Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 22 հոկտեմբերի 2016

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը հեռուստաընկերություններին









Սաթիկ Սեյրանյան, «Արմենիա» հեռուստաընկերություն – Բարև Ձեզ, պարոն վարչապետ: Առանց լիրիկական զեղումների, այս կառավարության պրագմատիզմին համահունչ միանգամից անցնենք հարցերին: Նշանակվելուց գրեթե անմիջապես հետո Դուք հայտարարեցիք, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում: Հիմա ինչ-որ ժամանակ է անցել և կարողացել եք, հասցրել եք որոշակի ծանոթանալ ընդհանուր վիճակին: Կարո՞ղ եք ներկայացնել՝ որոնք են առաջնահերթ խնդիրները, մեր տնտեսության մարտահրավերները, և ինչպես եք դրանք լուծելու:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Բարև Ձեզ: Նախ և առաջ, ինչպե՞ս ենք լուծելու, կարծում եմ՝ ձևակերպել ենք Կառավարության ծրագրի մեջ, որը ներկայացրել ենք Ազգային ժողովում: Այնտեղ բավական մանրամասն և պրագմատիկորեն գրված է, թե ինչ ենք նախատեսում: Ինչ վերաբերում է Ձեր հարցին՝ որոնք են առաջնային հարցերը, կարծում եմ՝ Կառավարության կառավարման դեպքում, քաղաքի կառավարման դեպքում բոլոր խնդիրներն էլ առաջնային են: Բայց ես երևի ավելի շատ կկարևորեի այն անհրաժեշտությունը, որ Կառավարություն և հասարակություն փոխադարձ կապը ստեղծվեր, որոշակի վստահություն առաջանար: Դա, իհարկե, առաջին հերթին մեզանից է կախված, թե ինչ գործողություններ կիրառենք, որովհետև երկրի փոփոխության խնդիրը ոչ միայն Կառավարության խնդիրն է, այլև յուրաքանչյուր քաղաքացու: Ես չեմ ուզում մեր վրայից պատասխանատվությունը գցել և ասել, թե քաղաքացին պատրաստ չէ փոխվել կամ իր բեռը վերցնել: Բայց երևի ամենակարևոր խնդիրներից մեկն այդ վստահությունը ձեռք բերելն է, այդ փոխադարձ կապը ձևավորելը, որպեսզի քաղաքացին վստահ լինի, որ իր քաղաքացիական դիրքորոշումն ակտիվ դրսևորելով՝ ինքն օգուտ կբերի գործին:
Գևորգ Ալթունյան, Հանրային հեռուստաընկերություն – Պարոն վարչապետ, Դուք խոսեցիք ընդհանուր ձևակերպումներով, և եթե չեմ սխալվում, Ձեր կառավարության ծրագրի հետ կապված գնահատականներում, փորձագիտական շրջաններում նույնպես կար արձագանք, որ հիմնականում ընդհանուր ձևակերպումներ են, այսինքն՝ որոշակիություն չկա: Հիմա, համոզված եմ, որ Դուք առանձնացրել եք այն շատ կոնկրետ խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել ինչպես տնտեսության, այնպես էլ հանրային կյանքի առողջացման համար: Կա՞ այդ առաջնահերթությունը Ձեզ մոտ, և որո՞նք են այդ խնդիրները:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ ծրագրի մեջ մենք խոսել ենք շատ ընդհանուր:
Գևորգ Ալթունյան, Հանրային հեռուստաընկերություն – Այդպիսի գնահատականներ հնչում էին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Գուցե: Փորձեմ բաժանել փուլերի՝ ինչ ենք փորձել մենք հաղորդել մեր հասարակությանը: Նախ և առաջ մենք ասել ենք, որ պետք է փոխվենք և սկսենք մեզանից: Կառավարման մեթոդները, որոշում կայացնելու պրակտիկան, համակարգը բոլոր ոլորտներում՝ թե´ գնումներ, թե´ որոշման կայացում, կոլեգիալ լիազորություններ, նախարարների պատասխանատվություն, այդ ամենը կանոնակարգելու դեպքում մենք կարող ենք ռեալ ախտորոշել այն պրոբլեմները, որ կանգնած են մեր տնտեսության, մեր երկրի առջև: Ենելով արդեն նոր կառավարման ձևավորված համակարգից՝ փորձենք տալ լուծումները: Բայց կառավարության համար առաջին խնդիրը ես տեսնում եմ, որպեսզի բիզնեսին, ստեղծագործ մարդուն, ակտիվ մարդուն չխանգարի:
Երկրորդը՝ բավարար է դա, որպեսզի մեր տնտեսությունն անհրաժեշտ աճի տեմպեր ցույց տա, և այլ գործառույթ պետությունը չունի, այս պահին կարծում եմ, որ ոչ: Հաշվի առնելով հանրության հուսալքությունն ասեմ, թե ոչ ակտիվ լինելը, հիմնականում այս պահին նկատի ունեմ մեր բիզնես միջավայրը, մենք հայտարարել ենք, որ մենք այստեղ որոշակի խթանողի դեր ենք կատարելու, ստեղծելու ենք ներդրումային հիմնադրամ, որպեսզի բիզնեսի հետ համատեղ մասնակցենք որոշակի նախագծերի մեջ, որպեսզի աշխուժություն մտցնենք:
Երրորդ՝ որպեսզի վաղը մեր երկրում լինեն բարենպաստ պայմաններ զարգացման համար, խիստ անհրաժեշտ է մեր քաղաքացուն, մեր երեխաներին, մեր հաջորդ սերնդին կրթելը: Վաղվա օրը գրագետ մարդու օր է:
Չորրորդ՝ սոցիալական ոլորտի մասով ասել ենք, թե այսօրվա մեր կարողություններով ինչպե՞ս ենք վերաբաշխում իրականացնելու սոցիալապես խոցելի խավերի մոտ, մանրամասն ըստ ոլորտների ասել ենք՝ ոնց ենք պատկերացնում: Առաջնայինը, բոլորն էլ առաջնային են: Վեց-յոթ ամիս հետո մեզ սպասում են ընտրություններ: Քիչ առաջ խոսելիս մեր գործընկերն ասաց, որ Կառավարության ծրագրի մեջ կան կետեր, որոնք դեկլարատիվ են: Ես ուրախ կլինեի լսել՝ ոնց կարելի է այդ մասը ոչ դեկլարատիվ ասել: Ռեալ, մենք պահեր ունենք, որ դեկլարատիվ պետք է հայտարարենք, ասենք, պետծառայողի կերպարի փոփոխություն, հարկայինի և այլն կերպարի փոփոխություն: Այս ընտրությունները և սպասումները որոշակի առումով խանգարում են, որպեսզի արձագանք լինի: Ես վստահ եմ, որ հասարակության մեջ կա հետևյալ կարծիքը. եկեք սպասենք՝ ինչ, որ հայտարարում է, տեսնենք կլինի, թե չի լինի, վեց-յոթ ամիս հետո ինքը կլինի, թե չի լինի, և վեց-յոթ ամիս հետո մենք նոր կարձագանքենք՝ գնանք այս քայլերին, թե չէ: Կարծում եմ՝ այս հինգ-վեց ամիսը լինելու է բավական պասիվ սպասումներով: Կցանկանայի՞, որ պասիվ չլիներ՝ շատ:
Պետրոս Ղազարյան, «Կենտրոն» հեռուստաընկերություն – Պարոն վարչապետ, բայց դրա մեջ կա օբյեկտիվ բան, այդ սպասումների մեջ: Ինչո՞ւ: Տեսեք, Դուք առաջին նիստի ժամանակ հանձնարարականներ տվեցիք, հետո զարմացաք, ասեցիք, ինչի չեք անում այս հանձնարարականները, սա ձեր օրենքով նախատեսված գործառույթն է, ինչու պետք է դա ես ձեզ հանձնարարեմ: Ինձ թվում է մի պարզ պատճառով, որովհետև մարդիկ իրենց քաղաքական պատասխանատու չեն զգում: Հիմա ծրագիրը շատ լավ է, բայց մեր բոլոր վարչապետների ծրագրերն էլ, որ կարդում ես, վատը չեն եղել, մի քիչ այս կողմ, այն կողմ: Տիգրան Սարգսյանի ծրագիրը ընդհանրապես տարածաշրջանային երկիր պիտի դառնայինք: Այստեղ հարց է ծագում՝ ծրագրի քաղաքական պատասխանատվության: Մի տեսակ հասկանալի չէ, Դուք քաղաքական պատասխանատու՞ն եք այս ծրագրի որպես թիմ, որպես իշխանության պատասխանատու, թե՞ դուք մենեջեր եք, որը եկել է, լավ աշխատում է, կստացվի, լավ, չի ստացվի, կներեք՝ չստացվեց: Սրանք որակապես լրիվ այլ իրավիճակներ են ծրագրի համար, որովհետև քաղաքական պատասխանատուի համար պետք է քաղաքական հենարան, քաղաքական թիմ, իրական լծակներ, իսկ մենեջերը ինքն աշխատում է ինչքան հնարավոր է ՝ լավ կանի, չի լինի՝ չստացվեց, հաջողություն:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Պետրոս, Ձեր հարցի առաջին մասը. պատասխանատվություն յուրաքանչյուրը պետք է ունենա, հենց այդ իսկ պատճառով մենք ֆիքսել ենք կոլեգիալ լիազորությունների վերաբաշխման մասին: Կարճ ձևակերպեմ, կառավարության որոշման կայացման մեջ մենք որոշակի ապակենտրոնացում ենք անում: 2600 կառավարության որոշում կա տարեկան մոտավորապես, որտեղ կարող է լինել երեք աշխատատեղ ստեղծելու, արտաքին գործերի նախարարությանը մեկ հատ բջջային հեռախոս տալու վերաբերյալ և այլն: Կամայական կոլեգիալ որոշում պահանջում է մի քանի նախարարների, գերատեսչությունների ղեկավարների ամփոփում, վիզա: Այդ իսկ պատճառով մենք որոշակի լիազորություններ կառավարության դաշտից տանում ենք դեպի նախարարություններ, որտեղ բալանսավորել ենք և որտեղ արդեն հասկանալի է դառնում ՝ եթե չի կատարվում, ով է մեղավոր: Կոլեգիալ որոշումների մեջ մեծ վտանգ կա, եթե այդ որոշումը սխալ է կամ չի կատարվում, վերջում չես կարող հասկանալ ով է պատասխանատու, ումից պահանջես և այսպես կոլեկտիվ անպատասխանատվության մի միջավայր է ստեղծվում:
Երկրորդ մասը՝ պատասխանատու եմ ես իմ ասածների համար, թե ոչ, մենեջեր եմ, թե ոչ: Մենեջերն էլ է պատասխանատու, ուզում եմ ասեմ, եթե մարդ մենեջեր է, ինքը պատասխանատվություն ունի: Այս պաշտոնին ինձ հրավիրել է Հանրապետության Նախագահը՝ Սերժ Սարգսյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Հետևաբար, ես, իհարկե, պատասխանատու եմ և ես չեմ ուզում իմ պատասխանատվության մի մասը Հանրապետական կուսակցության վրա բարդեմ: Իրենք ինձ հետ համապատասխանատու են, և ես ինձանից որևիցե պատասխանատվություն չեմ հանում:
Արամ Աբրահամյան «Շանթ» հեռուստաընկերություն - Իմ հարցերն ավելի կոնկրետ են ծրագրի վերաբերյալ՝ ապօրինի հարստացման քրեականացում: Դա հայտնի տերմին է և որոշ երկրներում կա, որոշ երկրներում չկա: Որտեղ չկա, պարտադիր չէ, որ մեր վիճակը լինի, այսինքն, եթե ես հարստացել եմ ապօրինի, եթե ես գողացել եմ բյուջեից կամ կաշառք եմ վերցրել, ապա դա արդեն իսկ քրեական գործ է և եթե երկրում գործում է օրենքը, ապա ոչ մի բան պետք չի քրեականացնել: Քրեականացված են բոլոր բաները, որոնք անում են մեր չինովնիկները:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Ես համոզված եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարելով, N-եորդ կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում: Մեր կարծիքով մանրամասն գրել ենք, թե ինչ գործողություններ ենք անելու, որպեսզի այդ հնարավորությունը մինիմումի բերենք թե՛ հարկային և մաքսային դաշտում, թե՛ կառավարության որոշումների դաշտում, թե՛ գնումների դաշտում, թե՛ օտարերկրյա ֆինանսավորման դաշտում, թե՛ բիզնեսի համար հավասար և պարզ պայմաններ ստեղծելու դաշտում:
Արամ Աբրահամյան «Շանթ» հեռուստաընկերություն - Մի ենթահարց այդ դեպքում, կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ կար և ծրագրում ասված է, որ նրա կազմը պետք է վերանայվի, ո՞վ պետք է դուրս գա և ո՞վ պետք է մտնի այդ կազմի մեջ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը, կարծում եմ, որ այս պահին անհրաժեշտ կառույց է: Մենք պետք է ֆիքսենք, որ այն կառույցները և այն միջավայրը, որը որ կա, իդեալական չէ, այդ իսկ պատճառով մի կառույց է ստեղծվում, որը փորձում է համախմբել, ամփոփել, ախտորոշել և որոշակի որոշումներ տալ: Մենք հիմա փորձում ենք այնտեղ ներգրավել հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի և դաշտը բաց լինի, և կառավարության անդամները, ճիշտ ասած, իրենց առօրյայի մեջ այնքան զբաղված են կամ այնքան զբաղված պետք է լինեն, որ գուցե և արտաքին դաշտից ազդակները չստանան: Սա է:
Սաթիկ Սեյրանյան, «Արմենիա» հ/ը - Պարոն վարչապետ կցանկանայի իմանալ ինչպիսի պետություն եք ցանկանում տեսնել Հայաստանը հինգ, տաս, տասնհինգ տարի հետո: Իհարկե քննարկվում է վեց ամիս հետո ինչ կլինի և այլն, բայց, այնուամենայնիվ, Ձեր տեսլականը, ինչպիսի պետություն եք ուզում տեսնել՝ եվրոպական, ռուսական, կենտրոնաձիգ: Եթե եվրոպական, ապա ինչո՞ւ Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, եթե ռուսական, ապա արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է կամ ցանկանում է դեռ շարունակել ստորագրել Եվրամիության ասոցացման նոր համաձայնագիրը և, առհասարակ, ձեր կառավարության գործունեության մեջ արտաքին քաղաքականության բաղադրիչը ի՞նչ տեղ ունի:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Հինգ, տաս, տասնհինգ տարի հետո մեր երկիրը տեսնում եմ հայկական: Որևիցե իդեալական կառավարման բանաձև չկա, որ դու կարող ես մի երկրից վերցնել և մի այլ երկրի վրա ադապտացնել: Ավելի ճիշտ ադապտացնել կարող ես, բայց կրկնօրինակել չես կարող: Այդ իսկ պատճառով, ԵԱՏՄ-ի վերաբերյալ, մենք՝ հայերս, շատ հետաքրքիր և տաղանդավոր ազգ ենք, բայց շատ դեպքերում մեզ պրագմատիզմը պակասում է: ԵԱՏՄ պե՞տք էր մտնել, թե չէ:
Սաթիկ Սեյրանյան «Արմենիա» հեռուստաընկերություն - Պե՞տք էր:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Իմ համոզմունքով՝ այո, ասեմ ինչու, որովհետև մենք դառնում ենք մի ակումբի անդամ, որտեղ շուկան մեծանում է և որտեղ մեր պոտենցիալ կարողությունները տեղաբաշխելը մաքսիմալ հնարավոր է:
Սաթիկ Սեյրանյան «Արմենիա հեռուստաընկերություն - Բայց փորձը ցույց է տալիս կամ տվյալները, որ մենք առայժմ չենք շահել այդ անդամակցությունից:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Ճիշտ եք, բայց որևէ անալիտիկա չկա՝ ի՞նչ կլիներ, եթե այնտեղ չմտնեինք այս ճգնաժամային իրավիճակում, այն շուկայի վերաբերյալ, որի վրա մենք աշխատում ենք:
Սաթիկ Սեյրանյան «Արմենիա» հեռուստաընկերություն - Եթե արդյունք չկա, հետևաբար երևի ավելի վնաս էլ չունենայինք:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան- Փաստ չէ: Պատկերացնենք՝ մենք ԵԱՏՄ-ի շուկայի մեջ լինեինք, մեր ապրանքը հիմնականում ուղղված լիներ դեպի այդ շուկաները և ի՞նչ կլիներ, եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ չլինեինք: Այդ անալիտիկան չկա: Երկրորդը, լինելով ԵԱՏՄ-ի շուկայում՝ մենք բացառո՞ւմ ենք այլ շուկաներում աշխատելը, ոչ: Մենք այլ շուկաներ գրավելու մեծ պոտենցիալ ունենք և ինչ որ ձևով ԵԱՏՄ-ն մեզ խանգարո՞ւմ է, իհարկե, ոչ: Այդ իսկ պատճառով մենք կարո՞ղ ենք ԵԱՏՄ-ի անդամակցությունից օգտվել՝ հիմնականում մեզնից է կախված: Եթե մենք այդքան էլ չենք օգտվում, մեղքը գցել ուրիշների վրա, կարծում եմ, ճիշտ չէ: Մենք մեկի հետ ընկերություն անելուց անպայման ինչ որ մեկի դեմ չենք անում չէ ընկերությունը: Եվ ուրիշների հետ ընկերակցելը չի բացառվում:
Պետրոս Ղազարյան «Կենտրոն» հեռուստաընկերություն - Պարոն վարչապետ, ես լրացնեմ Սաթիկին, ես շատ գործարարների հետ եմ զրուցել, որոնք ասում են՝ մեզ մոտ օբյեկտիվ պայմաններ չկան, որ մենք ԱՊՀ շուկայում դառնանք մրցունակ: Ի՞նչ առումով, մեզ մոտ էներգակիրները թանկ են, այսինքն այն, ինչն ինքնարժեքի վրա է ազդում, մեզ մոտ հարկերն ավելի թանկ են, ճանապարհների ծախսերն օբյեկտիվորեն ավելի շատ են նստում, քան Բելառուսից Ռուսաստան կամ Ռուսաստանից Ղազախպստան տանելը, և դրամը ռուբլու հետ դոլարի համեմատ շատ ավելի հզոր է: Այսինքն, բոլոր պայմանները կան, որ մեր ապրանքները մրցունակ չլինեն ռուսական շուկայում, ինքնարժեքի առումով: Ո՞նց եք տեսնում այս խնդրի լուծումը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Տեսեք Պետրոս, ո՞նց եմ տեսնում: Նախևառաջ փաստ չէ, որ կամայական ապրանքը, որն այստեղ արտադրվում է, պետք է մրցունակ լինի: Բիզնեսի խնդիրն է՝ որոշել այն ապրանքները, ելնելով մեր բարդ տրանսպորտային լոգիստիկայից և այն օբյեկտիվ իրավիճակից, որը կա, որպեսզի մրցունակ լինեն: Երկրորդը, կարծում եմ, որ օրինակի համար, ռուսական շուկայում աշխատելու համար մեր շատ բիզնեսմեններ պետք է փորձեին. գուցե և դրա համար բարենպաստ պայմաններ չկան, որպեսզի վարկային ծրագրերը և միջոցները լինեին ռուսական ռուբլով: Երբ դու աշխատում ես նույն վալյուտայի դաշտում՝ ռիսկերը կտրուկ նվազում են, և եթե նկատել եք, մենք մեր արտահանման խթանման գործընթացում գրել ենք, որ կօգտագործենք նոր գործիքակազմ, որպեսզի արժութային ռիսկերը նվազեցնենք: Բիզնեսը պետք է կողմնորոշվի: Պետության խնդիրն ինչո՞ւմն է՝ մաքսիմալ իրեն աջակցել: Բայց, ասելով, որ գազի գինը թանկ է…Ի՞նչ պետք է անի պետությունը, եթե գազն այստեղ հասցնելը թանկ է: Ինքը պետք է ընտրի այն ապրանքատեսակը, այն ոլորտը, որի ժամանակ գազի գինն իրեն մրցունակությունից չի հանում:
Պետրոս Ղազարյան «Կենտրոն» հեռուստաընկերություն - Եկեք բարձր տեխնոլոգիաներն արտահանենք:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան-Ոչ միայն. ոսկերչությունը, բարձր տեխնոլոգիաները, գյուղմթերքները: Գազի գինը բա՞րձր է, արևը շատ է, հնարավորությունը շատ է:
Սաթիկ Սեյրանյան «Արմենիա» հեռուստաընկերություն - Գյուղացին էլ հավասար պայմաններում չէ, օրինակ, Ռուսաստանի կամ Եվրասիական միության որևէ երկրի, կամ Բելառուսին վերցնենք, ոլորտը սուբսիադավորվում է ու հավասար պայմաններում չէ հայ գյուղացու հետ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Սաթիկ ջան, մենք ուզո՞ւմ ենք սուբսիդավորել, թե չէ: Կարծում եմ, որևէ կառավարության ղեկավար դեմ չի լինի դրան, բայց մենք սուբսիդավորում ենք այն չափով, ինչքանով մենք հնարավորություն ունենք: Վաղը մյուս օրն ավելի հարուստ ապրենք, ավելի ամուր ապրենք, սուբսիդավորման չափը կլինի ավելի՞, այո: Եվ այստեղ, մեկս մյուսին օգնելով պետք է ճանապարհ անցնենք, ուրիշ տարբերակ չկա, պատրանքների մեջ պետք է չընկնենք, պետք է ռեալ հաշվարկենք: Ձեր տան մեջ ո՞նց եք Դուք կառավարում, երբ որ Ձեր բյուջեն սահմանափակ է, Դուք որոշում եք առաջնայինն ինչին ուղղեք: Երբ որ Ձեր բյուջեի չափով չեք ապրում, միշտ այդ ընտանիքը խնդիրներ է ունենում: Նույնը մեզ մոտ է: Հիմա մենք կարող ենք բողոքել, որ մեր բյուջեն, մեր հնարավորությունները սուղ են, օգուտ կա՞ այդ բողոքելուց: Ընդամենն այսքանը: Եվ քայլ առ քայլ պետք է գնանք, որպեսզի մեր բյուջեն, մեր հնարավորություններն աճեն, որ վաղը մյուս օրը մենք իրականում կարողանանք գյուղատնտեսությանն ավելի շատ սուբսիդավորել, ավելի շատ կողքին կանգնել, իրեն հուշել: Այդպես քայլ առ քայլ պետք է գնանք առաջ:
Գևորգ Ալթունյան «Հանրային հեռուստաընկերություն» - Պարոն վարչապետ, Ձեր խոսքի նախորդ հատվածում ասացիք հասարակության շրջանում սպասումների մասին, իմ կարծիքով, մի փոքր համեստ եղաք Ձեր ձևակերպումներում, որովհետև հանրության բավական լայն շրջանակներում ակնհայտորեն սպասում կա, և դա տեսանելի է: Միգուցե դա պայմանավորված է Ձեր անձով, միգուցե պայմանավորված է ուրիշ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ իրողություններով, այդուհանդերձ այդ սպասումը կա: Մի կողմից դա, իհարկե, լավ է, որովհետև դա Ձեզ և Ձեր գլխավորած կառավարությանն ազատորեն և վճռական գործելու բավական մեծ հնարավորություններ է տալիս: Դուք կարող եք վճռական անել այն քայլերը, որոնք գտնում եք, որ պետք է անել: Բայց մյուս կողմից դա նաև շատ ծանր բեռ է դնում Ձեր ուսերին, որպեսզի հերթական անգամ չստացվի այնպես, որ հասարակ քաղաքացու հավատը կոտրվեց և հերթական անգամ վստահությունը փոշիացվեց: Ի՞նչպես եք վերաբերվում այդ պատասխանատվությանը հասարակ քաղաքացու հանդեպ, որը միգուցե հավատում է Ձեր կառավարությանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Մենք այդ առումով որևէ պատրանքների մեջ չենք: Ինչի՞ն է դա բերում՝ զուտ մեր պատասխանատվության աճին: Մենք փորձել ենք մեր ծրագրի մեջ, նորից այդ բառն ասեմ, մաքսիմալ պրագմատիկ ձևով, ռացիոնալ ձևով նշել այն քայլերը՝ ինչ ենք անելու: Օրինակ, շատ դեպքերում հնչում է, որ կառավարության ծրագիրը կենացներ է, խոստումներ է: Ես, ճիշտն ասած, այնտեղ կենաց ու խոստում չեմ տեսնում, բացի նրանից, որ մենք ասում ենք, որ աշխատելու ենք այս ուղղություններով: Փորձել ենք մաքսիմալ կոնկրետացնել, որտեղ հնարավոր է ժամկետներով, և իմ պատկերացմամբ՝ բավականին մեծ ծանրաձող ենք դրել, որը ռեգուլյար ամենօրյա աշխատանք է պահանջում: Ինչ ենք ասել՝ եթե նորմալ աշխատենք այս ոլորտներով, ապա մենք կունենանք փոփոխություններ, փոփոխությունները ինչպես կչափենք ՝ ժամանակը ցույց կտա: Մենք ասել ենք, որ պետք է վերլուծենք, վերաիմաստավորենք, ախտորոշենք, վիճակագրական տվյալները հասկանանք, որպեսզի վաղը մյուս օր թիվ հայտարարելուց մենք այդ թվի տակ մտնենք և այդ պատասխանատվության տակ մտնենք: Մենք իրականում տրամադրված ենք շատ ազնիվ և անկեղծ աշխատել հասարակության հետ, բացատրել, եթե ինչ որ մի բան էլ չի ստացվել՝ ինչ պատճառով չի ստացվել: Այդ իսկ առումով, հասկանալով, որ վեց, յոթ ամիս հետո գալու է պահը հաշվետվություն տալու, մենք փորձել ենք մաքսիմալ գրել այն, ինչ հնարավոր է անել: Ճիշտ ասած մեր թիմի մեջ եղել են անդամներ, ովքեր ասել են՝ շտանգան այնպես եք ձևակերպել, որ կարող է գրիժա ստանանք: Հիմա դրանից պակաս գրեինք, որպեսզի վեց, յոթ ամիս հետո գար պահը, ասեինք՝ մենք գերակատարել ենք, թե դնենք մի նշաձող, մի հորիզոն, որին եթե մի քիչ էլ չես հասնում, բայց քեզ մոտիվացնում է հասնել: Ընտրել ենք երկրորդ տարբերակը: Վեց, յոթ ամիս հետո հաշվետվություն տալուց արդեն կտեսնենք ինչքանով ենք մենք կարողացել այդ անել :
Գևորգ Ալթունյան «Հանրային հեռուստաընկերություն» - Հուսով եմ վեց, յոթ ամիս հետո ևս մեկ անգամ այսպիսի հնարավորություն կընձեռք:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան- Սիրով, ես, ճիշտն ասած, կարծում եմ, համենայն դեպս չեմ բացառում, որ մենք պետք է ձեզ հետ միասին մտածենք, մի հարթակ ստեղծենք ռեգուլյար խոսելու, որպեսզի հետադարձ կապը լինի: Ես չափազանց շահագրգռված եմ, որպես ՀՀ քաղաքացի, որ մեր լրագրողների դաշտն էլ մասնագիտացվի: Լինեն մասնագիտացված տնտեսական լրագրողներ, որոնց քննադատությունը կարող է առարկայական օգուտ տալ:
Արամ Աբրահամյան «Շանթ» հեռուստաընկերություն - Որպես թերթի խմբագիր ես հաստատում եմ Ձեր ասածը: Այսինքն՝ ժամանակակից լրագրությունը պետք է լինի մշակույթի լրագորղ, պետք է լինի իրավական հարցերի լրագրող, պետք է լինի տնտեսական լրագրող, պետք է լինի սպորտի լրագրող: Այդ չորս կամ ասենք հինգ բնագավառները մեկ լրագրողով ծածկել՝ այսօր, բնականաբար, հնարավոր չէ: Ձեր առաջին ելույթը շահեկան էր նրանով, որ պապուլիզմ չկար և հիմա էլ չկա պոպուլիզմ: Ես ուզում եմ, որ դուք խորացնեք այդ ոչ պոպուլիստական և պրագմատիկ Ձեր գիծը՝ ասելով ճշմարտությունը խորհրդային գիգանտների, խորհրդային գիգանտ գործարանների մասին: Ես սպասում եմ, որ որևէ վարչապետ կասի՝ ժողովուրդ ջան, ձեռ քաշեք, դրանք չեն աշխատելու, չասի՝ հեսա մենք կգտնենք ներդրողներին, հեսա մենք էս կանենք, որ մարդիկ սին հույսեր չունենան: Դրանք հազարավոր մարդիկ են, դա ծանր ճշմարտություն է նրանց համար, բայց պետք է այդ ճշմարտությունը ասել:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Գիտեք ոնց, չեմ կարծում, որ ծանր ճշմարտություն է, դա ուղղակի ճշմարտություն է: «Նաիրիտ» գործարանի, «Վանաձոր-Քիմպրոմի» հետ կապված, տեսականորեն հավանականություն կա՞, որ այդ ձեռնարկությունները կաշխատեն՝ գուցե այո: Այսօր առարկայական առաջարկ ունե՞նք՝ ոչ, պետությունը պե՞տք է զբաղվի այդ բիզնեսով՝ ոչ, եթե նման առաջարկություն լինի մենք մանրամասն կուսումնասիրե՞նք՝ այո: Պատասխանեցի, թե բաց մնաց Ձեր հարցը:
Արամ Աբրահամյան «Շանթ» հեռուստաընկերություն - Դե եթե-ով կարելի է, իհարկե:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Եթե մարդ գալիս ասում է՝ 500 մլն դնելու եմ, 10 տարվա ռիսկը վերցնում եմ և մենք հավատում ենք, որ վաղը մյուս օր ինքը չի գնա, այդ բեռը չի մնա պետության վրա, մենք այսօր ասենք, որ մենք որևիցե առաջարկ չենք լսելու, դուք կասեք՝ ինքը կողմնակալ է և ոչ օբյեկտիվ: Այդ իսկ պատճառով, հավանականություն կա՞, որ նման առաջարկություն կլինի՝ գուցե: Բայց այսօր սեղանի վրա նման առաջարկություն չկա: Ընդհանրապես «Նաիրիտը» Հայաստանում աշխատելը բավականին բարդ խնդիր է: Տեսեք, չգիտեմ, երեք թե չորս փորձ է եղել և որևիցե փորձի ժամանակ, վստահ չեմ, բայց կարծում եմ, որևիցե մեկը 10 տարվա կանխատեսում չի ուզել էներգակիրների վերաբերյալ: Իմ համոզմամբ, եթե պոտենցիալ ինվեստորը նման հարց չի բարձրացնում, իր հետ պետք չէ շարունակել խոսել: Շատ խիստ կախված է դրանից՝ եթե դու չես հասկանում 10 տարի հետո ինչ է լինելու, ապա ոնց ես դու այդքան գումար պատրաստվում ներդնել և քո վրա բեռ վերցնել: Այ երբ որ կլինի մեկը կամ մի խումբ, որ կգա առարկայական մեզ հետ կխոսի, մենք շատ բաց, թափանցիկ այդ բանակցությունները կտանենք:
Պետրոս Ղազարյան «Կենտրոն» հեռուստաընկերություն - Պարոն վարչապետ, ես երեկ լսում էի կառավարության հարց ու պատասխանը, Ձեզ հարցրեցին՝ կոռուպցիայի, մոնոպոլիաների դեմ պայքարի մասին, Դուք ասացիք՝ շատ պարզ ձևով ենք պայքարելու՝ օրենքով: Բայց ես մտածում եմ՝ օրենքների մեջ մեր մոտ խնդիր չկա, մեր օրենքները չեն ենթադրում մոնոպոլիա, կոռուպցիա և այլն: Խնդիրը որտեղ է, ոնց է այդ ամենն առաջանում: Նույն Ձեր ասած դպրոցների տնօրեն, մայր, աղջիկ, կուսակցական: Այդ ողջ համակարգը մի տրամաբանություն ունի՝ գալիս են ընտրությունները, այդ մարդիկ ծառայություններ են մատուցում: Օլիգարխները այնպես չէ, որ օրենքները շրջանցելով են օլիգարխ դառնում: Իշխանությունը, բնականաբար, եթե նրանց 20 տարի ոչ ոք չի կարողանում գտնի, ոչ ոք էդ ոլորտը չի կարողանում կարգավորի, ուրեմն չեն ուզում կարգավորեն չէ՞: Դա պարզ տրամաբանություն է: Հիմա դառնում է փող-իշխանություն-փող շղթա, այդ մարդիկ ընտրությունների ժամանակ ծառայություն են մատուցում, իշխանությունը ընտրվում է, հետո ինքը թողնում է այդ մարդիկ հարստանան և ապրեն այնպես, ինչպես ուզում են: Սա օրենքի հետ կապ չունի, ընդհակառակը՝ լրիվ հակառակ դաշտում է: Դուք որ օղակից եք պատրաստվում այս շղթան կտրել:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Եթե դժվար չէ, Պետրոս, խնդրում եմ այդ հարցը նորից նայես: Հարցը բաժանենք 2 մասի: Ոնց ենք պայքարելու մոնոպոլիաների դեմ՝ արդար, հավասար պայմաններ ստեղծելով: Ո՞նց ենք պայքարելու կուռուպցիայի դեմ, քիչ առաջ հարցերից մեկին պատասխանեցի՝ այն գործիքակազմով, որն օրենքն ունի, որն օրենքը թելադրում է: Ես չեմ ասել օրենքով պայքարելու ենք մոնոպոլիայի դեմ, ես ասել եմ՝ օրենքով պայքարելու ենք կոռուպցիայի դեմ, հավասար դաշտ ստեղծելով՝ պայքարելու ենք մոնոպոլիայի դեմ: Հիմնականում ամենաշատ դժգոհություն առաջացնողը ընտանիքի մեջ, կամպանիայի մեջ, քաղաքում, փողոցում, երկրում՝ դա անարդարությունն է: Այդ առումով, կարծում եմ, որ մեր ազգը շատ գրգռված, լավ առումով, ունի անրադարության նկատմամբ ըմբոստանալու հատկություն: Շուկայի փոքրությունը, այսպես, թե այնպես, բերելու է նրան, որ որոշակի ոլորտներում, որոշակի սեկտրոներում մենք ունենալու ենք գերիշխող բիզնեսմեն, որովհետև ինքն ավելի էֆեկտիվ է աշխատում և այլն, և այլն: Ամբողջ խնդիրը այն է, թե ինքն ինչպես է դառնում գերիշխող. եթե դառնում է ադմինիստրատիվ լծակներով՝ քեզ թույլ են տալիս, Արամին թույլ չեն տալիս, այդ դեպքում առաջանում է անարդարություն: Եթե բնական մրցունակ դաշտում է՝ մեկ է էլի այդպես կմեկնաբանեն, ով որ այդ գերիշխողը չէ: Պետությունն այդ պարագայում ի՞նչ խնդիր ունի. մեր հակամոնոպոլ ծառայության միջոցով զսպի գերիշխողի ախորժակը, իսկ եթե արդարացի, մրցունակ դաշտում է դարձել գերիշխող, իրեն ճնշել, իհարկե՝ ոչ: Տեսեք, երկրի փոքրությունը բերում է նրան, պայմանական եմ ասում, նավթամթերքների մատակարարման մասով՝ մեծածախ ես առնում՝ գինդ ուրիշ է, նավով տեղափոխելու ժամանակ կարողանում ես նավ վարձել, ամբողջությամբ թե փոքր քանակով, սպասում ես երբ կլինի այդ նավը՝ նույնպես ծախսը ուրիշ է: Բայց դա նշանակում է, որ պետք է անպայման խոշոր մատակարար լինի՝ ոչ: Ուղղակի այսպես թե այնպես ժամանակի ընթացքում ես, դու կարող ենք այս բիզնեսը սկսենք: Մեզանից մեկն օբյեկտիվ պայմաններով դառնալու է գերիշխող, չեմ ասում բոլոր ոլորտներում, բայց ոլորտներ լինելու են : Այդ պարագայում անարդարության նկատմամբ զգացմունքը կլինի ոչ այնքան ընդգծված, ինչքան այսօր: Խոսքը դա է: Դրա համար մոնոպոլիայի դեմ պայքարը կամ դեմն առնելը հավասար, արդար դաշտ ստեղծելն է: Իսկ կոռուպցիայի դեմ ո՞նց ենք պայքարելու՝ ասացի, որ պետք է միջավայրը փոխենք, որպեսզի և որոշում կայացնելը դարձնենք ավելի թափանցիկ, հանրության համար հասկանալի, եթե փաստեր լինելու են՝ պետք է օգտագործել և կիրառել այն օրենքը, որ գոյություն ունի, որպեսզի դեմն առնենք:
Պետրոս Ղազարյան «Կենտրոն» հեռուստաընկերություն - Այսինքն՝ ես ճի՞շտ հասկացա, որ ամեն մարդ այսօր կարող է ցանկացած ապրանք ներկրի:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան- Շատ ճիշտ եք լսել, առանց որևէ պրոբլեմի: Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք:
Սաթիկ Սեյրանյան «Արմենիա» հեռուստաընկերություն -Պարոն վարչապետ, դուք թվով 14-րդ վարչապետն եք, պատկերացնում եք արդեն ինչքան ծրագրեր են եղել և այլն: Սփյուռքի մասին եք խոսում և Ձեր կառավության անդամները և Դուք, որ փորձելու եք ներգրավել ներդրումներ, Հայաստանը գրավիչ դարձնել և այլն: Հայաստանի և Սփյուռքի միջև ևս կա անվստահություն, մեծ անվստահություն: Հիմա սփյուռքահայը լինի կամ ներքին ներդրողը, ինչ երաշխիք պետք է ունենա պետության կողմից:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Մենք ի՞նչ ենք ուզում անել: Մենք ուզում ենք ինվեստիցիոն դաշտը բացել ոչ միայն մեր սփյուռքահայերի, ճիշտ է, մենք շահագրգռված ենք, որ սփյուռքահայերը գան, բայց այդ խաղի կանոնները լինելու են և սփյուռքահայերի համար, և չինացու համար, և երրորդի համար: Որպեսզի ինքը պաշտպանված զգա, մենք ապահովելու ենք փոխադարձ կապ՝ ի դեմս մեր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, որը կոպիտ ասած, անվանել ենք բիզնեսի, գործարարի օմբուցմենը, պաշտպանը, հաշտարարը, որ կամայական բիզնեսմեն, երբ որ հանդիպում է որևիցե խոչընդոտի գնում է այդ նախարարություն և նախարարը ձեռքից բռնած փորձում է հասկանալ: Եթե այնտեղ չի բավարարում՝ մենք մոտ օրերս կհայտարարենք և կտպենք տվյալները բոլոր այն պատասխանատուների, ովքեր անմիջապես ինձ հետ են աշխատում: Մենք ֆիքսել ենք նաև բիզնեսի ապաքրեականացման մասին և այնտեղ ֆիքսել ենք, որ օրինապահին վերաբերվելու ենք այսպես, ոչ օրինապահին այսպես: Նույնիսկ օրինապահին ասել ենք, որ որևիցե լիազորությունների գերազանցում պետք է չունենա: Եվ մենք անպայման անդրադառնալու ենք իրավապահ մարմիներին, եթե լիազորությունների գերազանցելու դեպքեր լինեն: Այս մեխանիզմը աշխատող է՝ այո, մենք հետևողական ենք գնալու՝ այո, արդյունք կտա՝ կտեսնենք:
Պետրոս Ղազարյան «Կենտրոն» հեռուստաընկերություն - Ինձ հետաքրքիր է նաև ձեր մոտիվացիան, պարոն վարչապետ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Ի՞նչն է իմ մոտիվացիան: Ես ուզում եմ, որ երկիրը լինի ավելի արդար, ավելի զարգացած, ավելի հարուստ, ավելի ապահով: Եթե ես կարող եմ այդ հարցում օգուտ տալ՝ ես պատրաստ եմ մինչև վերջ իմ կարողությունները դնել: Հենց զգամ, որ ես օգուտ չեմ տալու՝ մի օր ավելի չեմ մնալու: Այս պահին իմ մեջ ուժ տեսնո՞ւմ եմ, ցանկություն տեսնո՞ւմ եմ՝ այո, դրայվը չասեմ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ