երկուշաբթի, 23 մարտի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ
Գերաշնորհ Սրբազան Հայր,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ։
Մեկ տասնամյակից ավելի վարելով Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդի պաշտոնը, նվիրումով լծվել եք թեմում հոգևոր և եկեղեցական կյանքի կազմակերպմանն ու կարգավորմանը։ Բարձր պահելով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորի մարդկային վեհանձնության, առաքինության, բարեգթության, խաղաղասիրության ու խորիմաստության բարի համբավը, Ձեր ամենօրյա գործունեությամբ ու աշխատանքով իրականացնում եք քրիստոնեական դաստիարակությանն ու քարոզչությանը միտված հանրամատչելի ձեռնարկներ, իրագործում սոցիալական արդյունավոր ծրագրեր։ Ակներև է, որ մեր կենսունակության հիմքը ոգեղենությունն է ու հավատի զգացումը։ Ժողովորդի հոգեկերտվածքը, ազգային մտածողությունը և հավաքական գաղափարախոսությունը մեծապես սնուցվում է հոգևոր ակունքներից և Ձեր հայաշունչ ձեռնարկումները զգալիորեն նպաստում են ազգային ինքնության ու դիմագծի պահպանմանը։
Գնահատելի է Ձեր ներդրումը նաև եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների ամրապնդման գործում։
Սրբազան Հայր,
մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ, լիահույս եմ, որ Ձեր հետագա գործունեության տարիները ևս առլեցուն կլինեն աստվածահաճո և արդյունաշատ գործերով։