Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 մարտի 2018

Վարչապետը հանձնարարական է տվել ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը հանձնարարական է տվել ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
«Կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում ջրային տնեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները։ Քննարկվել են նաև ըստ մարզերի ոռոգման պայմանները և առաջնահերթությունները»,- նշել է Կարեն Կարապետյանը։
Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և ֆինանսների նախարարություն ներկայացնել՝ շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկի ապահովումը։ Վարչապետը հանձնարարել է նաև ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության նախարարներին՝ նախատեսված փաթեթը ստանալուց հետո, 10-օրյա ժամկետում, ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը և դրանք ավարտին հասցնել մինչև ապրիլի 16-ը։ Միաժամանակ կապահովվի օրենքով սահմանված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության կատարումը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։
Գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ու մարզպետները 3-ամսյա ժամկետում կամփոփեն ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, կորոշեն 2019 թվականի առաջնահերթությունները և համապատասխան առաջարկություններ կներկայացնեն կառավարության աշխատակազմ։ Հանձնարարվել է նաև ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն այսուհետ սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում:


Երևանում «Վերածնունդ» երիտասարդական ավան կկառուցվի


Գործադիրը հավանություն է տվել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի ներկայացրած` Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6,57 հա մակերեսով հողամասում իրականացվելիք բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագրին: Համաձայնություն է տրվել նաև այդ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կազմակերպությանն օտարելուն: Արդյունքում կընդլայնվի բնակարանաշինական ծրագրերի շրջանակը, և բոլոր կարիքավոր երիտասարդ մասնագետները մատչելի պայմաններով բնակարան ձեռքբերելու հնարավորություն կունենան: Ծրագրի շրջանակում նշված տարածքում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը։ Այն կունենա շուրջ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։ Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ և առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ. ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021թ․ հուլիսի 1-ին։

 


Կադաստրի պետական կոմիտեի ծառայություններ՝ ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով


Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսված կարգավորումները հնարավորություն կընձեռեն արտասահմանում մշտական բնակություն հաստատած մեր հայրենակիցներին ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով դիմելու և ստանալու ինչպես իրենց գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն, այնպես էլ՝ ավարտական փաստաթղթեր (գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ, տեղեկանքներ և այլն): Այսինքն՝ առանց ՀՀ այցելելու օտարերկրյա պետությունում բնակվող մեր հայրենակիցները կարող են հյուպատոսական հիմնարկների միջոցով տեղում օգտվել կադաստրի պետական կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններից: Վարչապետը հորդորել է ստեղծված հնարավորության մասին պատշաճ իրազեկել մեր հայրենակիցներին:

 

Շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման, բարելավման համար համապատասխան պայմաններ կստեղծվեն


Կառավարությունը հաստատել է Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Այն նախատեսում է բնապահպանական քաղաքականության գործիքների համակարգված փաթեթ, որն առավել համակարգված կդարձնի բնապահպանական և բնօգտագործման ոլորտում առկա և առաջիկա բնագավառային գործողությունների ծրագրերը, կանդրադառնա խնդիրների լուծմանը, ինչպես նաև հաշվի կառնի ՀՀ միջազգային պարտավորությունները` բնապահպանության ոլորտում: Ռազմավարությունում մանրամասն դիտարկվել են շրջակա միջավայրի բաղադրիչներ հանդիսացող հողերը, կենսաբազմազանությունը, ներառյալ` անտառները և բնության հատուկ պահպանվող տարածքները, ջրային ռեսուրսները, մթնոլորտը:

 

Օրենսդրական նախաձեռնություններ


Գործադիրը հավանություն է տվել ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի ընդունումը հնարավորություն կտա միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչներին շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թ. օգոստոսի 20-ը: Հիմնավորման համաձայն՝ 2016-2017 ուսումնական տարիների տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեծ թվով ուսուցիչներ օգտվել են հեռակա ուսուցմամբ բարձրագույն կրթություն ստանալու ընձեռված հնարավորությունից, ուստի ենթադրվում է, որ նշված ժամկետը երկարաձգելու պարագայում` վերջիններիս թիվը կավելանա:
Հավանության է արժանացել ««Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը:
Գործադիրը հավանություն է տվել 2017թ. հուլիսի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

 


Այլ որոշումներ

Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ ԱԺ նախագահին մարտի 23-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Գործադիրը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության «Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության և ընտանիքի պլանավորման/ վերարտադրողական առողջության բարելավում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թ. նախահաշիվը: Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի հետ նախատեսվում է կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագիր` համապատասխան ծրագրային նպատակների իրականացման համար: Ծրագրի գումարը կազմում է 212356.38 ԱՄՆ դոլար: Այն հնարավորություն կտա ապահովել հանրային ծառայությունների մատուցման համակարգում թափանցիկության ու հաշվետվողականության բարելավումը, ներառյալ` ծառայությունների և ապրանքների գնումը և բաշխումը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ