Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 ապրիլի 2019

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում ՀՀ ԶՈՒ ապահովման գործընթացի հրատապությունն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ






Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

ՀՀ ԶՈՒ ապահովման գործընթացի հրատապության և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է կատարել գնումների գործընթացի կազմակերպման կարգում: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 04.05.17թ. որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունները կարող են ձեռք բերվել մեկ անձից, եթե նախատեսված են գնման առարկայի ձեռքբերման պայմանագրով: Սակայն այդ նորմը հաճախ առաջացնում է խնդիրներ, քանի որ, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ծառայողական մարդատար ավտոմեքենաների գնման պայմանագրերով նման դրույթ չի նախատեսվել, ինչով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունը այդ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունները տարիներ շարունակ ձեռք է բերում մրցակցային ընթացակարգերով: Արդյունքում հաղթող են ճանաչվում ոչ այդ ավտոմեքենաներն արտադրած ընկերությունների՝ ՀՀ-ում պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, նկատի ունենալով, որ այդ ծառաությունները մատուցող ընկերություններն ըստ էության մասնագիտացված չեն այս կամ այն ֆիրմայի ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման գործում կամ չունեն մասնագիտացված բարձրակարգ մասնագետներ, հաճախ վերջիններիս կողմից վերանորոգված ավտոմեքենաները կարիք է լինում կրկին վերանորոգելու, ինչը ենթադրում է լրացուցիչ ծախսեր և ժամանակի կորուստ: Այսինքն՝ մրցակցային ձևով այդ ծառայությունների ձեռքբերման արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի շատ կրում է ինչպես ֆինանսական վնասներ, այնպես էլ ժամանակի անհարկի կորուստ: Նշված խնդրի լուծման համար առաջարկվում է սահմանել, որ գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների՝ ներառյալ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերումը կարող է իրականացվել գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից՝ անկախ այդ հանգամանքը գնման առարկայի ձեռքբերման պայմանագրով ի սկզբանե նախատեսված կամ չնախատեսված լինելու պարագայից: Գործող կարգի համաձայն՝ հրատապության հիմքով մեկ անձից կարող է գնում կատարվել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով: Սակայն այդ դրույթը չի տարածվում ռազմական դրություն հայտարարվելու, զինված ուժերում ուժեղացված ծառայության անցնելու, ինչպես պահուստներում ապրանքների բացակայության դեպքում դրանց հրատապ համալրելու նպատակով գնումների կատարման գործընթացի վրա, ինչը նման իրավիճակներում կարող է խափանել ՀՀ ԶՈՒ ապահովման գործընթացը: Ըստ այդմ՝ առաջարկվում է թույլատրել, որ հիշյալ իրավիճակներում նույնպես գնումները կատարվեն հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ձևով:

Ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումները կհամապատասխանեցվեն արդի պահանջներին

Ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառը, այսինքն՝ կարգելվի միայն մինչև հետիոտնային անցում՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքում կանգառ կատարելը, շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելությունը կտրվի խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին: Մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, կսահմանվեն առանձին պահանջներ: Ճանապարհային աշխատանքների կատարման վայրում, ինչպես նաև այլ դեպքերում օգտագործվող ժամանակավոր ճանապարհային նշանների համար կսահմանվեն առանձին պահանջներ, մասնավորապես՝ դրանց վրա սպիտակ հիմնագույնի փոխարեն կկիրառվի դեղին հիմնագույնը: Որոշմամբ նաև խաչմերուկի տարածքը ցույց տալու համար կսահմանվի առանձին գծանշում, կհանվի հաշվառման համարանիշերի թվերը և տառերը թափքի հետնապատին կրկնելու պահանջը և փոխարենը կսահմանվի, որ հաշվառման համարանիշերը կամ դրանց տեղակայման (ամրացման) ձևը չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին: Բացի այդ, կսահմանվեն հեծանվորդների, ինչպես նաև հիբրիդային ավտոմոբիլների երթևեկության կարգավորման նոր կանոններ և ճանապարհային նշաններ:

Համայնքները կընդգրկվեն պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը, ինչպես նաև պետական ծառայություններն առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար: 2019 թ. առաջին եռամսյակի դրությամբ օպերատորների ընդհանուր քանակը 10 է: Որոշմամբ առաջարկվում է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել հանրապետության 40 համայնք: Տվյալ համայնքային գրասենյակներն օժտված են նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով իրենց վրա դրվող պարտականությունները պատշաճ կատարելու համար: Միևնույն ժամանակ, առաջարկվում է համայնքների հետ պամանագիր կնքել, քանի որ ծառայությունների մատուցման իրավահարաբերություններն իրենց բնույթով պայմանագրային են: Արդյունքում՝ պետական ծառայություններն առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ հեռանկարում պետք է յուրաքանչյուր փոստային բաժանմունքում, համայնքում լինի այսպիսի ծառայություն մատուցելու հնարավորություն: «Սրանք գրասենյակներ են, որոնք ընդունում են դիմումները և ծառայությունը մատուցվում է կենտրոնացված»,-նշել է արդարադատության նախարարը:

Տիգրան Ավինյանն ընդգծել է ընդունված որոշման կարևորությունը, որը հնարավորություն է տալիս պետական ծառայությունները մատուցել տեղերում:

Փոխվել է կացարան ընդունվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կացարան ընդունվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը փոխելու նպատակով: Այն հնարավորություն կտա կացարան ընդունվել այն անձանց, ովքեր իրավամբ կարիք ունեն բնակելի տարածքի և ի վիճակի են ինքնուրույն բնակվել, ունեն ինքնասպասարկման ունակություն և սեփական խնդիրներն ինքնուրույն հոգալու հնարավորություն (հոգալ սննդի, կոմունալ ծառայությունների և այլ ծախսեր): Մասնավորապես, առաջարկվում է «Վետերան» օթևանում կացարանով ապահովել՝ աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձանց, «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի, եթե ամուսիններից մեկն ունի հաշմանդամություն: Արդյունքում հստակեցվում է կացարանով ապահովման ենթակա անձանց շրջանակը, միաժամանակ կլուծվի անօթևան նվազագույնը 10 անձի (ընտանիքի) բնակարանային խնդիր: Հիմնավորման համաձայն՝ «Վետերան» կացարանում ավելի քան երկու տարի է, ինչ առկա են ազատ սենյակներ, որոնք չեն բնակեցվում որոշման պահանջներին համապատասխանող կարգավիճակ ունեցող դիմող չլինելու պատճառով:

Հստակեցվել են բժշկական օգնության և սպասարկման տեսակներով ծառայությունների պարտադիր պահանջներն ու պայմանները

Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տեսակներով ծառայությունների պարտադիր պահանջների և պայմանների հստակեցնելու, ժամանակակից բժշկությանը համապատասխանեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ ՝ փոխվել է փաստաթղթի կառուցվածը, այն դարձնելով կիրառման համար ավելի դյուրին, յուրաքանչյուր վիրաբուժական ծառայություն ծավալող բաժանմունքի կառուցվածքը պարզեցվել է: Կրճատվել են նաև մի շարք պարտադիր պահանջ հանդիսացող բժշկական նշանակության պարագաներ և սարքեր, որոնք վաղուց արդեն չեն կիրառվում բժշկագիտության ոլորտում:

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ և ՉԺՀ մաքսային սահմաններով ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ համագործակցության կազմակերպում, ինչը թույլ կտա հեշտացնել տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային ձևակերպումները, ինչպես նաև նվազեցնել ԵԱՏՄ և ՉԺՀ մաքսային տարածք վտանգավոր կամ այնպիսի ապրանքների ներմուծման հետ կապված ռիսկերը, որոնց տեղափոխումն արգելված է կամ սահմանափակվում է մաքսային հսկողության միջոցով: Հաշվի առնելով, որ համաձայնագրով նախատեսված տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է էլեկտրոնային տարբերակով՝ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով՝ ԵԱՏՄ անդամ պետությունները և Չինաստանը կսկսեն տեղեկատվության փոխանակումը համապատասխան տեխնիկական պատրաստվածության ապահովումից հետո՝ միջգերատեսչական մակարդակով կնքվելիք արձանագրություններին համապատասխան: Համաձայնագրով նախատեսված են դրա շրջանակներում փոխանցվելիք տեղեկատվության պաշտպանության երաշխիքներ:

Կառավարությունը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թ. ընդհանուր և ընտրողական կապիտալի ավելացման շրջանակում ՀՀ լրացուցիչ բաժանորդագրության հայտերին: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանին հնարավորություն է ընձեռվել լրացուցիչ բաժանորդագրվել 166 ընդհանուր և 194 ընտրողական բաժնեմասի (20,025,410 ԱՄՆ դոլարին (GCI) և 23,403,190 ԱՄՆ դոլարին (SCI) համարժեք գումարի չափով): Ընդ որում, լրացուցիչ բաժանորդագրության գումարը բաղկացած է «Վճարման ենթակա» (Paid-in) և «Ցպահանջ» (Callable) մասնաբաժիններից: Առաջարկվող բաժնեմասերին բաժանորդագրվելու նպատակով 2021, 2022 և 2023թթ. վճարվման ենթակա գումարը համապատասխանաբար բաշխվելու դեպքում կկազմի 1,803,091.13 ԱՄՆ դոլար:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով առաջարկվում է բնապահպանության նախարարությանը վերապահել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 4-րդ կետով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված գործառույթները։ Ըստ այդմ՝ կապահովվի շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական ու ժամանակակից համակարգերի ներդրմանը։

Հավանության է արժանացել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Օրինագծով առաջարկում է ամրագրել կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը: Կառավարությունն առաջարկում է գործող օրենքի փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ, քանի որ օրինագծով առաջարկվող հարաբերությունները գործող օրենքի կարգավորման առարկան չեն:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ