հինգշաբթի, 3 նոյեմբերի 2016
Վարչապետը հանձնարարականներ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման աշխատանքների հետ կապված
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման աշխատանքների քննարկման նպատակով ՀՀ Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներից ելնելով. «Հանձնարարում եմ՝
1.ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին, ըստ անհրաժեշտության ներգրավելով նաև ՀՀ ֆինանսների և ՀՀ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին, բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված վերոնշյալ ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն պետական կառույցներին:
2. ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ արդարադատության նախարարին՝ աջակցել Երևանի քաղաքապետին «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցություններին՝ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնելով իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն համայնքային կառույցներին:
3. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին մինչև նոյեմբերի 30-ը.
1) ներկայացնել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգ՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի, էական արդյունքներ,
2) շահագրգիռ պետական և համայնքային մարմինների հետ համատեղ ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն՝ երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղերի կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ:
4. ՀՀ արդարադատության նախարարին` քննարկել և 20-օրյա ժամկետում.
1) ներկայացնել առաջարկություն վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ
2) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հետ համատեղ՝ ներկայացնել առաջարկություն վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիների պատշաճ իրազեկման գործող մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ»:
Նախատեսվում է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը
Գործադիրի ղեկավարը ՀՀ արդարադատության նախարարությանը տվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին վերաբերող հանձնարարականներ, որոնք բխում են ՀՀ կառավարության ծրագրից. «Առաջին հանձնարարականը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացմանը: Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում նախագիծը ներկայացնել կառավարություն:
Երկրորդ՝ ապօրինի հարստացման նախագծի հետ անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառնությունները սահմանափակող օրենքի նախագիծ: Այսպես կոչված, կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով և գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ` արդյոք հայտարարագիր ներկայացրած անձն իրականում ստացել է հայտարարագրում նշված փոխառությունը, թե ոչ: Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին` Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկման ներկայացնել կանխիկ գործառնությունների սահմանափակման օրենքի նախագիծը:
Երրորդ հանձնարարականը վերաբերում է հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի կատարելագործմանը: Նախ անհրաժեշտ է ընդլայնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները` սահմանելով և´ կրթական, և´ կոռուպցիայի կանխարգելման գործառույթներ: Բացի դրանից, անհրաժեշտ է նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարող իրավապահ մարմինների գործունեությունը դարձնել առավելագույնս հաշվետվողական: Այդ նպատակով պետք է օրենքով սահմանել պահանջ, որ այդ մարմինները կոռուպցիայի դեմ իրենց կատարած քայլերի մասին յուրաքանչյուր տարի պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ:
Չորրորդ՝ կարծում եմ՝ անհրաժեշտ է անդրադառնալ նաև հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը: Իհարկե, ներկայում արդեն պաշտոնատար անձանց մի ստվար զանգված, օրինակ` կառավարության անդամները, դատավորները և այլն, ներկայացնում են հայտարարագիր, բայց կան պաշտոնատար անձինք, ովքեր, այս ցանկում ընդգրկված չլինելով, ընդգրկված են, օրինակ, խոշոր պետական գնումների գործընթացում կամ տարբեր այլ, կոռուպցիոն տեսանկյունից «ռիսկային» գործունեության մեջ: Այդ իսկ պատճառով ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել առաջարկություն, հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնման վերաբերյալ՝ ելնելով ռիսկայնությունից:
Հինգերորդ հանձնարարականը վերաբերում է, այսպես կոչված, ազդարարների համակարգին: Տարբեր երկրներում այս ոլորտում առկա փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դասական մոտեցումները մեր երկրի համար այդքան էլ արդյունավետ չեն կարող լինել: Եթե այլ երկրներում ձևավորված մոտեցում է պաշտպանության նպատակով ազդարարներին մեկ բնակավայրից մյուսը տեղափոխելը, ապա նույնը Հայաստանում արդյունավետ լինել չի կարող: Ուստի ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում մշակել արդյունավետ եղանակներ ազդարարների համակարգը ներդնելու ուղղությամբ:
Վեցերորդ՝ ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ կազմակերպել հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ընդդիմության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ և ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների, ինչպես նաև կազմի վերանայման վերաբերյալ»:
Կարեն Կարապետյանը, անդրադառնալով նաև հասարակական կարգապահությանը և առողջ ապրելակերպին, նշել է, որ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու հետ կապված հասարակության արձագանքները և իրականացված ուսումնասիրության արդյունքները բավականին մտահոգիչ են: «Խնդրի նկատմամբ վերահսկողություն իրականացնողը, գործող օրենսդրությամբ, տեղական ինքնակառավարման մարմիններն են, որոնք լիազորված են կիրառելու վարչական տույժեր 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու դեպքում: Առաջարկում եմ տեղական ինքնակառավարման մարմիններին պատշաճ հսկողություն իրականացնել խնդրի նկատմամբ: Այս առումով անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին և զվարճանքի այլ վայրերին», - ասել է ՀՀ վարչապետը:
Կառավարությունը որևիցե ձևով չի սուբսիդավորում գազ մատակարարող ընկերությանը
Անդրադառնալով գազի սակագների փոփոխությանը՝ գործադիրի ղեկավարը հայտարարել է, որ բյուջեն, կառավարությունը որևիցե ձևով չի սուբսիդավորում գազ մատակարարող ընկերությանը: «Սակագները հետևյալն են՝ 10.000 խորանարդ մետրից ավելի գազ սպառողի համար 257.56 դոլարից դարձել է 242.1 դոլար: Եթե այդ կազմակերպությունը սպառում է ավելի գազ, քան նախկինում սպառել է, ապա ավելի սպառած գազի սակագինը կարող է դառնալ 212 դոլար: Այսպիսով՝ «Գազպրոմ Արմենիա»-ն փորձ է անում մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա, ընդլայնվի և բիզնեսը հնարավորություն ունենա իր ինքնարժեքի վրա, շուկայի մեծացման հաշվին աշխատի և բիզնեսը շահավետ դառնա»: Մինչև 10.000 խորանարդ մետր սպառում ունեցող բնակչության համար սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ միասին մինչև հունվարի 1-ը ճշտել սոցիալապես անապահովների ցանկը: Ինչ վերաբերում է ջերմոցներին և գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկություններին, ապա գազի սակագինը 257.56 դոլարից դառնում է 212 դոլար: Ավելի քան 45 դոլարի նվազեցման արդյունքում այդ ձեռնարկությունները հնարավորություն կունենան ընդլայնվել: Վարչապետի խոսքով՝ գազի սակագնի նվազեցման համար հիմք է ծառայել չորս գործոն՝
1. հունվարի 1-ից ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը և ակնկալիքներ կան, որ տրանզիտի գինը կնվազի,
2. սակագների նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մեկ միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը,
3. «Գազպրոմ Արմենիա»-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացումը՝ ուղղված ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը,
4. «Գազպրոմ Արմենիա»-ի միակ բաժնետերը շուկայի ընդլայնման և կայունացման համար ֆինանսական ռիսկերը, որոնք կառաջանան այս ընկերությունում, վերցնում է իր վրա:
Վարչապետը կրկին հանձնարարել է բոլոր նախարարություններին և գեչատեսչություններին վերանայել իրենց պաշտոնական կայքերի թեժ գծերի աշխատանքը, նշել կոնկրետ ոլորտների պատասխանատուների տվյալները, որպեսզի հարցադրումները ներկայացվեն ըստ հասցեականության: «Այդ իսկ պատճառով, եթե ձեր դաշտում դուք ձեր բեռը չվերցնեք, ապա ամբողջը տեղափոխվելու է այստեղ, ինչը արդյունավետ չէ»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ իր խորհրդականները, օգնականներն այս օրերին ստացել են 2156 հեռախոսազանգ, 586 էլեկտրոնային հաղորդագրություն, ունեցել՝ 100-ից ավելի հանդիպումներ:
Կկիրառվի գազի և էլեկտրաէներգիայի սակագների սահմանման տարբերակված մոտեցում
Գործադիրն ընդունել է «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» որոշում, ըստ որի սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները: Միաժամանակ առաջարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելիս սույն որոշմամբ նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ:
Կառավարությունն ընդունել է նաև «Գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սակագնի մեղմանն ուղղված միջոցառումների մասին» որոշում: Առաջարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` բնական գազի սակագին սահմանելիս տարբերակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների սպառողական խումբը` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի համար սահմանելով խթանիչ սակագին: Հիմնավորման համաձայն, այս որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից: Որոշմամբ հնարավորություն կտրվի ընկերությունների համար կիրառել գազի խթանիչ սակագին: Հաշվի առնելով, որ ոլորտի արտադրանքի ինքնարժեքի մեջ գազի տեսակարար կշիռը բավականին բարձր է, խթանիչ սակագնի կիրառման դեպքում կբարձրանա արտադրանքի մրցունակությունը, ինչն էլ կբերի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը:
Կտնտեսվեն պետբյուջեի զգալի միջոցներ
Ի կատարումն վարչապետի հանձնարարականի (վերանայել ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի գործունեության նպատակահարմարությունը)՝ գործադիրն ընդունել է համապատասխան մի շարք որոշումներ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 65,5 մլն դրամ), ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 66,5 մլն դրամ), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 61 մլն դրամ) պետական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին:
Գործադիրի որոշմամբ կլուծարվի նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակը՝ ՀՀ կառավարության և «Աբու-Դաբի» զարգացման հիմնադրամի միջև «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրի ֆինանսավորման վարկային համաձայնագրով իրականացվող հիմնանորոգման աշխատանքների պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետի ավարտմամբ պայմանավորված: Մեկ այլ որոշմամբ էլ միավորման ձևով կվերակազմակերպվեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Սևան-Հրազդան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները: Արդյունքում՝ զգալիորեն կկրճատվեն ծախսերը, կբարձրանա կառավարման արդյունավետությունը:
Կնվազեն թղթատարությունը և կոռուպցիոն ռիսկը
Էլեկտրոնային գնումների համակարգն օգտագործող պատվիրատուների շրջանակն ընդլայնելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ 2017թ. ապրիլի 1-ից էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով կիրականացվեն նաև պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից իրականացվող գնումները, ինչը կնվազեցնի ինչպես թղթատարությունը, այնպես էլ կոռուպցիոն ռիսկերը: Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն պետության կամ համայնքի հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններն իրենց կարիքների համար գնումներն իրականացնում են փաստաթղթային եղանակով:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ՀՀ 2016թ. պետբյուջեով կրթության ոլորտի գծով նախատեսված ծախսերի ծավալների ճշգրտում, ինչի արդյունքում շուրջ 1.16 մլրդ դրամ կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Կլուծվեն Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հիմնախնդիրները
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն, ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված 798.0 մլն. դրամ գումարով ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվում է Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը: Ավարտին են հասցվելու «Գլենդել-Հիլզ» կազմակերպության կառուցած 3 կիսակառույց բնակելի շենքերի շինարարական աշխատանքները: Հատկացված գումարի սղության պատճառով նախագծա-նախահաշվային փաստաթղթերում չեն ընդգրկվել բնակարանների թվով 104 գազօջախների ձեռք բերման և տեղադրման, ինչպես նաև որոշ հատվածների բարեկարգման շինարարական աշխատանքներ: Որոշմամբ նախատեսվում է պետբյուջեով ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված գումարներից կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթների գնումների գործընթացում տնտեսված 44,485.2 հազ. դրամ գումարը տրամադրել «Ախուրյանում բնակարանային շինարարության իրականացում (3 անավարտ շենքերի կառուցում)» ծրագրի իրականացմանը:
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի նախագծին: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել վարկ` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք եվրոյի չափով: Ծրագրի նպատակն է վերակառուցել և բարելավել մոտ 51.5 կմ ընդհանուր երկարությամբ Հայաստանի հյուսիսում՝ Վանաձորից Ալավերդիով դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն, գնացող երկշարք M6 մայրուղին: Ծրագիրը կնպաստի սոցիալական ծառայությունների, գյուղատնտեսության, տուրիզմի և զբաղվածության հասանելիության բարելավմանը՝ նվազեցնելով տնտեսական և սոցիալական տարածաշրջանային անհամապատասխանությունները:
Գործադիրը փոփոխություն է կատարել 2008թ. ապրիլի 4-ի՝ «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» որոշման մեջ՝ համապատասխան կետից հանելով «Չինաստանի» բառը: Նման փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է 2015թ.-ից ի վեր ՀՀ այցելող ՉԺՀ քաղաքացիների թվի կտրուկ աճով. 2015թ. նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է շուրջ 70 տոկոս, իսկ 2016թ. 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 80 տոկոս աճ: Հիմնավորման համաձայն, ՉԺՀ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման մերժման դեպքերը գրեթե բացակայում են: Ներկայումս ՉԺՀ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման միակ բարդությունը կապված է երկրի աշխարհագրական չափերի հետ, ինչը դժվարություն է ստեղծում մայրաքաղաքից հեռու բնակվող ՉԺՀ քաղաքացիների համար: Նշված խնդրի արդյունավետ լուծման տարբերակ կարող է հանդիսանալ ՉԺՀ քաղաքացիներին E-VISA համակարգից օգտվելու հնարավորության ընձեռումը, ինչը կնպաստի, մասնավորապես, ՀՀ այցելող ՉԺՀ քաղաքացիների թվի աճին:
Օրենսդրական նախաձեռնություններ
Գործադիրը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակություն ներառելուն ուղղված քաղաքականությունը և օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին: Նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում օգտագործվող հիմնական հասկացությունները, նրանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական նպատակը, սկզբունքները և ուղղությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական հիմքերը:
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» և մի շարք հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է իրավական սահմանում տալ լյուստրացիային՝ ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը, ինչպես նաև ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց գործունեության բացահայտման, գնահատման, վերջիններիս՝ օրենքով սահմանված պաշտոններ զբաղեցնելը կանխելու և սահմանափակելու նպատակով: Գործադիրի եզրակցության համաձայն, մասնավորապես, նախագծով կարգավորումն ակնհայտորեն հակասում է արդար դատաքննության հիմնարար իրավունքին՝ երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով:
Այլ որոշումներ
Պետական գույքի արդյունավետ տնօրինման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ «Գեոկոմպլեքս» ՓԲԸ-ի լուծարման գործընթացը կանոնակարգելու և պարտավորությունները մարելու համար: Որոշմամբ Երևանի Թբիլիսյան խճուղի 47/4 հասցեում գտնվող անշարժ գույքը կհանձնվի Հայաստանի Հանրապետությանը, որից հետո անդրադարձ կլինի նշված տարածքը մասնավորեցնելու կամ այլ ձևով տնօրինելու հարցին:
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ-ի բարեգործական ծրագրով իրականացվող անվճար ատամնաբուժական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, արտոնագրային վճարները փոխհատուցելու համար: Որոշման ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկարամյա գործունեություն իրականացնող բարեգործական կազմակերպության համար:
Կառավարության որոշմամբ Խաժակ Աղաբեկյանն ազատվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: