հինգշաբթի, 20 սեպտեմբերի 2012
Վարչապետը պարզաբանումներ է պահանջում
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Պարոն Գաբրիելյան, Ձեզ հանձնարարական էր տրված գնումների բնագավառում բացահայտված թերությունների վերաբերյալ ներկայացնել պարզաբանումներ։
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան - Պարոն վարչապետ, որպես գնումների ոլորտը կարգավորող նախարար, կարող եմ ներկայացնել, որ բազմաթիվ խնդիրներն ու բացթողումները մեծամասամբ պայմանավորված են ոչ թե նորմատիվային դաշտով կամ կանոնակարգերով, որտեղ ևս խնդիրներ կան, և մենք ամեն ինչ կանենք դրանք արագ լուծելու համար, այլ այստեղ իրականում խնդիրը վարչարարության շուրջ ձևավորված նորմերի հետ է, որտեղ ներդրվել է այնպիսի համակարգ, որն ունի իր բացասական հետևանքները։ Մենք կարող ենք գրել ցանկացած կանոնակարգ, որոնք այնուհետև կարող են չկատարվել։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Կոնկրետ ի՞նչ եք առաջարկում։
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան - Պարոն վարչապետ, անձանց տեսակետից առաջարկում եմ փոխել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը, որոնք կապ ունեն այդ գործունեության և թերացումների հետ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Կոնկրետ ո՞ր պաշտոնատար անձանց մասին է խոսքը։
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան - Ղեկավարիների՝ ղեկավարի, տեղակալների, ստորաբաժանումների ղեկավարների, որոնք դրա հետ կապ ունեն։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Պարոն Գաբրիելյան, այսօր ներկայացրեք միջնորդությունը և պարոն Սարգսյան, պատրաստեք հրամանները թվարկված պաշտոնատար անձանց այսօր ևեթ աշխատանքից ազատելու վերաբերյալ։
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան - Պարոն վարչապետ, մենք ունենք նաև միջոցառումների ծրագիր, որով նախատեսվում է վերափոխել ֆինանսների նախարարության կողմից պետության համար պարտավորություններ առաջարկող գնումների հաշվառման գործառույթը՝ գնումների մոնիթորինգի իրականացման գործառույթով, որը հնարավորություն կտա վեր հանել հնարավորին շատ դրույթներ և ընթացքում միջամտել, եթե խնդիրներ լինեն, կազմակերպել, որպեսզի գնումների վերաբերյալ հայտարարությունները յուրաքանչյուր պատվիրատու ինքնուրույն հրապարակի գնումների տեղեկատուում, ձեռք բերել պայմանավորվածություն էլեկտրոնային գնումների համակարգը մշակող կազմակերպության հետ և շտկել համակարգում ներկայում առկա խնդիրները, որի շնորհիվ կկարողանանք շրջանակային համաձայնագրերով գնումներ իրականացնել էլեկտրոնային Armex համակարգի միջոցով՝ արդեն հունվարից, ինչպես նաև իրականացնել հանրային կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների մոնիթորինգ՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հետ, քանի որ դա իրենց իրավասությունների ոլորտն է։
Միաժամանակ մենք իրականացնում ենք ուսումնասիրություններ մի շարք ոլորտներում և կան տեղեկատվություններ, որոնց վերաբերյալ կարող ենք խնդրել Ձեր նախնական հանձնարարականը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Կոնկրետ ո՞ր ոլորտների մասին է խոսքը գնում։
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան - Օրինակ՝ առողջապահության ոլորտում դեղորայքի ձեռքբերման հետ կապված նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովն էր ուսումնասիրություն իրականացրել։ Նախորդ տարի մենք ունեինք դեպք, երբ դեղերի մոտ 2.5 միլիարդանոց պատվեր կար և սխալ բնութագրում կար, որի հետևանքով կոկրետ Ինսուլինի պարագայում եթե այդ բնութագիրը թողնեինք, ապա մեկ ձեռնարկություն կամ մեկ արտադրող կարող էր հաղթել մրցույթը։ Մեր ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մրցույթը վերահայտարարվեց, որի հետևանքով ընդհանուր նախատեսված գումարը նվազեց մոտ կես միլիարդ դրամով։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Այսինքն, մենք տնտեսեցինք կես միլիարդ դրամ միայն մեկ մրցույթից։
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան - Այո, այդքան գումար էր նախատեսված, եթե չմիջամտեինք, ապա կլիներ 2.5 միլիարդի ծախս։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բոլոր նախարարներին. հաշվի առեք, այսուհետև ճիշտ գնումների կազմակերպման համար դուք կրելու եք անձնական պատասխանատվություն։ Սխալ մրցույթի հայտ հրապարակել, որի արդյունքում ի սկզբանե հայտնի է, թե ով է հաղթելու, կոնկրետ այս օրինակը նշանակում է, որ կոնկրետ դեպքում կարելի է 500 մլն դրամ տնտեսել։ Պատկերացնում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Այսուհետև նախարարները կրելու են անձնական պատասխանատվություն, որովհետև ամբողջ կանոնակարգն ապակենտրոնացրել է հայտերի ներկայացումը, որոշումների ընդունումը։ Դա ձեր անձնական պատասխանատվությունն է լինելու։
Պարոն Թադևոսյան, հանրային գրադարանի վերաբերյալ ինչպիսի՞ն է իրավիճակը։
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյան - Պարոն վարչապետ, ուսումնասիրություններն արդեն իսկ ավարտվել են, ներկայումս ամփոփում ենք ամբողջ ծավալով։ Ներկայացնեմ նախնական արդյունքները։
Ազգային գրադարանը կառուցվել է 1937 թվականին, 2005 թվականին կազմվել է հիմնանորոգման աշխատանքների նախագիծ-նախահաշիվ։ Հիմնանորոգման աշխատանքներն սկսվել են 2008 թվականին և ավարտվել 2011 թվականի դեկտեմբերին` ծախսելով շուրջ 690 մլն դրամ։ Ընդ որում, նախագծային առաջադրանքով նախատեսվել են շենքի սեյսմազինվածության մակարդակի բարձրացմանն ուղղված կոնստ-րուկտիվ միջոցառումներ, որոնք չեն իրականացվել։ Նախագիծը կազմելիս առաջնահերթություն չի տրվել սեյսմազինվածությանը, հաշվի չի առնվել ներքին և արտաքին ջրերի ներթափանցումը հիմքեր։ Հիմնական աշխատանքները կատարվել են սխալ հերթականությամբ, նախընտրությունը տրվել է ներքին հարդարման աշխատանքներին։ Հիմնանորոգման աշխատանքների կատարման ընթացքում նույնպես խախտվել է խնդրի լուծման առաջնահերթությունը, այն է` չապահովելով ջեռուցում, ինչպես նաև օդափոխություն, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, օդափոխման համար նախատեսված գումարներով կատարվել են այլ աշխատանքներ, ջեռուցման համակարգը մինչ օրս չի շահագործվել։ Հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ աշխատանքների մի մասը կատարվել է անորակ, ինչպես նաև հակահրդեհային համակարգի տեսակի ընտրությունը կատարվել է ոչ ճիշտ` անտեսելով ազգային գրադարանի պրոֆիլային ուղղվածությունը` CO2-ի փոխարեն ջուր։ Վերը շարադրվածի արդյունքում 2008-2011 թվականներին կատարված աշխատանքների զգալի մասը պետք է կրկին իրականացվի, ինչպես նաև պետք է պարտադիր իրականացվեն շենքի ուժեղացման աշխատանքներ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Ուղղակի խայտառակություն է։ Կարևորագույն օբյեկտ, որը գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, պետական բյուջեից 700 մլն դրամ ենք հատկացրել, աշխատանքները մինչև հիմա ավարտված չեն, և պարզվում է, որ պետությունը պետք է լրացուցիչ գումարներ հատկացնի։ Վարչապետի վերահսկողության ծառայության ղեկավարին քաղաքաշինության տեսչության հետ համատեղ` ուսումնասիրություն կատարել և բոլոր նյութերը հանձնել մեր իրավապահ մարմիններին` ոչ միայն այս դեպքով, այլև ընդհանրապես պետական բյուջեից իրականացված բոլոր ծրագրերի վերաբերյալ շինարարության ոլորտում։ Եթե կոնկրետ այս դեպքում այսպիսի կարևորագույն օբյեկտի պարագայում այսպիսի լկտիություն ու այլանդակություններ կան, կարող ենք պատկերացնել, թե մնացած օբյեկտներում ինչ խախտումներ են բացահայտվելու։ Անհապաղ սկսել աշխատանքները և կոնկրետ այս նյութերն անհապաղ հանձնել իրավապահ մարմիններին։