ուրբաթ, 9 դեկտեմբերի 2016
Պետությունն աջակցելու է արդյունք ապահովող գիտական ինստիտուտներին. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել գիտական կազմակերպությունների ղեկավարներին, քննարկել գիտության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Վարչապետն առաջարկել է հանդիպումը կառուցել հետևյալ թեզի և գաղափարի շուրջ՝ ինչպե՞ս անել, որպեսզի գիտնականները լավ ապրեն: «Այսպես շարունակելով՝ մենք լավ չենք ապրելու: Հատուկ ուզում եմ այս թեման ընդգծել, որպեսզի խոսենք, թե ինչպե՞ս ենք կառուցելու կառավարություն-Գիտությունների ակադեմիա հարաբերությունները, որպեսզի գիտությունը զարգանա՝ մեկ, որպեսզի գիտնականն արժանավայել ապրի՝ երկու, որպեսզի գիտնականը հավելյալ արժեք ստեղծի ՀՆԱ-ի մեջ՝ երեք, և ինքը կարողանա ունենալ իրեն գնահատելու հայտանիշներ»,- նշել է Կարեն Կարապետյանը:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է գիտական կազմակերպությունների գործունեության խնդիրներն ու իրականացված ծրագրերը, անդրադարձել գիտության ոլորտի օպտիմալացմանը, կադրային ներուժին, միջազգային համագործակցությանը, գիտական կապերի հաստատմանը: ԳԱԱ նախագահը կարևորել է «Հորիզոն 2020» և միջազգային այլ ծրագրերին գիտական կազմակերպությունների ներգրավվածությունը և ավելացրել, որ դա նպաստել է դրամաշնորհների միջոցով տարբեր ծրագրերի իրականացմանն ու գիտական արդյունքի ապահովմանը: Նշվել է, որ ըստ միջազգային գնահատականի՝ Սևծովյան ավազանի 10 երկրների թվում 2016-ին միայն Հայաստանն ու Թուրքիան են կրկնապատկել իրենց գիտական արդյունքները: Ռադիկ Մարտիրոսյանը, խոսելով գիտության ոլորտի արդյունավետության բարձրացման վերաբերյալ, ասել է, որ մշակվել և գալիք տարվանից ներդրվելու է գիտական կոլեկտիվների ակտիվության գնահատականի համակարգը, ինչի արդյունքում էլ կհաստատվեն կազմակերպություններին ցուցաբերվելիք օժանդակության ծավալները: Միաժամանակ, ԳԱԱ նախագահը նշել է, որ գիտական կազմակերպություններից առկա է երիտասարդ գիտնականների հոսք ինչպես հայաստանյան մասնավոր հատվածի կազմակերպություններ, այնպես էլ արտասահմանյան երկրներ:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է գնահատման չափորոշիչների սահմանումը, միջազգային գործունեության արդյունքում ստացվող արտաբյուջետային եկամուտների ավելացումը և ինստիտուտների գործունեության գիտական արդյունքի ապահովումը: «Պետք է հասկանալ, թե ի՞նչն է սխալ կատարվում: Եթե մեր խոսակցության արդյունքում լինելու է միայն այն, որ կառավարությունը փող քիչ է տալիս, ապա մեր խոսակցությունը գործնական չի դառնա»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետությունը ֆիանսավորելու է հայագիտությանը և հարակից այլ ճյուղերին, որոնք կիրառական արդյունք չեն կարող տալ: Կարեն Կարապետյանն առաջարկել է քննարկել կիրառական արդյունք ապահովելու հնարավորություն ունեցող ինստիտուտների գործունեությունը և հետաքրքրվել՝ արդյոք ԳԱԱ-ն նման նպատակ ինստիտուտների առջև դնում է, արդյոք այդ ինստիտուտներում կան մարդիկ, որոնք շուկա են որոնում, որքա՞ն են բիզնեսի պայմանագրերը գիտության հետ ու ի՞նչ պետք է անել, որ բիզնեսն ինստիտուտներին պատվեր տա:
Այնուհետև գիտական ինստիտուտների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը, խնդիրները, որոնք վերաբերել են օրենսդրական բացերին, գնումների ոլորտին, արտաբյուջետային ծավալների ավելացմանը և առաջարկություններ: Մասնավորապես, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ղեկավար Աշոտ Սաղյանը նշել է, որ արտադրում են էկոլոգիապես մաքուր կենսապարարտանյութ, որը կարող է լավագույնս փոխարինել ազոտական պարարտանյութին, բարձր արդյունք ապահովել գյուղատնտեսության ոլորտում, սակայն պետությունը պարարտանյութը մասնավորի միջոցով ներկրում է արտերկրից:
Վարչապետն առաջարկել է հանդիպել համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ ու ընդգծել՝ եթե արտադրանքն իրականում լինի արդյունավետ ու շահավետ, ապա կառավարությունը պարարտանյութի ողջ պատվերը կշրջի սեփական արտադրողի վրա:
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանն էլ տեղեկացրել է, որ իրենց մշակումներն արտահանում են աշխարհի 12 երկրներ, սակայն ունեն պատենտներ ստանալու, մարքետինգային ու շուկաների ուսումնասիրման խնդիր:
Վարչապետն առաջարկել է հստակ ձևակերպել առաջարկն ու դրա տրամաբանությունը և ընդգծել, որ բոլոր հաջողակ ինստիտուտներին և տրամաբանական առաջարկություններին ցուցաբերվելու է օժանդակություն: «Ես շատ եմ ուզում, որ մեզ մոտ ստացվի, որ հաջողակ կիրառական արդյունք ունեցող ինստիտուտն իրականում տարբերվի ոչ համապատասխան բեռ վերցնող ինստիտուտից»,- ասել է Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով լավագույն գիտնականներին վարձատրելու և նրանց արտերկիր մեկնելու խնդրին՝ կառավարության ղեկավարն առաջարկել է դիտարկել մասնավոր բիզնեսին ներգրավելու հնարավորությունը: «Գաղափարը ձևակերպեք իքս կառույցին և վաճառեք, որպեսզի նա ձեզ հետ դառնա համահետազոտող և իր վրա վերցնի գիտնականների ծախսը՝ գիտակցելով, որ հինգ տարի հետո դառնալու է հաղթող: Ապրանք վաճառելու խնդիրն ապրանքի տիրոջ խնդիրն է, ոչ թե գնորդի: Դուք ասում եք թող գնորդը մեր նկատմամբ, որպես պոտենցիալ պրոդուկտ տվողի, հետաքրքրված լինի: Աշխարհում այդպիսի բան չկա, ակտիվ է ապրանք վաճառողը, ակտիվ է ծառայություն վաճառողը: Ես հատուկ եմ ուզում խոսել բիզնես լեզվով: Դուք պետք է բիզնեսի հետ սերտ աշխատեք, դուք պետք է ձեզ մոտ ունենաք կոմերսանտ մտածող գիտնական, որը կհասկանա ձեր ոլորտի կիրառական էֆեկտը և կփորձի դա վաճառել»,- նշել է վարչապետը:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն էլ նշել է, որ պատրաստ են մշակել պատմամշակութային ներուժի իրացման զբոսաշրջային ծրագրեր և ստանալ համապատասխան պատվեր:
«Ես ուզում եմ պետպատվերը տալ մի պրոդուկտի, որն ունենալու է ապագա և կիրառական էֆեկտ: Մեր հաղթաթղթերից մեկը պատմությունն է: Ձևակերպեք այն պրոդուկտները, որոնք կարելի է հետաքրքիր կերպով գովազդել: Օրինակ, ես գիտեմ որ Շենգավիթը 6 հազար տարեկան է, չեմ կարծում, որ երկրագնդի վրա կան շատ քաղաքներ, որոնք ունեն 6 հազար տարվա պատմություն: Մենք դա ընդհանրապես գովազդ չենք արել: Դա պետք է որպես պրոդուկտ մատուցել»,- ասել է վարչապետը և Պավել Ավետիսյանին առաջարկել հանդիպել Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի հետ ու հարցը քննարկել:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գիտության ոլորտի համար պատրաստ է ապահովել բոլոր անհրաժեշտ հարթակները, որտեղ գիտության ներկայացուցիչների ասելիքը կլինի կիրառելի և ընկալելի: «Մենք ունենք մեկ տարբերակ: Նման բանաձևով քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Բոլոր ինստիտուտները, որոնք նույնիսկ տեսականորեն կարող են ունենալ կիրառական արդյունք, պետք է աշխատեն դրա վրա և այդ հարցում մենք մաքսիմալ պետք է ձեզ աջակցենք: Սա է տարբերակը»,- շեշտել է Կարեն Կարապետյանը: