հինգշաբթի, 4 հունիսի 2015
Մրգի և բանջարեղենի բերքն առատ է լինելու
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի՝ նախորդ նիստում տված հանձնարարության համաձայն հաղորդումով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա նախ անդրադարձել է այս գարնանը տեղի ունեցած կարկտահարության դեպքերին և դրանց պատճառած վնասներին՝ նշելով, որ բոլոր համայնքերում գործում են հանձնաժողովներ, որոնք արձանագրում են վնասի չափերը: Այնուհետև նախարարն ընդհանուր առմամբ դրական է գնահատել գյուղատնտեսական տարին: Մարտ, ապրիլ, մայիս ամիսներին տեղացած անձրևի արդյունքում երկրի հիմնական ջրամբարներում անցյալ տարվա համեմատ ավելի շատ ջուր է կուտակվել, ինչի շնորհիվ առատ կլինի մրգի և բանջարեղենի բերքը: Հաջողությամբ սկսված բերքահավաքը շարունակվում է ամբողջ թափով: Բավականաչափ միրգ և բանջարեղեն է արտահանվում հարևան երկրներ, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն: Գյուղատնտեսության նախարարի խոսքով լավ արդյունքներ են ակնկալվում ոլորտի գրեթե բոլոր ճյուղերից:
Հակակարկտային կայանների տեղադրման վերաբերյալ հաղորդումով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այժմ Հայաստանում գործում է 412 հակակարկտային կայան, մինչդեռ պահանջարկը ավելի քան 5 հազար է, առաջնային անհրաժեշտությունը՝ 1021 հատ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կատարել անհրաժեշտ ֆինանսական հաշվարկներ առաջին հերթին ձեռք բերվելիք կայանների վերաբերյալ:
Հաստատելով օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:
Նոր արտոնություններ են սահմանվում առաջին գծի զինծառայողների համար
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է առաջնագծում մարտական հերթապահություն կատարող զինծառայողների կենսաթոշակը ձևակերպելիս այդ ժամանակը հաշվարկել կրկնակի չափով: Փոփոխությունը հասցեական է, ուղղված է զինծառայողների կոնկրետ խմբի և կխթանի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրելու գործընթացի արդյունավետությունը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ մշտապես հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: «Մենք պարտավոր ենք լուծում տալ նրանց հարցերին»,- ասել է կառավարության ղեկավարը:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ լուծում կտրվի կառուցապատման ոլորտում առաջացող խնդիրներին, կապահովվի կառուցապատողների պարտավորությունների պատշաճ կատարումը, նախնական նշման ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա ապահովել գրանցման ենթակա իրավունքների պաշտպանությունը և կանխարգելել հնարավոր չարաշահումներից, կներդրվի կառուցվող անշարժ գույք ձեռք բերելու նոր մեխանիզմ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրենքների նախագծերի փաթեթը և վստահեցրել, որ դրա շնորհիվ կպակասի կառուցապատողներից բողոքող քաղաքացիների թիվը:
Գործադիրը քննարկել է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց նպատակն է օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ սահմանադրությանը, վերացնել առկա հակասությունները և բացերը: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Կհստակեցվի տրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացը
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, ուժը կորցրած ճանաչել ևս երեք որոշում: Նոր որոշումը թելադրված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներով: Տրանսպորտային միջոցների հաշվառումը կարգավորող նորմերը սահմանված են տարբեր ժամանակ ընդունված մի քանի իրավական ակտերով, ինչը դժվարացնում է ինչպես քաղաքացիների կողմից դրանց կիրառումը, այնպես էլ հաճախ առաջանում են միևնույն գործընթացի տարաբնույթ կարգավորման դեպքեր: Նոր որոշման շնորհիվ կլուծվեն գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկով պետք է կանոնակարգվեր «Արարատ-Ռեստորան» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Կառավարական N 2 մասնաշենքում գտնվող շենքի նկուղային և առաջին հարկերը «Տանգո» ՓԲԸ-ին վաճառելու գործընթացը: Նկատի առնելով, որ բաց են թողնվել որոշմամբ սահմանված ժամկետները և փոխվել է անշարժ գույքի հասցեն, կառավարությունն իր որոշմամբ փոփոխություններ է կատարել իր նախկին երկու որոշումներում:
Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե երբ է շահագործման հանձնվելու կառավարական նոր մասնաշենքը: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ սահմանված ժամկետը եկող տարվա գարունն է, բայց մասնաշենքը շահագործման կհանձնվի այս տարվա նոյեմբերին, երբ համալրված կլինի գույքով:
Լրացում կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը սահմանել է, որ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներառյալ ներդրված դրամական ավանդների փոխհատուցման համար ամեն ամիս կնախատեսվեն որոշակի ֆինանսական միջոցներ:
Կգործի բիզնեսի աջակցության հստակ համակարգ
ՀՀ կառավարությունը չորս որոշում է ընդունել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկությամբ:
Առաջին որոշմամբ հստակեցվել են բնակավայրերի տարածքների քաղաքաշինական գոտևորման նախագծերի մշակման առաջադրանքին, կազմին ու բովանդակությանը, ինչպես նաև դրանց փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջների կատարման ժամկետները: Սահմանվել է նաև համայնքների քաղաքաշինական կանոնադրության օրինակելի ձևը:
Հաջորդ որոշմամբ սահմանվել է, որ վտանգավոր կամ միջուկային ու ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութ պարունակող սարքեր փոխադրելու արտոնագիր կամ թույլտվություն կարելի է տրամադրել միայն իրավաբանական անձանց: Ընդ որում, արտոնագրի տրամադրման պահանջներից հանվել է տվյալ գործունեությամբ զբաղվելու մասնագետների որակավորման պահանջը, կրճատվել ավելորդ վարչարարությունը, ժամանակը և փաստաթղթաշրջանառությունը:
Փաստաթղթաշրջանառության էական կրճատման է հանգեցնելու գործադրի մյուս որոշումը, որը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի մի շարք դրույթների: Փաստաթղթի մշակման ժամանակ հաշվի է առնվել զարգացած և զարգացող երկրների ընդօրինակելի փորձը:
Ձեռնարկատիրական ոլորտը կարգավորող իրավական ակտերում առկա բիզնես գործընթացների վերաբերյալ Ազգային կենտրոնի առաջարկությամբ ուժը կորցրած է ճանաչվել կառավարության նախկին որոշումներից մեկը, որով հաստատվել էին պետական գրանցման և պետական հաշվառման համար ներկայացվող դիմումներում լրացման ենթակա տվյալները, քանի որ այդ պահանջները սպառիչ սահմանված են համապատասխան օրենքով:
Հաստատվել է նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը, որով շարունակվում է 2009թ. մեկնարկած տեսչական բարեփոխումը: Այժմ ստուգում է իրականացնում 17 տարբեր տեսչական մարմին: Տեսչություններ կան տարբեր նախարարությունների աշխատակազմերում, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, ինչպես նաև գործում է մեկ առանձին մարմին՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ երկրում գործող տեսչական համակարգը դեռևս լիարժեք չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Ծրագրի նպատակն է. պետության համար՝ ռեսուրսների առավել օպտիմալ և արդյունավետ օգտագործում, գործարարների համար՝ առավել ազատ և ճնշումից զերծ միջավայրի ապահովում, սպառողի համար՝ անվտանգության ապահովում:
2014թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքը: Փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության գործառույթները համապատասխանեցրել է վերոհիշյալ օրենքին, որով սահմանվում է պետական վերահսկողություն միայն աշխատանքի անվտանգության նկատմամբ, իսկ աշխատանքային պայմանագրի դրույթների հսկողությունը աշխատողների ներկայացուցիչների՝ արհեստակցական միությունների իրավասությունն է:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նոր քրեական օրենսգրքի հայեցակարգին, որի ընդունմամբ ակնկալվում է մարդու իրավունքների քրեաիրավական պաշտպանվածության բարձրացում, մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով սահմանված՝ մարդու իրավունքների չափանիշների ինկորպորացում, քրեաիրավական նորմերի սխալ կիրառման, դատական սխալների բացառում և այլն:
Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի անբաժանելի մաս կազմող երկու արձանագրությանը և «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությանը:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի 6-րդ փոփոխության» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Բուն համաձայնագիրը կնքվել է 2010 թվականին: 6-րդ փոփոխությամբ նախատեսվում է նշված նպատակին լրացուցիչ հատկացնել 6 մլն 683 հազար ԱՄՆ դոլար, որի դեպքում հատկացման ընդհանուր թիվը կգերազանցի 51 մլն դոլարը: 6-րդ փոփոխությունը նախատեսում է, որ դրամաշնորհ ստացողը պետք է մշակի քաղաքացիական ավիացիայի նոր օրինագիծ, սահմանի վերջինիս առնչվող ընթացակարգերը, փոփոխություն կատարի բնապահպանական և բնօգտագործման վճարների օրենքում՝ Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարաններում օգտագործվող ստորգետնյա ջրի վճարը սահմանելով ծավալի 100 տոկոսի չափով, ինչպես նաև ապահովի ջրի որակի և ջրօգտագործման թույլտվության տվյալների հասանելիությունը հանրությանը: