Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 հոկտեմբերի 2023

Կառավարությունը սահմանել է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Կառավարությունը սահմանել է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները՝ «ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման համար: Այն իրականացվում է ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով ամրագրված 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, ժամկետները, ծավալները և պետական գնումների կազմակերպման համար գործող օրենսդրությունը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու որոշակի առանձնահատկություններ, որոնք թույլ կտան ավելի պարզ և գրավիչ դարձնել մրցութային գործընթացը մասնակից շինարարական ընկերությունների համար՝ միաժամանակ ապահովելով պատվիրատուի համար անհրաժեշտ երաշխիքները: Այսպիսով՝ նախատեսվում է, որ կապալառուն է ապահովում նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման աշխատանքների կատարումը, ինչը թույլ կտա խնայել ժամանակը, որը գործող օրենսդրությամբ կծախսվեր տեղակապման համար հայտարարվող մրցույթի, տեղակապման աշխատանքների համար: Տեղակապումն իրականացնող անձի ընտրությունը համաձայնեցվելու է կապալային աշխատանքների պատվիրատուի հետ: Առանձնահատկություններ են սահմանվում հայտի, պայմանագրի և որակավորաման ապահովման չափի մասով: Մասնավորապես՝ հայտի և պայմանագրի ապահովման չափը հաշվարկվելու է հրավերով տրված օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված գնից՝ ընդ որում սույն պարբերությամբ նախատեսված գները մասնակցի կողմից գնային առաջարկ ներկայացնելու համար համարվում են կողմնորոշիչ, իսկ որակավորման ապահովման չափը կախված է լինելու ընտրված մասնակցի նախորդող 5 տարիների համախառն եկամուտների հանրագումարից: Ընդ որում, որքան շատ կլինի եկամուտը, այնքան քիչ որակավորման ապահովում կվճարի մասնակիցը: Նախատեսվում է նաև պահպանել ենթակապալի ինստիտուտը, սակայն սահմանվում են որոշակի սահմանափակումներ, օրինակ՝ ենթակապալով կարող է իրականացվել շինարարական աշխատանքների ոչ ավելի, քան 30 %-ը: Ընդհանուր առմամբ, որոշմամբ նախատեսվել է մոտեցում՝ մասնակիցների կողմից ներկայացվող հայտերի գնահատման, որակավորման ապահովման գործընթացում գործածվում է մասնակցի համախառն եկամուտի հետ կապելու տրամաբանությունը: Տարանջատվում է նաև մասնակցից պահանջվող փաստաթղթերի կազմը Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտի հանդիսացող մասնակիցների համար:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակում, ներկայացվել են մի շարք առաջարկություններ: Տիգրան Խաչատրյանը կարևորել է ընդունված որոշումը Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցների շինարարությունը մինչև 2026 թվականը ավարտին հասցնելու համատեքստում: «2024-2026 թվականներն այդ տեսանկյունից շատ կարևոր նշանակություն են ունենալու: Մենք պետք է սկսենք և ավարտենք թվով 170 դպրոցի շինարարություն: Բայց սա դեռ ամբողջը չէ, մենք Երևանին վերաբերող մի քանի դպրոցների վերաբերյալ նույնպես պետք է որոշում կայացնենք առաջիկա օրերի ընթացքում, ինչի արդյունքում այդ թիվը կավելանա մոտավորապես 10-12 –ով, դպրոցների նոր շինարարություններ, որոնք արժեքով ամենայն հավանականությամբ գերազանցելու են 400 մլրդ դրամը:

Սա նշանակում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք պետք է մեծ ծավալի աշխատանք կատարենք՝ հայտարարենք մրցույթներ, ընտրենք կապալառու կազմակերպություններին և այդ պայմանագրերը արդյունավետ ձևով կառավարելով՝ երաշխավորենք, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում նախատեսված շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով և որակով իրականացվեն: Հետևաբար՝ Ֆինանսների նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և մյուս գործընկերների հետ մանրամասն քննարկել ենք, թե ինչ խոչընդոտներ կան գնման ընթացակարգերում, որոնք հաճախ դանդաղեցնում են աշխատանքների կատարման ընթացքը և դուրս ենք բերել այն հիմնական ռիսկերը, որոնք կարող են լինել նման պայմանագրերի կատարման դեպքում»,-ասել է փոխվարչապետը:

Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է փոփոխություններին և ներկայացրել դրանցից երեքը. «Նախ, որ կատարողի ռիսկերը շուկայում եղած գնային փոփոխությունների առնչությամբ նվազեցնենք: Նախատեսել ենք, որ եթե հանկարծ շինանյութերի կամ որևէ գործոնի գինը կբարձրանա ավելի շատ, քան 5 տոկոսը, ապա մենք նույն պայմանագրի ուժով լրացուցիչ վճար կկատարենք այդ գերազանցող չափով գների բարձրացման հետ կապված շինարարական կազմակերպությանը վնասները հատուցելու համար: Ի՞նչ է սա նշանակում, որ մասնակից կազմակերպությունները շատ մեծ վստահությամբ օրվա գները հաշվի առնելով տան լավագույն գնային առաջարկները և չվախենան կամ չմտահոգվեն, որ հաջորդ տարիներին, որովհետև միջին հաշվով կարող է դպրոցի շինարարությունը տևել 2 կամ 3 տարի, հաջորդ տարիների շուկայում գնային փոփոխությունների դեպքում վնասներ կկրեն: Այսինքն՝ մենք այս փոփոխությամբ, այս կարգավորմամբ ուզում ենք այնպիսի երաշխիք տալ կատարողներին, որ իրենք գնային փոփոխություններից վնասներ չեն կրելու և տան լավագույն գնային առաջարկը:

Հաջորդը, որ մենք սահմանում ենք, այն է, որ փորձառու շինարարական կազմակերպությունների համար բարձրացնում ենք ավելի մեծ չափով պատվեր վերցնելու և աշխատանք կատարելու հնարավորությունը, որը կապված է բանկային երաշխիքների հետ: Հայտի և պայմանագրի ապահովման չափը կապել ենք կազմակերպության նախորդ 5 տարիների գործունեության ընթացքում կատարված աշխատանքների ծավալի հետ, և որքան շատ աշխատանք է կատարել կազմակերպությունը, այնքան քիչ ապահովում կպահանջենք, ինչը նշանակում է, որ նույն բանկային երաշխիքի պայմաններում այժմ կարող է ավելի մեծ ծավալով պատվեր վերցնել շինարարական կազմակերպությունը: Եթե, ենթադրենք, անցյալում կարող էր 5 մլրդ դրամի աշխատանք կատարել, հիմա հնարավոր է այդ նույն բանկային երաշխիքի պայմաններում, որը իր ֆինանսական վիճակից է կախված, վերցնել 10 մլրդ դրամ շինարարական աշխատանքներ կատարելու պատվեր: Մենք սա, ինչպես նշեցի, կապել ենք արդեն կազմակերպության անցյալ տարիների գործունեության ընթացքում ունեցած փորձառության և կատարած աշխատանքների ծավալի հետ:

Եվ երրորդ հանգամանքը, որ կցանկանայի նշել այս տեսանկյունից, վերաբերում է ենթակապալառու կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքի հուսալիությանը: Այժմ պայմանագիրը չի արգելում, որ կապալառու կազմակերպությունը, աշխատանքները ճիշտ իրականացնելու նպատակով, ներգրավի ենթակապալառու կազմակերպությունների, բայց եթե մենք օրենսդրությամբ ունենք կապալառու կազմակերպություն և սև ցուցակում լինելու դեպքում գնմանը մասնակցելու սահմանափակումներ կամ արգելք կա, ապա ենթակապալառուների դեպքում չունենք: Եվ, երբեմն, այնպես է ստացվում, որ կապալառու կազմակերպությունը կարող է վերցնել պատվերը և հետո աշխատանքի մի մասը փոխհատուցել այնպիսի կազմակերպության, որ պետության գնումների առնչությամբ ունեցել է խնդիրներ և խնդիրներ ստեղծել մեզ համար, որպեսզի այդ ռիսկը կառավարենք: Մենք նաև սահմանել ենք, որ այդ ենթակապալառու կազմակերպությունները նույնպես, այսպես ասած, սև ցուցակում չպետք է լինեն, որ հնարավոր լինի աշխատանքի մի մասը արտապատվիրել երրորդ կազմակերպության:

Ես նորից այս մասին մանրամասն խոսում եմ այն պատճառով, որ արդեն առաջիկա շաբաթների ընթացքում մենք մեծ թվով մրցույթներ ենք բացելու: Հրավիրում ենք բոլոր շինարարական կազմակերպություններին ուշադիր հետևել այդ մրցույթների ընթացքին և, իհարկե, մասնակցել: Սա հնարավորություն է, որպեսզի նախ մենք մեր ծրագիրը ժամանակին սկսենք և ավարտենք: Եվ շինարարական կազմակերպությունները, տեսնելով երաշխավորված գալիք երեք տարիների էապես ավելացված ծավալներով պատվեր, ներգրավեն տեխնիկական նոր միջոցներ, նոր մարդկանց հրավիրեն աշխատանքի և աշխատանքները կատարեն այնպես, ինչպես մենք նախատեսել ենք: Նորից եմ ուզում նշել, որ մեզ համար շատ կարևոր է լինելու աշխատանքների ժամանակին կատարումը և որակով կատարումը»:

Կառավարությունը հաստատել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու կարգը

Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը: Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարյուր հազարավոր՝ ազգությամբ հայ բնակիչներ հայտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և նկատի ունենալով նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը, որոշմամբ առաջարկվում է ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել և փախստական ճանաչել` Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց, ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը, այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թ. սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

Որոշմամբ առաջարկվում է նաև հաստատել ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը: Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի ԼՂ-ից բռնի տեղահանված որոշակի մեծ խումբ անձանց վերցնել ժամանակավոր պաշտպանության տակ՝ նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով, և ովքեր համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի կճանաչվեն փախստական՝ ձեռք բերելով փախստականների համար «Փախստական և ապաստանի մասին» ՀՀ օրենքով սահմանված միևնույն իրավունքներն ու պարտականությունները:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս որոշման նպատակն է ապահովել, երաշխավորել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և միջազգային իրավունքի կիրառությունը նաև համապատասխան դեպքերում: Ըստ փոխվարչապետի՝ այն տալիս է նաև հնարավորություն հետագա քայլերն այնպես կազմակերպել, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցներն օգտվեն այն սոցիալական աջակցության մեխանիզմներից, որոնք առկա են ՀՀ-ում, մասնավորապես՝ կարող են դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն և կենսաթոշակներ ձևակերպել:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ընդգծել է, որ մարդիկ առանց որևէ դիմումի և որևէ մարմին այցելելու են ստանում ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձի կարգավիճակը: «Իրենք դիմումով կամ այդ փաստաթուղթը ստանալու բերումով չէ, որ ձեռք են բերելու այդ կարգավիճակը։ Դա ուղղակի լինելու է կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, որը երբեմն, դիցուք՝ ճամփորդելիս, կարող է անհրաժեշտ լինել: Մարդիկ, այս կարգավիճակն ունենալով, իրավունք ունեն դիմելու և ստանալու ՀՀ քաղաքացիություն՝ դրանից բխող բոլոր հավելյալ իրավունքներով և պարտականություններով, այդ թվում՝ կենսաթոշակ ստանալու, բայց նաև, օրինակ՝ քաղաքացի դառնալով, կենսաթոշակ ստանալով՝ այլևս փախստականին տրամադրվող սոցիալական աջակցությունը տեղին չի լինի»,-նշել է ԱԳ նախարարը։

Հայաստանում նախատեսվում է մեծացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալները. մինչև 2040 թ. այն նախատեսվում է հասցնել առնվազն 2000 ՄՎտ-ի

Կառավարության որոշմամբ նախատեսվում է վերանայել և թարմացնել ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը՝ մինչև 2040 թ.-ը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը: Փոփոխություններն առաջարկվել են՝ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքը և 2022 թ. դեկտեմբերին մշակված Հայաստանի էներգահամակարգի 2024-2050 թթ. նվազագույն ծախսերով զարգացման պլանի արդյունքները՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է մեծացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալները, ինչը հնարավորություն կտա ապահովել նվազագույն ծախսերով էներգիայի արտադրությունը, ամրապնդել Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու մրցունակությունը և նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և կախվածությունը ներմուծվող էներգիայի աղբյուրներից։ Նախատեսվում է նաև վերանայել արևային կայանների կառուցման Ռազմավարությամբ սահմանված հզորության սահմանաչափերը և սահմանել նոր հզորության սահմանաչափ էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցային պայմաններով գործող արևային կայանների համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, փոփոխությունների առաջին հանգամանքն այն է, որ 2022 թ. էներգետիկայում արդեն իսկ ներդրվել և անցում է կատարվել ազատ շուկայավարման կանոններով կարգավորումներին: «Սա էականորեն փոխել է իրավիճակը, մասնավորապես՝ մենք հրաժարվել ենք երաշխավորված գնով էլեկտրաէներգիա գնելու պրակտիկայից այն ծավալներով, ինչ ծավալներով որ նախատեսվում էր Ռազմավարությունում և ծրագրում։ Երկրորդ հիմնական միտումը վերականգնվող էներգետիկայի ուղղությունների, մասնավորապես՝ արևային ֆոտովոլտային կայանքների ձևավորման և շահագործման հանձնվելու տեմպերն են։ Այս տեմպերը հուսադրող են և ավելի մեծ և հնարավորություն են տալիս որոշակի ցուցանիշներ վերանայել՝ բարելավման տրամաբանությամբ»,-նշել է փոխնախարարը։

Ըստ այդմ՝ նոր ցուցանիշ է ամրագրվում. մինչև 2040 թվականը վերականգնվող էներգետիկայի հզորությունը նախատեսվում է առնվազն հասցնել 2000 ՄՎտ-ի։ Արդյունքում՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030 թ.-ին, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի շուրջ 50 տոկոսի, իսկ մինչև 2040 թվականը՝ շուրջ 60 տոկոսի։

«Սրանցից զատ՝ կա մի կարևոր հանգամանք, որը բերում է Ռազմավարության մեջ ամրագրված ցուցանիշների փոփոխությանը. դա կուտակիչ կայանների հետ համակցումն է: Մենք մինչև հիմա արևային կայաններն ունեինք միանգամից ցանցի մուտքով և ուղիղ դեպի սպառում գնալու տրամաբանությամբ, ինչը տեխնոլոգիապես բավականին սահմանափակում էր հնարավորությունները: Հիմա արդեն կապված և՛ գնային փոփոխությունների, և՛ տեխնոլոգիաների ավելի հասանելի և մատչելի դառնալու պարագայի հետ, ինչպես նաև ազատ շուկայական համակարգը ներդնելու պարագայում հոսքերը կառավարելու հնարավորության ընձեռնման հետ՝ այդ կուտակիչների ներդրման առումով նույնպես հնարավորություն է տալիս ավելի դրական սպասումներ ունենալ»,- նշել է Վաչե Տերտերյանը։

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ ներկայումս մշակվում են էներգետիկայի, գազամատակարարման, ջերմամատակարարման մասին նոր օրենքների նախագծեր, որոնք անհրաժեշտ են նաև միջազգային ընդհանուր գործընթացում առկա պայմանավորվածությունների և հանձնառությունների առումով:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նախատեսված ցուցանիշներին հասնելու առումով ընդգծել է տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումների անհրաժեշտությունը և այդ համատեքստում կարևորել համապատասխան օրենսդրական փոփոխությունների ընդունումը: «Կարծում եմ, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ընթացակարգերով այդ փաթեթը քննարկել: Այն առավելությունը, որ ունենք ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման համար, էապես կբարձրանա, եթե այս օրենսդրական փոփոխությունները շուտ կյանքի կոչվեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ունենալու են նպաստող, խթանող նշանակություն»,-ասել է փոխվարչապետը:

Գործադիրն ապահովում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացի շարունակականությունը

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման ժամկետ է սահմանվել մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը: Ծրագրի մեկնարկի՝ 2022 թ. հուլիսի, համեմատ 2023 թ. սեպտեմբեր ամսին գործարքների ծավալներն աննախադեպ ավելացել են, որը պայմանավորված է ինչպես 2023 թ. հուլիսի 1-ից բարձրացած կենսաթոշակների և նպաստների չափերով, այնպես էլ այն հանգամանքով, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով: Ըստ այդմ՝ միջոցառման շահառուների թիվը, ինչպես նաև անկանխիկ գործարքների ծավալները և, հետևաբար հետվճարի գծով ամսական ծախսը 2023 թ. հուլիսի 1-ից ավելացել են նաև ի հաշիվ վերոնշյալ օրենսդրական դրույթների կիրառման։ 2023թ. սեպտեմբերից գործընկեր բանկերի թվին ավելացել է նաև «Յունիբանկը», ըստ այդմ՝ աճել է նաև այդ բանկի միջոցով հետվճար ստացողների թիվը: 2022 թ.-ին միջոցառման շահառուների միջին ամսական թիվը կազմել է 44031, իսկ 2023 թ. օգոստոսին՝ 141031 շահառու (նախորդ ամսվա նկատմամբ աճը կազմել է շուրջ 12 %), իսկ հետվճարի գծով ծախսերը կազմել են 462.1 մլն դրամ (առանց եկամտային հարկի)։ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսական գումարը 2022 թ.-ին կազմել է 2915 դրամ, իսկ 2023 թ. օգոստոսին՝ 3276 դրամ: 2023 թ. հունվար-օգոստոս ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել են շուրջ 3.08 մլրդ դրամ։ ՀՀ 2023 թ. պետբյուջեով առաջին 9 ամիսների ընթացքում վճարվել է շուրջ 3,4 մլրդ դրամ։ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 2023 թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսների հետվճարի համար հատկացվել է 1,460,638.0 հազ դրամ: Պետբյուջեով 2023 թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նշված միջոցառման իրականացման համար ծախսեր նախատեսված չեն։ Ըստ այդմ՝ այդ ամիսների ընթացքում հետվճարը կատարելու, եկամտային հարկը վճարելու համար անհրաժեշտ է հատկացնել լրացուցիչ միջոցներ՝ 1,800,000 հազար դրամ:

Միանվագ դրամական սոցիալական աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում ծագած խնդիրները լուծելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է որպես միջոցառման շահառու դիտակել նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձանց, ովքեր հաշվառված են Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կողմից, Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը ընկած որևէ ժամանակահատվածում ՀՀ-ում հիվանդանոցային ձևով բուժված անձանց, ուսումնամարզական կամ այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂ-ից Հայաստան տեղափոխված և 2023 թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող՝ ԼՂ-ի բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողներին, ինչպես նաև 2022 թ. դեկտեմբերի 12-ից հետո ԼՂ-ից ՀՀ-ում ուսման նպատակով տեղափոխված անձանց: Անչափահաս շահառուի համար դիմում ներկայացնելու հնարավորություն է նախատեսվել նաև հոր և հոգաբարձուի համար: Ընդ որում, եթե անչափահաս շահառուի համար դիմումը ներկայացրել է հայրը կամ խնամակալը կամ հոգաբարձուն և առկա է նաև մոր կողմից ներկայացված և չմերժված դիմում, ապա մերժվում է հոր կամ խնամակալի կամ հոգաբարձուի դիմումը:

ԼՂ-ից Հայաստանի Հանրապետություն տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 1,103.0 մլն դրամ գումար կհատկացվի ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար, որից Արագածոտնի մարզին՝ 108 մլն դրամ, Արմավիրի մարզին՝ 50 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին` 250 մլն դրամ, Լոռու մարզին՝ 220 մլն դրամ, Կոտայքի մարզին` 234 մլն դրամ, Շիրակի մարզին` 30 մլն դրամ, Սյունիքի մարզին` 60 մլն դրամ, Վայոց ձորի մարզին` 50 մլն դրամ և Տավուշի մարզին` 101 մլն դրամ ։

Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 1,5 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 30000 անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու նպատակով՝ 40000 դրամ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:

ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերությունները պետական աջակցության կստանան

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագիրը՝ արդյունաբերության ոլորտում պետական աջակցության գործիքակազմի ներդրման նպատակով: Ըստ հիմնավորման՝ Հայաստանը տնտեսական բարդության ինդեքսում (ECI) զբաղեցնում է 91-րդ դիրքը, որն ավելի ցածր է, քան համադրելի եկամուտներ ունեցող երկրներինը: Տնտեսական բարդության ինդեքսը թույլ է տալիս գնահատել երկրների տնտեսական աճի պոտենցիալը հաջորդող ժամանակաշրջաններում։ Նախորդ տասնամյակի համեմատ Հայաստանի տնտեսությունը դարձել է պակաս բարդ՝ վատթարացնելով վարկանիշում իր դիրքը 43 հորիզոնականով։ Հայաստանի բարդության վատթարացումը պայմանավորված է արտահանման դիվերսիֆիկացիայի բացակայությամբ: Հայաստանի արտահանման կառուցվածքի տնտեսական բարդությունը մնում է ցածր՝ վերջին 10 տարիների ընթացքում նվազման միտումով։ Ներկայումս տնտեսական պետական աջակցության գործիքակազմում բացակայում է արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված թիրախային միջոցառում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ֆինանսական աջակցության մեխանիզմի կիրառում՝ որոշման ընդունումից հետո նախաձեռնված արդյունաբերության ոլորտի ներդրումային ծրագրերի համար, որն անմիջականորեն կապված է լինելու ծրագրի կողմից թիրախավորված ցուցանիշների մասով տնտեսավարողների փաստացի արդյունքներով։ Կարգավորման նպատակն է սահմանել այն չափանիշները, որոնց բավարարելու պարագայում առևտրային ընկերությունները կարող են դիմել Էկոնոմիկայի նախարարությանը և պահանջվող փաստաթղթերն ու սահմանված չափանիշներին համապատասխանության ստուգումն անցնելու պարագայում ստանալ պետական բյուջեից աջակցություն` որոշակիորեն բարձրացնելով ներդրումների եկամտաբերությունը, այդպիսով գրավիչ դարձնելով ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրություն հիմնելուն կամ առկա արտադրությունն ընդլայնելուն ուղղված ծրագրերը։ Ծրագրով առաջարկվում է սահմանել ներդրումների ծավալի նվազագույն շեմ՝ 1 մլրդ դրամ, ընդ որում ներդրումները պետք է իրականացված լինեն սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո։ Բացի այդ ընկերության իրացման ծավալներում դրամական արտահայտությամբ տնտեսապես բարդ ապրանքների իրացումը պետք է կազմի առնվազն 30%, արտահանման մեջ՝ առնվազն 6%, իսկ արտադրվող ապրանքների տնտեսական բարդությունը` բարձր 0․2-ից, ձեռք բերվող և (կամ) ստեղծվող հիմնական միջոցների գտնվելու վայրը և ապրանքների ծագման երկիրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը:

Որոշմամբ աջակցության առավելագույն չափն ամբողջ ընթացքում չի կարող գերազանցել առևտրային ընկերության կողմից կատարված կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (կառուցված, ձեռքբերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված) ակտիվների իրական արժեքի 35%-ը։ Ըստ առաջարկված մեխանիզմի՝ տարեկան աջակցության ծավալն ուղիղ համեմատական է արտադրվող և իրացվող ապրանքների տնտեսական բարդության և արտահանման մասնաբաժնի հետ, բացառությամբ միանվագ աջակցության և մեկնարկի աջակցության տրամադրման տարիների, որոնց պարագայում աջակցության չափը հավասար է կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված ակտիվների իրական արժեքի 10% և 5%-ին համապատասխանաբար։ Առաջարկվում է սահմանել արտաքին աուդիտի մեխանիզմ։ Առաջարկվում է նաև տնտեսապես բարդ ապրանքների ցանկը հաստատելու լիազորությունը վերապահել էկոնոմիկայի նախարարին մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը։ Տնտեսական բարդության ինդեքսն օգտագործելով որպես պետական աջակցության տրամադրման չափանիշ, այն է՝ աջակցությունն առաջնահերթորեն տրամադրելով այն տնտեսվարողներին, որոնք պատրաստվում են արտադրել 0.2 տնտեսական բարդության ցուցիչից ավելի բարձր ինդեքս ունեցող ապրանքներ, Կառավարությունը կարող է նպաստել երկրում առաջատար տեխնոլոգիաների տարածմանը, ինչպես նաև բարձր ավելացված արժեքով ապրանքների թողարկման և արտահանման խթանմանը, ինչն էլ ուղղակիորեն կազդի երկրի ՀՆԱ-ի առաջանցիկ աճին։ Առաջարկվող աջակցության ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվում է՝ օտարերկրյա ներդրումների ներգրավում, ՀՀ տարածքում տնտեսապես բարդ և համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանքի արտադրություն, ՀՀ օտարերկրյա բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավում և այլն:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն «Եվրոֆուրնիտուրա», «ԶԳՍՏ» և «Սան ֆուդ» ընկերությունները:

«Եվրոֆուրնիտուրա» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել երեք տեսակի (ունիվերսալ, հայելու, հեղուկ մեխ) սիլիկոնի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում, ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 364 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 7 նոր աշխատատեղ՝ 120 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 364 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 19.5 մլն դրամ:

«ԶԳՍՏ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության և մոդելավորման համար։ Արտադրությունը կազմակերպվելու է Երևանում՝ իրականացնելով 3.4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 8 նոր աշխատատեղ՝ մինչև 440 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 286 մլն դրամ:

«Սան ֆուդ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կետչուպների, ինչպես նաև խտացրած կաթի, սպրեդի, մայոնեզի և բուսայուղային խառնուրդների արտադրության համար։ Նախատեսում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ մինչև 450 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 920 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 72.7 մլն դրամ:

Օրենսդրական նախաձեռնություններ. առաջարկվում է վերանայել ՀՀ-ում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում

Գործադիրը հավանություն է տվել ««ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերին: «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, շինարարության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերոնշյալ օրենքից և հարակից այլ օրենքներից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ գիտության վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր ճարտարապետի, ՀՀ վաստակավոր շինարարի, ՀՀ վաստակավոր բժշկի, ՀՀ վաստակավոր իրավաբանի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ վաստակավոր նկարչի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մանկավարժի, ՀՀ վաստակավոր լրագրողի, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մարզչի կոչումները: Նախագծի շրջանակում առաջարկվում է վերանայել ՀՀ-ում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ ՀՀ վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը: Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է օրենքով սահմանված բնագավառներում գործող մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ ինքնադրսևորվելու ու գործելու, այդ թվում՝ ստեղծագործելու համար, ապահովել առանձին մասնագիտական հանրույթների ներսում առողջ մրցակցության ու բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձևավորման, առանձին ոլորտներում օբյեկտիվ չափանիշներով աչքի ընկած մասնագետներին խրախուսելու արժանիքահեն, չափելի ցուցանիշների և մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմի ներդրում: Մշակույթի և արվեստի ոլորտում ներկայումս նախատեսված պատվավոր կոչումների չեղարկման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: «Ժողովրդականություն», «վաստակավորություն» հասկացությունները չափելի և որևէ կոնկրետ չափանիշով գնահատելի չեն, ինչպիսի պայմաններում հնարավոր չէ նախատեսել այնպիսի օբյեկտիվ չափանիշներ, որոնք հնարավորություն կտան տվյալ ոլորտի գործիչների գործունեությունը և արժանիքներին տալ այնպիսի չափելի գնահատական, որը հնարավորություն կտա առանձնացնել առավել ժողովրդականներին կամ ամենաժողովրդականներին: Ակնհայտ է, որ «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունը, նրա կերպարի և գործունեության հանրային ընկալումը, ինչը չի կարող ո՛չ ստուգվել կամ չափվել, ո՛չ էլ առավել ևս վավերացվել կամ մերժվել որևէ իրավասու պետական մարմնի կողմից:

Հավանություն է տրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին», օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվող իրավակարգավորումները նպատակ են հետապնդում թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, լուծել իրավակիրառ պրակտիկայում բարձրացված խնդիրները: Նախագծով նախատեսվում է վերանայել առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի շրջանակը.առաջարկվել է առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի ցանկում ներառել նաև լրացուցիչ վճիռը, հայցադիմումի վարույթ ընդունումը մերժելու մասին, լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումները, քանի որ վերջիններս իրենց բնույթով դասվում են եզրափակիչ դատական ակտերի թվին: Կսահմանվեն դատական վարույթի դռնբաց կամ դռնփակ կարգով անցկացման հնարավորությունը. առաջարկվել է սահմանել, որ դատարանը կարող է իրականացնել գործի քննությունը դռնփակ ռեժիմով նաև գործի քննության գրավոր ընթացակարգի դեպքում: Նախատեսվում է վերանայել հատուկ կարծիքի տրամադրման կարգը. առաջարկվել է սահմանել, որ Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հրապարակումից հետո յոթնօրյա ժամկետում: Նախագծով սահմանվել են հաշտության համաձայնության, հայցային վաղեմության կիրառման դեպքերում դատական ծախսերի հատուցման կարգի հետ կապված նոր կարգավորումներ և այլն:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանել նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության: Միաժամանակ, վերացվում է նաև Կադաստրի կոմիտեի կողմից նշված գործարքները Կառավարության որոշմամբ սահմանված օրինակելի ձևով կնքելու իրավասությունը: Նախագծի ընդունումից հետո կառաջարկվի նաև ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի օրինակելի ձևը: Նախագծի ընդունումը կնպաստի անշարժ գույքի նվիրատվության գործարքների մասով քաղաքացիների և պետության իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը՝ հաշվի առնելով, որ նոտարներն ունեն առավել լայն լիազորություններ զսպելու հնարավոր շինծու գործարքների կնքման ռիսկը, ինչպես նաև առանձին դեպքերում կբարձրանա փողերի լվացման դեպքերի կանխման արդյունավետությունը:

Քայլեր են ձեռնարկվում անշարժ գույքի ոլորտում թղթային փաստաթղթաշրջանառության ծավալները նվազեցնելու ուղղությամբ

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում թղթային փաստաթղթաշրջանառության ծավալները նվազեցնելու նպատակով՝ կստեղծվի էլեկտրոնային միջավայր: Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգում (ARPIS) և Կադաստրի կոմիտեի e-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում: Ըստ հիմնավորման՝ Կադաստրի կոմիտե անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գույքի տեղեկատվության տրամադրման համար դիմումների հետ ներկայացվում են փաստաթղթեր։ Փաստաթղթերը տեսաներածվում և պահպանվում են ARPIS տեղեկատվական համակարգում։ Փաստաթղթերը ներկայացվում են տարբեր եղանակներով՝ առցանց, վեբ սերվիսների, սպասարկման գրասենյակների միջոցով և մուտքագրվում են տարբեր եղանակներով և որակով։ Քաղաքացիները ստիպված են լինում տարբեր մարմիններից հավաքագրել փաստաթղթեր և թղթային եղանակով ներկայացնել Կադաստրի կոմիտե։ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով՝ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, ինչպես նաև հողը քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում լինելու կամ չլինելու մասին տեղեկանքը, հողի և շինության նպատակային կամ գործառնական նշանակությունը սահմանելու կամ փոփոխելու վերաբերյալ որոշումները անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնում են դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները՝ էլեկտրոնային եղանակով: Ուստի կարիք է առաջացել մշակելու համապատասխան միջավայր, որը կապահովի նշված փաստաթղթերի մուտքագրումն էլեկտրոնային եղանակով:

Շինարարության թույլտվության ժամկետն ավարտված կամ երկարաձգված շինությունները նույնականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել e-cadastre.am հարթակում ստեղծել ենթաբաժին, որը հնարավորություն կտա ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին շինարարության թույլտվությունները տրամադրելուց հետո՝ դրանց վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն ու տվյալները մուտքագրելու առցանց գրասենյակում։ Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգում (ARPIS) ստեղծվել է նաև հասցեների նոր շտեմարան, որում պետք է մուտքագրվեն հասցեները:

Տրամադրվել է ՀՀ քաղաքացու 324 անձնագիր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2023թ. 3-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 324 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (184 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (140 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

Ձմեռային զորակոչ՝ 2023 թ. հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը ներառյալ

Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ-ում արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը նախատեսվում է իրականացնել 2023 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը ներառյալ: Ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողովներ, հաստատվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ