շաբաթ, 15 հոկտեմբերի 2011
Վարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարի մասնակցությամբ նախ բացվել է Վազաշենի համայնքային կենտրոնը: Տիգրան Սարգսյանը շրջել է կենտրոնով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրի շրջանակում 1988 թվականի երկրաշարժից ավերված կենտրոնում իրականացվել են շենքի ամրացման, արտաքին և ներքին ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջեռուցման ցանցերի կառուցման աշխատանքներ: Կենտրոնն ունի 180 տեղանոց հանդիսությունների դահլիճ, գրադարան: Համյանքային կենտրոնի շենքում է տեղակայված նաև գյուղապետարանը: Նախատեսվում է կենտրոնում ստեղծել մարզամշակութային խմբակներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 111 միլիոն դրամ:
Այնուհետև գործադիրի ղեկավարն այցելել է Բերդ, որտեղ շահագործման է հանձնվել համայնքի նորակառույց ջրագիծը: Այն կառուցվել է «ՀՀ Տավուշի մարզի Բերդ, Թովուզ, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես համայնքների ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնում» ծրագրի շրջանակում: Ծրագրի իարկանացման համար ընդհանուր առմամբ ներդրվել է 220 մլն դրամ: Կատարված աշխատանքների արդյունքում ոռոգման ջրով լիարժեք կապահովվեն Բերդի 62.4, Թովուզի 140, Ներքին Կարմիրաղբյուրի 190, Վերին Կարմիրաղբյուրի 103 և Մովսես համայնքի 54, ընդհանուր առմամբ, 549 հեկտար տարածքների ոռոգելի հողեր:
Տիգրան Սարգսյանն եղել է նաև Բերդի բժշկական կենտրոնում՝ ծանոթացել վերջինիս վերակառուցման նախագծին և ներկա պայմաններին: Համաշախարհային բանկի տրամադրած միջոցներով կենտրոնում առաջիկայում կմեկնարկեն վերակառուցման աշխատանքները, որի արժեքը գնահատվում է 1,5 մլն դոլար: 154 աշխատող ունեցող բժշկական կենտրոնն իրականացնում է թերապևտիկ, վիրաբուժական, գինեկոլոգիական և ինֆեկցիոն ծառայություններ:
Այստեղից գործադիրի ղեկավարն ուղևորվել է Բերդի ավագ դպրոց, որտեղ բացվել է Հանրապետության վաստակավոր ուսուչուհի Մարուսյա Սաղումյանի հուշարձանը: Դպրոցն այսօր անվանակոչվել է հենց վերջինիս անվամբ:
Ի դեպ, վերանորոգվել է դպրոցի մարզադահլիճը, որտեղ իրականացվել են արտաքին և ներքին ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջեռուցման ցանցերի կառուցում: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 123 մլն դրամ, որից 6,2 մլն-ը՝ համայնքային բյուջեից, իսկ մնացած մասը՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից:
Տիգրան Սարգսյանն, ով նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է, այցելել է նաև Բերդի մշակույթի տուն՝ հանդիպել ՀՀԿ ներկայացուցիչներին, որից հետո շուրջ 100 տավուշցիների անձամբ է հանձնել կուսակցական անդամատոմսեր:
Վարչապետը, ողջունելով կուսակցության նոր անդամներին` հավաստիացրել է, որ իր համար մեծ պատիվ է վերջիններիս հանձնել կուսակցական անդամատոմսեր, որովհետև նրանք կատարել են պատասխանատու քաղաքական որոշում` այնպիսի պատասխանատու ժամանակաջրանում, երբ Հանրապետական կուսակցությունն է ստանձնել պարտավորություն` լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները: «Մեր նպատակն է համախմբված կերպով իրականացնել բարեփոխումներ՝ մեր ժողովրդի կենսամակարդակի և ազգային խնդիրների լուծման համար: Մենք ունենք հստակ ծրագրեր, որոնք միտված են դեպի ապագան: Հանրապետական կուսակցությունը փորձելու է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք մեզ համար բացելու են զարգացման նոր հնարավորություններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ ՀՀԿ-ն վճռական է այս հարցում: