Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 27 ապրիլի 2009

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (այսուհետ՝ Կողմեր), համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, կնքում են Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր), որով սահմանվում են սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ և Կողմերի համատեղ գործողությունները դրանց իրականացման համար։ Կողմերը սոցիալական գործընկերության շրջանակներում ապահովում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կայուն զարգացումը, որը պետք է ուղեկցվի զբաղվածության մակարդակի բարձրացմամբ և սոցիալական համերաշխության ամրապնդմամբ։
Կողմերը համաձայնում են, որ սոցիալական գործընկերությունը շահերի հավասարակշռման, սոցիալական համերաշխության ապահովման և խնդիրների լուծման արդյունավետ եղանակների որոշման հիմնական միջոցն է։
Կողմերը համաձայնում են սոցիալական գործընկերության հիմնական նպատակների և առաջնահերթ խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման հիմնական ուղղությունների շուրջ, որոնք ամրագրվում են սույն Պայմանագրում։
Կողմերը համաձայնում են` սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքների իրացման կառուցակարգերը սահմանելիս հաշվի առնել Աշխատանքի միջազգային կազմակերպության Կոնվենցիաներով և Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայով ամրագրված նպատակները։
Կողմերը պայմանավորվում են, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ներկայացվում են Հանրապետական եռակողմ հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կարծիքի` մինչև համապատասխան մարմնի կողմից դրանց ընդունումը։
Կողմերը կօժանդակեն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն զարգացման ռազմավարության և դրա միջոցառումների ծրագրի մշակմանը և իրականացմանը։
Կողմերը, սոցիալական գործընկերության համակողմանի զարգացման նպատակով, կնպաստեն գործատուների ճյուղային և տարածքային միավորումների և կազմակերպություններում արհմիությունների կայացմանը։

I. Աշխատանքի անվտանգություն և առողջության պահպանում

Աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման նպատակով կողմերը պարտավորվում են.
1.1. աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման գործընթացներում արհմիության դերի, ինչպես նաև գործատուների տնտեսական շահագրգռվածության և պատասխանատվության բարձրացման նպատակով, մշակել առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ,
1.2. աջակցել աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները սահմանող նորմերի, նորմատիվների և կանոնների մշակմանը և ապահովել դրանց ներդրումը,
1.3. աջակցել աշխատանքային պայմանների մոնիտորինգի ժամանակակից համակարգերի ներդրմանը և ապահովել դրանց արդյունավետ շահագործումը,
1.4. յուրաքանչյուր տարի քննարկել աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների նորմերի, նորմատիվների և կանոնների կիրառման և վերահսկման ընթացքը և ներկայացնել համապատասխան առաջարկներ,
1.5. աջակցել հիմնարկներին և կազմակերպություններին` ստեղծելու աշխատողների առողջության և անվտանգության պահպանման հարցերով զբաղվող ստորաբաժանումներ և հանձնաժողովներ։

II. Աշխատանք, աշխատավարձ և բնակչության կենսամակարդակ

Արժանապատիվ աշխատանքի ապահովման նպատակով կողմերը պարտավորվում են.
2.1. աջակցել աշխատողների որակավորման բարձրացմանը` աշխատաշուկայի պահանջներին և տնտեսության կայուն զարգացմանը համապատասխան,
2.2. հավասար մրցակցության և աշխատողների շահերի արդյունավետ պաշտպանության նպատակով` աջակցել անօրինական աշխատանքի կրճատմանը,
2.3. աջակցել կոլեկտիվ պայմանագրերի կնքման պրակտիկայի ներդրմանը,
2.4. աջակցել անհատական աշխատանքային վեճերի արտադատարանական լուծման
համակարգի ներդրմանը,
2.5.նպաստել միջազգային սկզբունքներին և չափանիշներին համապատասխան նվազագույն աշխատավարձի սահմանմանը,
2.6.աջակցել իրական աշխատավարձի գնողունակության համապատասխանեցմանը
արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշներին,
2.7.աջակցել աշխատանքի վարձատրության ժամանակակից և արդյունավետ համակարգերի մշակմանը և ապահովել դրանց ներդրումը,
2.8.աջակցել աշխատանքի և աշխատավարձի ոլորտում գենդերային հավասարության ապահովմանը,
2.9.աջակցել գործատուի անվճարունակության դեպքում աշխատանքի վարձատրության իրավունքի պաշտպանության մեխանիզմների մշակմանը և ներդրմանը,
2.10.ներկայացնել առաջարկություններ` ՀՀ տարածքում կենսապահովման նվազագույն բյուջեի կազմը և կառուցվածքը սահմանելու վերաբերյալ։

III. Աշխատաշուկա և զբաղվածություն

Բնակչության զբաղվածության խթանման, աշխատաշուկայի հավասարակշռության ապահովման, աշխատանքային ռեսուրսների զարգացման նպատակով` Կողմերը պարտավորվում են աջակցել.
3.1.աշխատաշուկայի զարգացման վիճակի ու դինամիկայի վերաբերյալ ամբողջական, ճշգրիտ տեղեկատվական համակարգի ներդրման և հետագա զարգացման ապահովմանը,
3.2.ինքնազբաղվածության խթանման համար բավարար պայմանների ապահովմանը,
3.3.որակավորման ազգային շրջանակի մշակմանը և ներդրմանը,
3.4.աշխատաշուկայի և տնտեսության կայուն զարգացման պահանջներին համապատասխանող աշխատուժի առաջարկի ձևավորմանը,
3.5.երիտասարդների, կանանց, գյուղական շրջանների բնակչության և աշխատաշուկայում անմրցունակ անձանց արդյունավետ զբաղվածության խթանմանը,
3.6.մասնագիտական կողմնորոշման արդյունավետ համակարգի ներդրմանը և զարգացմանը,
3.7.մասնագիտական կրթության ոլորտում գործատուների և արհմիությունների ներգրավվածության ընդլայնմանը և աշխատավայրում աշխատանքային պրակտիկայի կազմակերպմանը,
3.8.զբաղվածության տարեկան ծրագրերի մշակմանը և իրականացմանը,
3.9.աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների արդյունավետ և թափանցիկ գործունեության ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը,
3.10.ներքին և արտաքին աշխատանքային միգրացիայի իրականացման և միգրանտ աշխատողների շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմների մշակմանը և ներդրմանը։

 

IV. Սոցիալական ապահովագրություն, սոցիալական պաշտպանություն

Վարձու աշխատողների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու նպատակով Կողմերը ստանձնում են հետևյալ պարտավորությունները.
4.1.հաշվի առնելով կողմերի շահերը` միջոցներ ձեռնարկել պարտադիր և կամավոր կենսաթոշակային ապահովագրության համակարգի ներդրման և զարգացման ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել կորցրած եկամտի փոխհատուցման հնարավորինս բարձր մակարդակ և կիրառելով կամավոր կենսաթոշակային ապահովագրությանը մասնակցելը խթանելու կառուցակարգեր գործատուների և վարձու աշխատողների համար,
4.2.միջոցներ ձեռնարկել արտադրությունում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության արդյունավետ համակարգ ներդնելու ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել արտադրությունում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժած անձանց սոցիալական պաշտպանվածությունը.

V. Հանձնաժողովի ձևավորման կարգը

5.1.Հանրապետական մակարդակում կոլեկտիվ բանակցությունների վարման, պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման, Պայմանագրի կիրարկումն ապահովելու նպատակով գործողությունների ծրագրի մշակման, Պայմանագրի կատարման ընթացքում ծագած խնդիրների քննարկման և Կողմերին համապատասխան առաջարկների ներկայացման նպատակով, Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 20 օրյա ժամկետում Կողմերը ձևավորում են Հանձնաժողով։
5.2.Հանձնաժողովը կազմվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներից։
5.3.Կողմերից յուրաքանչյուրը Հանձնաժողովում պետք է ունենա հավասար թվաքանակով` 5-ական անդամ։
5.4.Հանձնաժողովում ՀՀ կառավարության ներկայացուցիչների նշանակումը և փոփոխությունը կատարում է ՀՀ կառավարությունը, իսկ Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներինը` համապատասխանաբար նշված կազմակերպությունները։
5.5.Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։
5.6.Հանձնաժողովը գործում է Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում։
5.7.Հանձնաժողովը 10 օրյա ժամկետում մշակում և հաստատում է «Հանրապետական եռակողմ հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման և գործողության ժամկետը սահմանելու մասին» կարգը։

VI . Պայմանագրի կիրարկման ապահովումը, կատարման նկատմամբ հսկողությունը և տեղեկատվության տրամադրումը

6.1. Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Կողմերը հաստատում են Հանձնաժողովի ձևավորման պահից հետո ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում Հանձնաժողովի կողմից մշակված և Պայմանագրի կիրարկումն ապահովելու նպատակով Կողմերին ներկայացված գործողությունների ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) կամ անհամաձայնության դեպքում, լրամշակման նպատակով համապատասխան առարկություններով, առաջարկություններով այն վերադարձնում են Հանձնաժողովի քննարկմանը։
6.2. Ծրագիրը Հանձնաժողովին վերադարձնելուց հետո ոչ ուշ, քան քսանօրյա ժամկետում, համապատասխան ուղղումներով, կրկին ներկայացվում է Կողմերի հաստատմանը։ Ծրագիրը վերստին չհաստատելու դեպքում, Կողմերը 5-օրյա ժամկետում փոփոխում են Հանձնաժողովի կազմը` նշանակելով նոր անդամներ։
6.3. Կողմերը պայմանավորվում են` Պայմանագրի կատարման ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթղթերը փոխանցել Հանձնաժողով։
6.4. Պայմանագրի իրականացման ընթացքը լուսաբանելու նպատակով, Հանձնաժողովը զանգվածային լրատվական միջոցներով պարբերաբար հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում սոցիալական գործընկերության զարգացման և սոցիալ-աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվություն։
6.5. Պայմանագրի կատարման հսկողությունը իրականացնում է Հանձնաժողովը։

VII. Պայմանագրի փոփոխման և գործողության ժամկետները

7.1. Պայմանագրի փոփոխությունը նախաձեռնող Կողմը Հանձնաժողով է ներկայացնում փոփոխությունների վերաբերյալ գրավոր առաջարկ։ Համապատասխան առաջարկությունը ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովում սկսվում են բանակցությունները, որոնք պետք է ավարտվեն ոչ ուշ, քան մեկ ամսում։ Պայմանագրի փոփոխությունների համաձայնեցված նախագիծը Հանձնաժողովը` բանակցություններն ավարտելուց հետո, ներկայացնում է Կողմերի հաստատմանը։
7.2. Պայմանագրի տեքստը տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում և տեղադրվում է Կողմերի պաշտոնական կայք-էջերում` այն ստորագրելուց հետո երկու շաբաթվա ընթացքում։
7.3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև 2012 թ. հունիսի 30-ը։
7.4. Պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, երեք օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ։

VIII. Կողմերի հասցեները և ստորագրությունները
 

Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ  Է. ԹՈՒՄԱՍՅԱՆ

Հայաստանի գործատուների /արդյունաբերողների և գործարարների/ հանրապետական միության նախագահ  Ա. ՂԱԶԱՐՅԱՆ
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ