կիրակի, 8 մայիսի 2016
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ
ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին ու առաջիկա քայլերին:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել հայկական երկու պետությունների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին՝ ԼՂՀ նախագահը նշել է, որ ղարաբաղյան կողմը փաստել է իր գործողությունների իրավացիությունը:
Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է, որ ապրիլյան պատերազմում արձանագրված հաջողությունների կարևոր գրավականը նաև ԼՂՀ իշխանությունների, մասնավորապես` նախագահ Բակո Սահակյանի ձևավորած թիմի արդյունավետ գործողություններն են եղել: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը պարտադրում է գնալ ոչ ստանդարտ լուծումների՝ ի շահ երկու հայկական հանրապետությունների անվտանգության ապահովման ու առավել հզորացման:
Երկուստեք կարևորվել է հեռանկարային ծրագրերի իրականացումը, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը և խորացումը: