հինգշաբթի, 4 նոյեմբերի 2010
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստում
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,
Մինչ օրակարգի ձևավորումը մի քանի հանձնարարականներ եմ ուզում այսօր տալ։
Առաջինը. հանրապետության նախագահը երեկ հստակ հանձնարարություններ է ձևակերպել, որոնք վերաբերում են միջսահմանային պետական գործառույթներին։ Մենք միասին պարտավոր ենք շատ արագ հանրապետության նախագահի հանձնարարականներն ի կատար ածել։ Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն մաքսային և հարկային գործառույթներին, այլև բոլոր այն պետական գործառույթներին, որ մենք իրականացնում ենք սահմանում, երբ որ մեր քաղաքացիները և տնտեսություն վարող սուբյեկտները հատում են սահմանը։ Այսօր ես ուզում եմ սկսել բուսասանիտարիայի խնդրից։ Գաղտնիք չէ, որ դժգոհություններն այդտեղ բավական շատ են, և վերջերս մենք գյուղատնտեսության նախարարի հետ քննության ենք առել վարչապետի վերահսկողական ծառայության հաշվետվությունը կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ։ Գյուղատնտեսության նախարարը խնդրանքով դիմել էր վարչապետին, որպեսզի ես թույլ տամ ստուգումներ մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող օբյեկտներում, քանի որ ահազանգեր էին ստացվում քաղաքացիներից, որ թունաքիմիկատների առևտուրն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ։ Այդ թույլտվությունը տրված էր գյուղատնտեսության նախարարությանը, և պարզվեց, որ ստուգման արդյունքում ընդամենը մեկ խախտում է արձանագրվել։ Երբ վարչապետի վերահսկողական ծառայությունը գնաց այդ ստուգման հետքերով, պարզվեց, որ և՛ լիցենզավորման վարչությունը, և՛ բուսասանիտարիայի վարչությունը, մեղմ ասած, պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները, որովհետև բոլոր այդ օբյեկտներում մեր վերահսկողական ծառայությունը հայտնաբերել է խախտումներ, որոնք չեն արձանագրվել, ընդ որում բուսասանիտարիայի տեսչությունը ծառայություններ է մատուցում նաև սահմանում։ Այլևս հանդուրժելի չէ նման աշխատաոճը։ Գյուղատնտեսության նախարարն արդեն իսկ աշխատանքից հեռացրել է լիցենզավորման վարչության պետին, և ես հանձնարարում եմ ձեզ, պարոն նախարար, որ այսօր լուծեք նաև բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը։ Միևնույն ժամանակ հանրապետության նախագահի հանձնարարությունով մենք պետք է պարզեցնենք բուսասանիտարիայի գործառույթները։ Հանձնարարվում է վարչապետի խորհրդականին` պարոն Ղարիբյանին, գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ 10 օրվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ բուսասանիտարիայի գործառույթների պարզեցման ուղղությամբ, անիմաստ գործառույթները սահմանից պետք է դուրս բերվեն։ Պետք է մնան միայն այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են համապատասխան փաստաթղթեր տրամադրելու համար, ինչը նաև օրենքի պահանջն է, մնացած բոլոր գործառույթները պետք է հանել։ Սա առաջին ոլորտն է և կադրային փոփոխությունների հանձնարարականը։
Երկրորդը. երկու տարի է մենք խոսում ենք այն մասին, որ վարկային ռեսուրսները պետք է լինեն հասանելի սահմանամերձ շրջաններում։ Ավելին, մենք ծրագիր ենք հաստատել ձեզ հետ միասին, և միջոցներ ենք հատկացրել, որպեսզի սահմանամերձ շրջաններում տրվող վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորվեն պետության կողմից, այսինքն` մեր գյուղացիները հնարավորություն ունենան ստանալ անտոկոս վարկեր։ Երկու տարի է` այդ գործառույթն իրականացվում է լրջագույն բացթողումներով։ «Հրապարակում» հեռուստատեսային մեր հաղորդումն անդրադարձել է այս խնդրին և բացահայտել է լուրջ դժգոհություններ գյուղացիների կողմից։ Այդ գործառույթներն իրականացնող սուբյեկտներն իրենց գործառույթները պատշաճ ձևով չեն կատարել։ Խոսքը գնում է նաև այն ծրագրերի իրականացման գործակալության մասին, որը գործում է մեր ֆինանսների նախարարության կազմում։ Այդ հաղորդումը կհեռարձակվի նաև հեռուստատեսությամբ։ Հանձնարարվում է, Ձեզ, պարոն Դավթյան, 10 օրվա ընթացքում ներկայացնել կառավարությանը համապատասխան որոշում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու և կադրային լուծումներ տալու համար։ Անթույլատրելի է, որ մենք ունենք հատկացված ֆինանսական միջոցներ, և այդ փողը չի հասնում գյուղացիներին։
Երրորդը. մենք հրապարակել ենք կառավարության գործունեության գնահատականները, և այդ վերլուծական նյութը տեղադրված է կառավարության կայքէջում։ Վերջին շրջանում ահազանգող և վտանգավոր են դարձել այն բողոքները և միտումները, որոնք դրսևորվում են կրթության և առողջապահության ոլորտներում։ Կոռուպցիան այս երկու ոլորտներում խորացել է։ Դրա մասին են վկայում և՛ վերլուծական նյութերը, որոնք դարձել են հանրության համար արդեն հասանելի, և՛ մեր վերլուծությունները, և՛ մեր վերահսկողական ծառայություների աշխատանքները։ Մենք խորհրդակցություն ենք անցկացրել կրթության և գիտության նախարարությունում։ Հանձնարարվում է պարոն Աշոտյանին 10 օրվա ընթացքում ներկայացնել պարզ և հասկանալի գործողությունների ծրագիր, որպեսզի մենք այլևս չհանդուրժենք կոռուպցիոն երևույթները կրթական համակարգում, ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ։ Պետք է թարմացվեն խորհուրդների կազմերը բուհերում և այն անձանց, որ մենք ենք ներկայացնում, հստակ հանձնարարականներ պետք է տրվի, և այդ ուղղությունը պետք է լինի ամենակարևորը` բացահայտել թերությունները և այդ թերությունների դեմ պայքարել։
Հանձնարարական առողջապահության նախարարին` լրջագույն դժգոհություններ են հասնում մեզ առողջապահության ոլորտում կոռուպցիոն երևույթների մասին. 10 օրվա ընթացքում վարչապետին ներկայացնել առաջարկություններ ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ` սկսած աշխատակազմի ղեկավարից ավարտած նախարարի տեղակալներով, որոնք այդ գործառույթներին մասնակցում են կամ բավարար չափով չեն պայքարում այս երևույթների դեմ։ Հանրապետության նախագահի հանձնարարականները պետք է մեզ սթափեցնի, որովհետև այս նեգատիվ երևույթների դեմ մեր պայքարն արդյունավետ չի, արդյունքներ չի տալիս։ Սրանք առաջին քայլերն են այդ ուղղությամբ` կադրային փոփոխություններ. եթե իրավիճակը չշտկվի, մենք պետք է ավելի կտրուկ քայլերի դիմենք։