չի ներկայացրել և պատրաստվում է համագործակցել հեղինակների հետ՝ փաստաթղթերի հնարավոր լրամշակման հարցում:
Նիստում քննարկվել է ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որի պահանջներին մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվի օրենքը, և այն, որ նախագծի ընդունման դեպքում իրավական խառնաշփոթ կստեղծվի, կառավարությունը թերի է համարել նախագիծը, որը «համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը և ընդունելի չէ»:
Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ հարցեր
Նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի 5-րդ փոփոխության կնքման առաջարկությանը: 2010թ. օգոստոսի 6-ին կնքված համաձայնագրով ամերիկյան կողմն հատկացրել է ավելի քան 25.5 մլն ԱՄՆ դոլար: 5-րդ փոփոխությամբ գումարը կավելացվի և կհասցվի մոտ 27 մլն դոլարի:
Կառավարությունը հավանություն է տվել «Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության և Էրստե բանկի միջև արտահանման վարկային համաձայնագրի և կանխավճարային վարկային համաձայնագրի նախագծերին: Գործադրի հավանությունն են ստացել ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական երեք ընկերությունների միջև կնքվող Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին 7 մլն եվրոյի չափով և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ 2 մլն եվրոյի չափով տեխնիկական, լուսային և ձայնային վերազինման պայմանագրերի նախագծերը: Նախատեսվում է մինչև 2015թ. օգոստոսը ավարտել նշված մշակույթի օջախների բեմի տեխնիկական վերազինումը, որի արդյունքում դրանք կհամապատասխանեն համերգասրահներին և թատրոններին ներկայացվող միջազգային չափանիշներին:
Կառավարության որոշմամբ երաժիշտ, սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ավելի վաղ տրված տարկետման ժամկետը երկարաձգվել է մինչև 2015թ. ձմեռային զորակոչը: