ուրբաթ, 29 մարտի 2019
Կառավարությունը նոր հնարավորություններ է ստեղծում հանրապետությունում տավարաբուծության և պտղաբուծության զարգացման համար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, որ բանակցություն են վարում Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ՝ Իրանում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար: Նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է Իրան ուղարկել նաև մեքենաներ, տեխնիկական միջոցներ և փրկարարներ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է բարեկամ երկրին օգնություն ցուցաբերելու կարևորությունը և հանձնարարել հնարավորինս արագ կազմակերպել բոլոր անհրաժեշտ աշխատանքներն այդ ուղղությամբ:
Այնուհետև գործադիրը հաստատել է ՀՀ-ում 2019-2024 թթ. տավարաբուծության զարգացման ծրագիրը: Այն կնպաստի հանրապետությունում տավարաբուծության զարգացմանը, առկա նախիրների որակական բարեփոխմանը, դրանցում տոհմային և արտադրատնտեսական բարձր արժեք ունեցող կենդանիների գլխաքանակի և կենդանական ծագման արտադրանքի ծավալների ավելացմանը: Ըստ այդմ՝ տոհմային կենդանիների ձեռք բերման նպատակով նախատեսվում է տրամադրել սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկեր (առավելագույնը 12 տոկոս վարկի մինչև 10 տոկոսային կետի սուբսիդավորում)։ Ծրագրի իրականացման արդյունքում՝ պետական աջակցությամբ տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի ձեռք բերել շուրջ 10 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ: Հանրապետությունում տավարաբուծության զարգացումը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ օգտագործել առկա արոտավայրերը և խոտհարքները, ինչը կնպաստի գյուղական ազգաբնակչության եկամուտների ավելացմանը։ Պետական աջակցության ենթակա ընդհանուր գլխաքանակի 90 տոկոսը տոհմային կովերի և երինջների պարագայում այդ տարիներին հանրապետությունում կարտադրվի ընդհանուր առմամբ շուրջ 25 մլրդ դրամ արժեքով կաթ և միս:
Տիգրան Ավինյանը նշել է, որ այս ծրագրերի շրջանակում կառավարությունն իրականացնում է ոլորտի զարգացման համար խոստացված քայլերը: «Կարևոր եմ համարում, որ այս ծրագրերի շրջանակում մենք համակարգային լուծումների ենք գնում և շղթայի մի քանի օղակ ենք հաշվի առնում: Այսինքն և՛ կրթական մասը, և՛ տոհմային կենդանու ձեռքբերումը, և՛ հետագայում նաև էկոգոմի ստեղծման փուլում կառավարությունը և պետությունն օժանդակում են տնտեսվարողներին»,-նշել է փոխվարչապետը:
Կառավարությունը հաստատել է նաև ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը: Դրա նպատակն է խթանել ինտենսիվ այգեգործության զարգացումը, մասնավորապես՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի կամ ներդրված կապիտալի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսությունում տնտեսավարողներին ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար պետական աջակցություն տրամադրելու միջոցով: Ծրագրով նախատեսված է 2019-2023 թթ. տարեկան շուրջ 100 հեկտար այգիների հիմնման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում և այգեհիմնման համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում։ Տնտեսավարողներին վարկերը տրամադրվելու են 8 տարով, տարեկան 2 տոկոսով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին` 0 տոկոս տոկոսադրույքով, կամ շահառուին կտրամադրվի ծախսերի մասնակի փոխհատուցում այգու հիմնման փաստացի կատարված ծախսերի 40 տոկոսի չափով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և կոոպերատիվներին՝ 50 տոկոսի չափով: Այգիների տարածքների շուրջ 100 հեկտարով ավելացման արդյունքում ակնկալվում է այդ այգիների բերքատվության աճ՝ ներկայիս ավանդական այգիների համեմատությամբ առնվազն երկու անգամ։ Նոր հիմնված 100 հեկտար այգիներում կաթիլային ոռոգման համակարգի օգտագործման շնորհիվ ջրի խնայողությունը կկազմի շուրջ 50 տոկոս: Ոռոգման համակարգով բույսերի սնուցման շնորհիվ կնվազի այգիներում մոլախոտերի դեմ պայքարի անհրաժեշտությունը: Ներկայացվող ծրագրով նախատեսվում է բացի ինտենսիվ այգու հիմնման համար տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումից, տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում:
Կազատականացվեն հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման գործընթացները
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որի նպատակներից է վերանայել Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակի գործառույթները:
Ինչպես նաև նախատեսվում է վերանայել ՀԴՄ-ների ներդրման, ձեռքբերման և սպասարկման գործընթացները, ազատականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գները, հանել սպասարկում իրականացնող յուրաքանչյուր աշխատողի կողմից սպասարկվող հսկիչ-դրամարկղային մեքենաների առավելագույն թվի սահմանափակումը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ազատականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման գործընթացները: Ըստ այդմ՝ առաջարկվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման, դրանց իրացման, ինչպես նաև իրացման գների սահմանման գործընթացները ազատականացնել և ուժը կորցրած ճանաչել որոշմամբ այդ դրույթները միայն Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին վերապահելու իրավասությունը:
Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջների վերանայման (մի շարք տեխնիկական պահանջներ վերացնելու), հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման գործընթացի պարզեցման, ինչպես նաև հսկիչ-դրամարկղային մեքենաները հաշվառումից հանելու գործընթացի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այսպիսով՝ առաջարկվում է պարզեցնել հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման գործընթացը, ինչպես նաև կարգավորել հարկ վճարողի գործունեությունը դադարեցնելու, լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում ՀԴՄ-ները հաշվառումից հանելու գործընթացը:
Անդրադառնալով հարցին՝ փոխվարչապետը նշել է, որ այն ցավոտ հարցերից մեկն է եղել, որի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ բողոքներ են ստացվել. «Կարծում եմ՝ պետական մենաշնորհից հրաժարվելը և Հսկիչ-դրամարկղային մեքենային շուկայի ազատականացումը պետք է իր դրական ազդեցությունն ունենա: Ազատականացումը պետք է անել փուլային և սահուն, որովհետև այնտեղ կան նաև որոշակի ռիսկեր, որոնք նույնպես պետք է կատավարել»:
Կլուծարվի «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը
Կառավարության որոշմամբ նախատեսվում է լուծարել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը, որի գործառույթները կիրականացնի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: ՊՈԱԿ-ը իր գործառույթներն իրականացնում է 50 հաստիքային միավոր ունեցող անձնակազմով, որի պահպանման համար պետբյուջեից տարեկան հատկացվում է 218.088.9 հազար ՀՀ դրամ: Արդյունքում՝ կտնտեսվի կազմակերպության վարչակազմի պահպանման համար պետբյուջեից տրամադրվող գումարը՝ 37.572.0 հազար ՀՀ դրամ:
Գործադիրն ընդունել է առանց մրցույթի դրամաշնորհ հատկացնելու և նախկինում ընդունած որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում: ՀՀ կառավարության ծրագրով հաստատված տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթություններից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտն է: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՏՏ ոլորտում իրականացվում է պետբյուջեից ֆինանսավորվող երեք ծրագիր՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների», «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման» և «2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման»: Որոշմամբ առաջարկվում է 2019 թ. ևս ծրագրերի համապատասխան միջոցառումների իրականացումը վերապահել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը»:
Օրենսդրական նախաձեռնություններ
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքների նախագծերով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքները: Միաժամանակ, կիսելով նախագծի հեղինակների մտահոգությունները՝ զինվորական ծառայությունից արձակված և առողջական խնդիրներ ունեցող անձանց երաշխավորված բժշկական օգնությունը և սպասարկումն ապահովելու վերաբերյալ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, ըստ որի՝ զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, իրավունք կունենան անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակում:
Հավանություն է տրվել նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկություններին: Գործադիրը, ընդունելի համարելով օրինագծերով նախատեսվող ընդհանուր կարգավորումները, միաժամանակ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ ներկայացրել է մի շարք նկատառումներ:
Այլ որոշումներ
Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսված միջոցների ծախսման ժամանակ, այդ գործընթացը կարգավորող փաստաթղթերի հաստատման իրավունքը պետական մարմնի կամ հիմնարկի հանրային ծառայող հանդիսացող անձանց վերապահելու հնարավորություն ստեղծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ կսահմանվեն նաև
համաձայնագրերի շրջանակում ՀՀ տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների կամ իրավաբանական անձանց գործունեության դադարեցումից հետո հիմնարկների համապատասխան աշխատողների հետ քաղաքացիաիրավական հարաբերությունների շարունակման պայմանները:
Ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման և հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Վաբա» ՍՊԸ –ի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից օգտվելու թույլտվությունների մասին որոշումներում: Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Վաբա» ընկերությունը նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգի արտադրություն։ Արդյունքում կստեղծվի մոտ 24 աշխատատեղ` 320 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետերի պահանջների կատարումը ապահովելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել համապատասխան որոշման մեջ: Ըստ այդմ՝ սահմանվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի անձնակազմին ներկայացվող պահանջների ցանկը և բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը: