Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 հունվարի 2018

Կառավարությունը լուծում կտա գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերի խնդրին








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը կուտակված գույքահարկի, հողի հարկի ինչպես նաև այլ ոլորտներում ապառքների խնդրի վերաբերյալ էր: «Տեղական ինքնակառավարման ոլորտում, պետական եկամուտների կոմիտեում ինչպես նաև այլ ոլորտներում կուտակվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պարտավորություններ։ Հաշվի առնելով, որ այդ ապառքների, տույժերի և տուգանքների հավաքագրման խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումների, ամբողջական լուծում չեն ստացել, հարկավոր է մշակել համակարգային մոտեցում, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների խնդիրը և կանխել հետագայում նման ծավալի ձևավորումը»,-նշել է Կարեն Կարապետյանը։ Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է 1-ամյսա ժամկետում տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին և ՀՀ մարզպետներին ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գույքահարկի, հողի հարկի, ապառքների և այլ պարտադիր վճարների մասով գոյացած պարտավորությունների մարման, լուծման մեխանիզմների, ինչպես նաև նման պարտավորությունների չկատարման համար ներկայումս գործող օրեսնդրական կարգավորումների հստակեցման և նման դեպքերի կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ։
«Մենք պետք է մեկ անգամ հիմնավորապես այդ խնդիրը լուծենք, մաքրենք և մաքուր էջից սկսենք: Որևէ խնդիր չկա դա բեռ դարձնել, ունենք տարիներով կուտակված նախկին պարտքեր, մենք առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի այս տույժ ու տուգանքներն էլ անընդհատ չգան և վերջում դառնան անլուծելի խնդիր: Այդ իսկ պատճառով այստեղ պետք է շատ հաշվարկված, տրամաբանական, գուցեև համարձակ առաջարկություն տրվի»,- ասել է Կարեն Կարապետյանը:


Շինարարության ոլորտում 2018 թվականին որոշակի աշխուժություն է ակնկալվում


Վարչապետի հաջորդ հանձնարարականը շինարարության ոլորտում առկա վարչարարության հստակեցման վերաբերյալ էր: «2017 թվականի ընթացքում շինարարության ոլորտում արձանագրվեց զգալի աճ, և առաջիկայում ակնկալվում է այդ տեմպերի ավելացում։ «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրվել էին որոշակի խնդիրներ, ինչի կապակցությամբ 2017 թվականի նոյեմբերի 16-ին տրվել էր համապատասխան հանձնարարական։ Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների և կառուցապատողների հետ հանդիպումների արդյունքում առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության, իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման և հստակեցման անհրաժեշտություն»,-նշել է կառավարության ղեկավարը։
Կարեն Կարապետյանը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին 1-ամսյա ժամկետում մշակել շինարարության ոլորտի ամբողջ գործընթացի հստակեցման և իրավասու մարմինների վարչարարության, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման կարգերի պարզեցման, հայեցողական լիազորությունների հստակեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ և ներկայացնել կառավարության աշխատակազմ։ Կառավարության աշխատակազմի ղեկավարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին էլ հանձնարարվել է 10-օրյա ժամկետում կառուցապատողների, ներդրողների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություն՝ նախապատրաստելով բոլոր շահագրգիռ կառույցներին։
«Մենք շինարարության ոլորտում 2018 թվականին ակնկալում ենք որոշակի աշխուժություն», - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է հնարավորինս տեղեկանալ ոլորտում առկա խոչընդոտների մասին և շատ պարզ, հստակ մեխանիզմ ներդնել:


Կներկայացվեն ճանապարհաշինության և հիմնանորոգման ոլորտում նախաորակավորման ինստիտուտը ներդնելու վերաբերյալ առաջարկություններ


Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականը ճանապարհաշինության և հիմնանորոգման ոլորտում նախաորակավորման ինստիտուտի ներդրման վերաբերյալ էր: «Ներկայումս գործող կարգավորումների արդյունքում ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում գնումների գործընթացն իրականացվում է առանց նախաորակավորման փուլի, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքները գործնականում առաջացնում են որոշակի խնդիրներ։ Նման խնդիրների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով միջազգային փորձում գնումների գործընթացում լայնորեն կիրառվում է նախաորակավորման ինստիտուտը»,-ասել է վարչապետը:
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսների նախարարներին, ինչպես նաև քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ պետական գնումների այլ ոլորտների համապատասխան գործընթացում նախաորակավորման ինստիտուտը ներդնելու վերաբերյալ առաջարկություններ։
«Այս մոտեցմանը հիմնականում դեմ է ֆինանսների նախարարությունը՝ ասելով, որ հնարավոր է էժան լուծումները բաց թողնենք: Բայց մենք առանց նախաորակավորման ունենք փաստեր, երբ տենդերը հաղթում է անհասկանալի կառույց, որը համապատասխան հմտություններ չունի: Մենք պետք է այս երկու մոտեցումների մեջ լավագույն կետը գտնենք: Մյուս կողմից էլ պետք է հասկանանք, թե ում հետ ենք գործ բռնում և ինչ լուծումներ ենք ակնկալում նրա աշխատանքներից »,- ասել է վարչապետը:


Օրենսդրական նախաձեռնություններ


Կկարգավորվեն բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները

Գործադիրը հավանություն է տվել «Բազմազավակ ընտանիքների մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և հարակից այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բազմազավակության և ընդլայնված վերարտադրության խրախուսումը` բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի և երաշխիքների հստակեցմամբ, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացումը, բազմազավակության գրավչության մեծացումը, բազմազավակ ընտանիքի` որպես պետության և հասարակության հենասյունի, դերի բարձրացումն ու ամրապնդումը: Օրենսդրական փաթեթի նպատակն է կարգավորել բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանել բազմազավակ ընտանիք հասկացությունը, բավարարել բազմազավակ ընտանիքների հիմնական պահանջմունքները, նպաստել բազմազավակ ընտանիքների ինքնապահովմանն ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը և բարելավել ժողովրդագրական իրավիճակը:
Ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության խնդիրները և գործառույթները
Գործադիրը հավանություն է տվել «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ՀՀ սահմանադրության 2015 թ. փոփոխություններով պայմանավորված՝ համապարփակ կարգավորել Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ: Օրինագծով ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության խնդիրները և գործառույթները, սահմանվել են խորհրդի կառուցվածքը, կազմավորման և գործունեության կարգը, նախատեսվել են խորհրդի անդամին ներկայացվող պահանջները: Սահմանվել է նաև, որ Հանրային խորհրդին կից գործում են 15 ոլորտային մշտական հանձնաժողովներ, կարգավորվել են խորհրդի անդամի գործունեության դադարեցման և դադարման հիմքերի հետ կապված հարցերը:
Սահմանվել են անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը
Գործադիրը հավանություն է տվել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերացնել առողջապահության ոլորտի իրավական ակտերի և ՀՀ սահմանադրության դրույթների միջև առկա հակասությունները, սահմանել անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը, օրենքով կարգավորել Համընդհանուր լաբորատոր ցանցի վերաբերյալ հարաբերությունները: Նախագծով առաջարկվում է գործող օրենքում կիրառվող «առողջապահական պետական նպատակային ծրագրեր» հասկացությունը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր» բառերով՝ սահմանելով նաև այդ ծրագրերի իրավական բովանդակությունը:
Կսահմանվեն բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմներ
Հավանություն է տրվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի, «Կրթության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրինագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ և միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաև՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմամբ: Օրենսդրական փաթեթի նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան՝ խթանել նորարարությունը, բուհերի միջև մրցակցությունը և պատասխանատվությունը, ապահովել կրթական գործընթացի, այդ թվում՝ որակի ապահովման գործընթացների, անընդհատությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը, ինչպես նաև մատչելի և հանրությանը հասանելի հաշվետվողականությունը: Նախատեսվում է նաև սահմանել բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմները՝ բարձրագույն կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության ապահովման համար: Արդյունքում ամբողջական և հստակ կսահմանվեն բարձրագույն կրթության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները, կրթական, հետազոտական, տեխնոլոգիական և նորարարական գործունեություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները:
Ընդլայնվելու է քաղաքացիական ծառայության շրջանակը
Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ հիմնավորման, նախագծի ընդունմամբ ընդլայնվելու է քաղաքացիական ծառայության շրջանակը, համապատասխան մարմիններն ունենալու են մարդկային ռեսուրսները կառավարելու օրենքով սահմանված հստակ լիազորություններ, բացի այդ, ապակենտրոնացվելու է քաղաքացիական ծառայության համակարգը: Փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու, պաշտոնների հստակ դասակարգում ունենալու հանգամանքով:
Գործադիրը հավանություն է տվել նաև «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թ. ապրիլի 1-ից արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը և հաշվառումը: Բարձրացված խնդրին ամբողջական լուծում տալու համար ներկայացված նախագծով առաջարկվում է ժամանակավոր՝ 2018 թ. ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք, մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թ. դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» համապատասխան որոշման մեջ լրացում կատարելու և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը:
Հավանության է արժանացել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղղված է օրենքը ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելուն: Արդյունքում կապահովվի ինքնավար մարմիններին վերաբերող բարեփոխումների իրականացումը փոփոխված Սահմանադրության համատեքստում: Նախագծով սահմանվում են նաև հանձնաժողովի անդամների կրթությանը և աշխատանքային փորձին վերաբերող լրացուցիչ չափանիշներ:
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին», ««Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:


Լրացումներ՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրում


Հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ճանաչված չորս ոլորտների համար մշակված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրերը մեկ տարվա ընթացքում իրականացնելու նպատակով կառավարությունը լրացումներ է կատարել 2015 թ. սեպտեմբերի 25-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Այդ որոշմամբ հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը, որով առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտները ճանաչվել են թիրախային: Գործող ռազմավարությամբ խնդիր է դրված մշակել միջոցառումների ծրագրեր, որոնք ուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը և նվազեցմանը:


Կպարզեցվի օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման գործընթացը

ՀՀ տարածքում ժամանակավոր մասնագիտական գործունեության թույլտվության տրամադրման ընթացակարգը պարզեցնելու նպատակով կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այն դրական ազդեցություն կունենա օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման գործընթացի վրա և, ընդհանուր առմամբ, կբերի ՀՀ առողջապահական համակարգում բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման: Ըստ հիմնավորման՝ գործող կարգով սահմանվում է օտարերկրացի բուժաշխատողի կրթության և մասնագիտական գործունեության իրավունքի փաստը հավաստող փաստաթղթերի ներկայացման ընդհանուր մոտեցում, այն դեպքում, երբ ԵԱՏՄ երկրներից հրավիրված մասնագետների մասնագիտական թույլտվության տրամադրման ընթացակարգերը կարգավորվում են ԵԱՏՄ վավերացված համաձայնագրերով և ԵԱՏՄ կոլեգիայի որոշումներով: Միաժամանակ Եվրամիության անդամ երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից ժամանող/հրավիրվող բժիշկների պարագայում, որոնք գերակշիռ մեծամասնությամբ մեծ ճանաչում ունեցող հայազգի բժիշկներ են, նախատեսվում է ներդնել ՀՀ տարածքում կարճաժամկետ մասնագիտական գործունեության թույլտվության հեշտացված ընթացակարգ՝ հաշվի առնելով նաև, որ այդ երկրներում, արդեն իսկ խիստ վերահսկվում է բժշկական գործունեության իրականացումը, իսկ բժշկական կրթության որակը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ