երկուշաբթի, 28 սեպտեմբերի 2009
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն մասնակցել է Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությանը, որը 2003թ.-ից ի վեր «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպում է սեպտեմբերի 28-ին՝ Տեղեկատվության ազատության միջազգային օրը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ներկաներին և խոսել է տեղեկատվության ազատության հիմնախնդիրների մասին։ Ըստ կառավարության ղեկավարի ժամանակակից աշխարհը տեղեկատվության և գիտելիքի վրա հիմնաված աշխարհն է։ Այս առումով հնարավոր չէ զարգացնել գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, եթե չի ապահովվում դրա հիմնական ռեսուրսը, այն է՝ տեղեկատվությունը. «Այս գիտակցությունը ստիպում է մեզ նորովի մոտենալ տեղեկատվության ազատության խնդրին։ Մենք պետք է ստեղծենք դաշտ, որը մշտապես հնարավորություն կունենա բացահայտելու թերությունները, այն է՝ եթե ՀՀ-ում կլինեն մարմիններ, օղակներ, որոնք չեն տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն հասարակությանը, ապա դա պետք է դառնա լուրջ քննարկման առարկա»։
Վարչապետը խոսել է պետական կառույցներում տեղեկատվության ազատության խնդիրներին ավելի լուրջ ուշադրություն դարձնելու կարևորության մասին. «Գերատեսչությունների աշխատանքի արդյունավետությունը գնահատվելու է նաև տեղեկատվության ազատության օբյեկտիվ չափանիշներին համապատասխանության տեսակետից։ Մենք մտադիր ենք ձեր դատին ներկայացնել այդ չափանիշներն ըստ գերատատեսչությունների, և դուք էլ, այդ թվում նաև հասարակական կազմակերպությունները, կլինեք խստապահանջ դատավորներ և կբացահայտեք, արդյո՞ք այդ գնահատականները համապատասխանում են իրականությանը։ Սա չափազանց կարևոր է, որովհետև իր մեջ ներառում է շատ հստակ չափանիշներ։ Առաջինը՝ ինչ տեղեկատվություն նախարարները և նախարարությունները պարտավոր են տրամադրել և երկրորդը՝ ինչ հաճախականությամբ այդ տեղեկատվությունը պետք է տրամադրվի, երրորդ՝ ինչպիսին պետք է լինի նախարարությունների և հանրության կապը, այսինքն՝ ինչ հաճախականությամբ, ինչ ժամկետներում պետք է գերատեսչությունները պատասխանեն հայտերին, հայցերին և ինչպես պետք է առնչվեն ԶԼՄ-ների հետ։ Եվ սա պետք է իրականացվի ինստիտուցիոնալ ձևով»։
Կառավարության ղեկավարն ասել է, որ իր մասնակցությամբ ցանկանում է խրախուսել և խթանել աշխատանքն այս ոլորտում։
Տեղեկատվության ազատության 2009թ. Ոսկե բանալի մրցանակները շնորհել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավարը և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարը։