Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 հունվարի 2006

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հաստատել է Բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը: Որոշումն ընդունվել է թռչնագրիպի իրավիճակի բարդացման սպառնալիքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն հատուկ վտանգավոր վարակի ներթափանցման ու տարածման կանխարգելման նպատակով: Ծրագիրը մշակվել է համաշխարհային բանկի միջազգային փորձագետների առաջարկությամբ, լրամշակվել գերատեսչական աշխատանքային խմբի կողմից՝ հաշվի առնելով միջազգային պահանջները: Որոշվել է ազգային ծրագրի իրականացման ընդհանուր համակարգումը վերապահել ՀՀ կառավարությանը: Հանձնարարվել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ընդունել ի կատարումն Բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը: Գործադիրը թույլատրել է ՀՀ կառավարությանը կից Հանրապետական հակահամաճարակային և հակաէպիզոտիկ հանձնաժողովին միջազգային կանոնակարգին համապատասխան և ելնելով օպերատիվ իրավիճակից՝ փոփոխություններ և լրացումներ կատարել ազգային ծրագրում:

Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի զեկուցումը ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ կառավարության 2005թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման 2005թ. հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկանքը: Զեկուցվել է, որ 2005թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում կատարման ենթակա թվով 309 կետերից 70-ը (կամ 22.6 տոկոսը) համապատասխան ՀՀ օրենքների կամ ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու չընդունման, այլ փաստաթղթերով ծրագրային կետերի պահանջների կարգավորման, լրացուցիչ ուսումնասիրության կատարման և այլ հիմնավորումներով, հանվել է ցանկից: Ցանկում մնացած և կատարման ենթակա 239 հանձնարարականներից 2006թ. հունվարի 12-ի դրությամբ կատարվել է 229-ը (կամ 95.8 տոկոսը), որոնցից 73-ը (կամ 30.5 տոկոսը) ուշացումով:

Մեկ այլ որոշմամբ, «Թափոնների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է թափոնների անձնագրավորման կարգը և թափոնի անձնագրի տիտղոսաթերթի ձևը: Կարգով կանոնակարգվում են իրավաբանական անձնաց և անհատ ձեռնակատերերի կողմից վտանգավոր թափոնների անձնագրի կազմման, համաձայնեցման և հաստատման հետ կապված հարաբերությունները: Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ որոշման պաշտոնական հրապարակումից հետո եռամսյա ժամկետում հաստատել թափոնի անձնագրի օրինակելի ձևը:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ՝ կենսապաշարների օրինական օգտագործման համար բնօգտագործման վճարների դրույքաչափերը և դրանց վճարման օբյեկտները ներկայիս պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես, շինափայտի օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը սահմանելիս, դրանք վերահաշվարկվել են՝ հիմք ընդունելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Հայանտառ» պետական ՓԲԸ-ի տնօրինությանը հանձնված անտառային ֆոնդից փայտանյութի բացթողնման նվազագույն, ինչպես նաև գործող շուկայական գները:

«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հանձնարարել է ՀՀ հանրապետական գործադիր մարմիններին՝ միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր կնքելիս, որոնցում առկա կլինեն հարկային արտոնություններին կամ հարկային վարչարարությանը վերաբերող դրույթներ, պարտադիր ստանալ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եզրակացությունը:

Մեկ այլ որոշմամբ, «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, որոշվել է 2006թ. հունվարի 23-ից կիրառության մեջ դնել ՀՀ-ում արտադրվող ալկոհոլային խմիչքի և ծխախոտի արտադրանքի դրոշմավորման համար «2006» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը:

Կառավարությունը հավանություն է տվել «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշումն ընդունվել է նշված օրենքի սահմանումները 2004թ. ընդունված ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես, հստակեցվել են ճյուղային և տարածքային արհեստակցական կազմակերպությունների ձևավորման կարգը, նրանց իրավասությունները:

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կարգը՝ դրա անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով: Այդ կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 1988թ. «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշման մեջ: Հաստատվել է պետական հաշվառման կարգը:

«Սերմերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ-ում հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը և գրանցամատյանի ձևը:

Նիստում գործադիրը հավանություն է տվել նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին: Մասնավորապես, նկատի ունենալով, որ ֆակուլտետը հանդիսանում է բուհի կառուցվածքային ստորաբաժանում և ֆակուլտետի դեկանը ի պաշտոնե իրականացնում է ֆակուլտետի ղեկավարումն ու աշխատանքների կազմակերպումը, առաջարկվում է սահմանել, որ ֆակուլտետի դեկանի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի) գործունեությունը համարվում է վարչական և գիտամանկավարժական աշխատանք, իսկ ամբիոնի վարիչի գործունեությունը՝ գիտամանկավարժական:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը: Հանձնարարվել է ՀՀ արդարադատության, առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունների, ՀՀ ոստիկանության հետ մեկ անգամ ևս քննարկել նախագիծը՝ այն վերջնական տեսքի բերելու համար:

Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 20-ի «ՀՀ արխիվային հավաքածուի ավանդատվական պահպանության կարգը և ավանդատվական պահպանությունն իրականացնող պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 1896-Ն որոշման մեջ, որոնք ուղղված են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի ենթակայության կազմակերպություններում արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանության և օգտագործման կանոնակարգմանը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Սակավ տարածված բուսատեսակների արտադրագիտական կայան» պետական ՓԲԸ-ն: Մեկ այլ որոշմամբ նշված ընկերության Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 22 հասցեում գտնվող 1175,67 քմ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի շենք-շինությունները և 46.230 քմ հողատարածքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որպես պետական սեփականություն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Որոշման ընդունումը պայմանավորված է ընկերության շենք-շինությունները ներկա վիճակով շահագործման և հետագա վերանորոգման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև պետական պահպանությունն ապահովելու անհնարինությամբ:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը վաղաժամկետ դադարեցված է համարել Լոռու մարզի Դեբեդ գյուղական համայնքի ղեկավար Ֆելիքս Պապինյանի լիազորությունները: Որոշվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Լոռու մարզի Դեբեդ գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին 112 հազար 621 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով:

Այլ որոշումներով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է Կոտայքի մարզի Արզականի, Արտավազի, Արզնիի, Հանքավանի գյուղական, Արարատի մարզի Արարատի, Արտաշատի, Գեղարքունիքի մարզի Մարտունու, Վարդենիսի քաղաքային, Սյունիքի մարզի Մեղրու, Ագարակի, Գորիսի քաղաքային և Նյուվադիի գյուղական, Վայոց Ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերը: Դրանց հիմնական նպատակը տարածական պլանավորման միջոցով բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման և կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է: Գլխավոր հատակագծերը մշակվել են օրենքով սահմանված տարածական պլանավորման փաստաթղթերի համակարգի բաղկացուցիչ մաս կազմող գոտիավորման նախագծերի ներառմամբ՝ «սահմանված գոտի-թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքով: Որոշումներով համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ քաղաքաշինության նախարարին, ՀՀ պետական կառավարման ղեկավարներին:

Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերի ավելի քան մեկ տասնյակ գյուղական, ինչպես նաև Կոտայքի մարզի Նոր Հաճընի քաղաքային համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ